Միակ ձեւաչափը Մինսկի խումբն է

02/10/2011

Սեպտեմբերի 30-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վարշավայում հանդիպում է ունեցել Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ: Քննարկվել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել Ասոցիացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին: Քեթրին Էշթոնը նշել է, որ Եվրամիությունը համակողմանիորեն աջակցելու է Հայաստանում հաջողությամբ իրականացվող բարեփոխումներին: Քննարկվել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաեւ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Քեթրին Էշթոնն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, եւ ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող կարգավորման գործընթացին: Ս. Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր կվերադառնա Երեւան: