– Նախ հետաքրքիր է` լիբանանահայության ի՞նչ շահեր եք ներկայացնում Լիբանանի խորհրդարանում:
– Ըստ Լիբանանի ընտրական օրենքի` յուրաքանչյուր թեկնածու ներկայանում է համայնքային պատկանելությամբ, սակայն ընտրվելուց հետո նա պարտավոր է ներկայացնել համայն Լիբանանի ժողովրդի շահերը: Հստակ է այն, որ Լիբանանի յուրաքանչյուր համայնք պետք է ունենա պատգամավոր խորհրդարանում: Չնայած այն հանգամանքին, որ ներկայացնում ենք Լիբանանի ողջ ժողովրդի շահերը, մեր կիզակետը, բնականաբար, մնում է լիբանանահայերի իրավունքների պաշտպանությունը, ինչը, վստահաբար կարող եմ ասել, որ իրականացվում է պաշտոնական բավական բարձր հիմքերով: Ընդ որում` նկատենք, որ Հայաստանից դուրս Լիբանանն աշխարհի միակ պետությունն է, որ Սուրբ Ծննդյան տոնը` հունվարի 6-ը, հռչակել է որպես պետական տոն: Այդ օրը պետական բոլոր հաստատությունները փակ են լինում: Անշուշտ, դա կատարվել է հայ պատգամավորների ջանքերի շնորհիվ: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցի ճանաչմանը, ապա նշեմ, որ աշխարհի տարբեր խորհրդարանների կարեւոր որոշումներից մեկը Լիբանանի խորհրդարանի 2000թ. մայիսին ընդունած որոշումն է: Ընդհանուր առմամբ, քաղաքական բոլոր կողմերի հետ մեր հարաբերությունները բարիդրացիական են` հակված լինելով Լիբանանի համայնքների միջեւ խաղաղ գոյակցության:
– Այնուամենայնիվ, Սիրիայում տեղի ունեցող դեպքերից հետո բավական լարված վիճակ ստեղծվեց Լիբանանի եւ Թուրքիայի միջեւ: Երկու երկրների հարաբերությունների ակնհայտ խզումը հաստատեց նաեւ մոտ 1 ամիս առաջ ոչ միայն Լիբանանում, այլեւ արաբական աշխարհում Թուրքիայի դեսպանատների ծրագրերի սառեցումը: Ինչո՞վ է պայմանավորված Լիբանան-Թուրքիա հարաբերությունների կտրուկ շրջադարձը:
– Լիբանան-Թուրքիա հարաբերությունները պետք է դիտել Թուրքիայի` դեպի տարածաշրջան նոր քաղաքականության որդեգրման ծիրի մեջ, ինչը հատկապես արտացոլվեց Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ Արտաքին գործերի նախարար Դավութօղլուի իշխանություն գալուց հետո: Այն պահին, երբ Թուրքիան այլեւս հուսախաբ եղավ Եվրամիությանն անդամակցվելու հարցում, ԱՄՆ-ի եւ եվրոպական պետությունների կողմից` թելադրվեց այս անգամ աչքերը հառել դեպի Միջին Արեւելք: Հատկապես արաբական երկրներ, որտեղ մի կողմից` կան տնտեսական հսկա հնարավորություններ, մյուս կողմից` Թուրքիան` որպես իսլամական, ինչպես նաեւ` սուննի պետություն, կարող է հավասարակշռել Իրանի` տարածաշրջանում ունեցած ուժը: Իսկ Իրանը շիա պետություն է, եւ, ինչպես գիտենք, սուննի եւ շիա համայնքների միջեւ կան դարավոր հակասություններ: Ինչեւէ, նման գործելաոճով Թուրքիան պետք է դառնա Արեւմտյան եւ արաբական աշխարհի միջեւ կապող կամուրջ:
– Այսինքն` կարելի է ենթադրել, որ Թուրքիան խաղաքա՞րտ է Արեւմտյան երկրների համար:
– Ոչ թե կարելի է ենթադրել, այլ հստակ է, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը Թուրքիային օգտագործում են իբրեւ խաղաքարտ արաբական աշխարհի վրա ազդեցություն թողնելու համար: Իսկ Թուրքիան, որ այսօր ներկայանում է չափավոր իսլամություն ունեցող պետություն արաբական աշխարհի մեջ (արաբական աշխարհում առավելապես հետեւում են իսլամ կրոնին), արժանացավ բնական ընկալման եւ ընդունելության արաբական աշխարհի մեջ, ինչն առավել քան ամրապնդեցին Թուրքիայի վարչապետ Էրդողանի թատերական ելույթները` հատկապես Դավոսում Իսրայելի վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպը, երբ Էրդողանը ցուցադրաբար լքեց դահլիճը: Միեւնույն ժամանակ Արաբական լիգայի ընդհանուր քարտուղարը մնաց սրահում` բեմի վրա: Դրան հաջորդեց մեկ այլ կատակերգություն, երբ Իսրայելում Թուրքիայի դեսպանի ընդունելության ժամանակ Իսրայելի Արտաքին գործերի նախարարության մի պաշտոնատար անձ Թուրքիայի դեսպանին նստել էր տվել ավելի ցածր աթոռի, հետեւաբար Թուրքիան թուրքական արժանապատվությունը վիրավորելու համար Իսրայելից պահանջեց ներողություն խնդրել, ինչը չարեց Իսրայելը: Երրորդը` Մավի Մարմարա նավի հռչակավոր պատմությունն էր: Այս ամենից հետո Թուրքիան` ի դեմս վարչապետ Էրդողանի, թողեց նոր իսլամ հերոսի, ղեկավարի տպավորություն արաբական աշխարհում: Սակայն կատարվածը Էրդողանի կողմից պարզապես քաղաքական ակտ էր, գործողություն, ինչը ենթադրում է, որ չկան արաբ ղեկավարներ, որ պահանջում են Գազայի ազատագրում կամ Եգիպտոսի եւ Գազայի միջեւ սահմանների բացում, որպեսզի պաղեստինցիներն ունենան ազատ ելումուտ: Որպես սրա հետեւություն` Էրդողանը միայն պահանջեց, որ Իսրայելը ներողություն խնդրի, բայց` ոչ ավելին: Իսկ վերջերս Թուրքիան հայտարարեց, որ կխզի զինվորական հարաբերությունները Իսրայելի հետ` միաժամանակ նշելով, որ Իսրայելը չի պահում առեւտրային բարոյականությունը Թուրքիայի հետ: Այլ խոսքով` Թուրքիան 6 անօդաչու, իսլամական արտադրությամբ օդանավ էր ուղարկել Իսրայել` նորոգելու նպատակով: Իսրայելը չէր հարգել ժամկետները եւ, հետեւաբար, օդանավերը չէր վերադարձրել Թուրքիա: Դա Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների խզման պատճառներից մեկն է: Միեւնույն ժամանակ Թուրքիան հայտարարեց, որ կտեղադրի հակահրթիռային վահանակ իր հողի վրա, ինչը կատարվեց ԱՄՆ-ի` Ռուսաստանի դեմ պահանջով: Երրորդ հիմնական հարցը Թուրքիայի «Զրո խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականության դրսեւորումն էր, ինչը փաստացի չհաջողվեց ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի, Կիպրոսի, Հունաստանի, ինչպեսեւ Սիրիայի դեպքում: Եվ փաստը վկայում է, որ Սիրիայում կատարվող դեպքերի կարեւոր մասի ետեւում կանգնել է Թուրքիան, թեեւ, նախքան այդ դեպքերը, խոսում էին Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական բարեկամության մասին: Թուրքիան, տեսնելով Արեւմուտքի, այսպես ասած` դիրքավորումը Բաշար ալ Ասադի եւ նրա կառավարության դեմ, իր վարանոտ կեցվածքը փոխեց` տեղ տալով սիրիական վարչակարգի ընդդիմադիր գործիչներին, սահմանները բացելով սիրիացի գաղթականների առջեւ: Թուրքիան փորձում է ձեւավորել իբրեւ միջամտող դերակատարի ծանրակշիռ կերպար արաբական աշխարհում, մասնավորապես, Եգիպտոսում, Լիբիայում եւ Սիրիայում, որտեղ հստակ է տնտեսական գերհսկա շահույթներ ունենալու մտայնությունը:
– Վերջերս հրապարակումներ եղան այն մասին, թե Թուրքիան իր մարտանավերը դուրս է բերելու Միջերկրական ծով: Խոսակցություններ կային Իսրայելի դեմ ծովային կարճատեւ պատերազմ սկսելու մասին: Ինչպե՞ս կբացատրեք Թուրքիայի այս քայլը:
– Այո, օրեր առաջ հրապարակվեց, որ Թուրքիան իր մարտանավերն է ուղարկելու Միջերկրական ծով: Առաջին ենթադրությունն այն էր, որ այդ մարտանավերն օգտագործվելու են ի հակակշիռ իսրայելական ուժերին: Սակայն վերջերս, ըստ իրենց հայտարարությունների` իրենք կատարում են քարյուղի եւ բնական գազի արտադրությունների պեղումներ կիպրական ծովեզերքին, ինչը նշանակում է, որ մարտանավերը ոչ թե Իսրայելի դեմ են, այլ քարյուղի հանքերը պաշտպանելու համար: Թուրքիայի երկդեմ այս քաղաքականության, այսպես ասած, դիմակն այլեւս պատռվել է արաբական աշխարհում: Դեռեւս 2 տարի մենք խոսում էինք Թուրքիայի իրական դիմակի մասին, ինչին շատերը չէին հավատում: Նրանք, ովքեր այպանում էին մեզ, թե մտածում ենք Թուրքիայի մասին` որպես հայեր, այսօր ականատես են լինում Թուրքիայի պատեհապաշտ, տնտեսական մեծ շահույթներ փնտրելու կեցվածքին: Վերջին հաշվով Թուրքիա-Լիբանան-Սիրիա-Հորդանան ազատ գոտու ստեղծմամբ միակ շահողը կրկին Թուրքիան էր, որը նույն շահերն ունեցավ նաեւ զբոսաշրջության պարագայում, երբ արաբական աշխարհից հսկա թվով մարդիկ, օգտվելով մուտքի արտոնագրի ազատ լինելու հանգամանքից, գնացին Թուրքիա, մինչդեռ Թուրքիայից դեպի արաբական աշխարհ զբոսաշրջիկներ գրեթե չեկան (իհարկե, ես կողմ չեմ, որ նրանք գան): Սակայն Թուրքիան տակավին չգիտի, որ օսմանցու կերպարը դրականորեն չի ընդունվում արաբական աշխարհում, որտեղ չեն կարող հանդուրժել Էրդողանի այն հայտարարությունը, ըստ որի` ինքը կգա նոր օսմանյան քաղաքականությամբ: Այս մասին լայնորեն խոսվում է նաեւ լրատվամիջոցներում: Միգուցե Թուրքիայի կերպարն ընդունվի կրոնական կապվածության կամ Իրանի հետ քաղաքական հավասարակշռություն պահպանելու պատճառներով, բայց ամենքն էլ լավատեղյակ են, որ այս շրջանում թուրքը տնտեսական, ընկերային, արվեստի ճանապարհով անում է այն, ինչ 400 տարի առաջ չհաջողեց կատարել զենքի ուժով:
– Պարոն Բագրատունի, Ձեր խոսքի մեջ անդրադարձաք Թուրքիայի` Հայաստանի հետ զրո խնդիրներ ունենալու քաղաքականության ձախողմանը, սակայն հատկապես վերջերս բավական ակտիվ են Հայաստան-Թուրքիա երկխոսության ծրագրերը: Տվյալ պարագայում որտե՞ղ է այդ ձախողումը:
– Քաղաքական կյանքի մեջ, ժողովուրդների միջեւ, հատկապես թշնամական մթնոլորտ ունեցող երկրներում հարաբերությունների բնականացում չի կարող լինել ստորագրությամբ կամ էլիտար համաձայնություններով: Թերեւս, դրա լավագույն օրինակը Իսրայելի եւ Եգիպտոսի միջեւ է, երբ պետական մակարդակով ստորագրվեցին համաձայնագրեր: Այնինչ հնարավոր չէ բարելավել իսրայելցիների եւ եգիպտացիների միջեւ հարաբերությունները: Շաբաթներ առաջ Կահիրեում ցուցարարները, հարձակվելով Իսրայելի դեսպանատան վրա, այրեցին դրոշները, իսկ դեսպանին ուղարկեցին տուն: Ճիշտ է, Թուրքիան փորձում է զրո խնդիրներ ունենալ Հայաստանի հետ: Դրա լավագույն օրինակը Ցյուրիխում ստորագրված համաձայնագրերն են, երբ ճնշում գործադրեցին Հայաստանի վրա: Հետաքրքիր էր` համաձայնագրի ստորագրումից 1 ժամ հետո ես հարցազրույցի էի հրավիրվել արաբական «Ալ Ջազիրա» հեռուստատեսություն, որտեղ Թուրքիայի նախագահի խորհրդականը հայտարարեց, որ համաձայնագրի մեջ արծածվում է Հայոց ցեղասպանության, ԼՂ-ի եւ սահմանների բացման հարցերը: Մինչդեռ այս ամենը հերքում էին ՀՀ իշխանությունները: Կարծում եմ` այլեւս ժամանակն է, որ Հայաստանը ետ կանչի իր ստորագրությունը` հարցը հանելով խորհրդարանի օրակարգից:
– Այնուամենայնիվ, Թուրքիայի հետ կոսմետիկ երկխոսությունն ի՞նչ ազդեցություն կունենա ռազմատենչ հայտարարություններով զբաղվող Ադրբեջանի վրա:
– Թուրքիան սահմանների բացմամբ հսկայական գին է պահանջում մեզնից` միաժամանակ պահանջելով նաեւ ԼՂ հարցի լուծումը: Կարծում եմ` այս երկու խնդիրների միջեւ չի կարելի սակարկություն անել: Վստահ եմ, որ Հայաստանի նախագահից մինչեւ ամենապարզ քաղաքական այրը` Ղարաբաղի մեկ հատիկ փոշին չի զիջի սահմանների բացման դիմաց: Կոսմետիկ իմաստով, իհարկե, Արդբեջանը կհայտնի իր դժգոհությունը Թուրքիայից: Եթե Ադրբեջանը վստահ լինի իր ուժերին, այսօր եւեթ կհարձակվի Ղարաբաղի վրա: Սակայն դա չի նշանակում, որ եթե այսօր չունի այդ ուժը, վաղը եւս չի ունենա: Թե՛ հայրենիքում, թե՛ Ղարաբաղում մենք եւս պետք է պատրաստ լինենք պատերազմի վերսկսմանը:
– Այսինքն` ըստ Ձեզ, պատերազմն անխուսափելի՞ է:
– Կհուսամ, որ այդպես չի լինի, սակայն Հայաստանի եւ Ղարաբաղի պաշտպանության համար պետք է անենք հնարավոր ամեն բան: Իսկ ինչ վերաբերում է զիջումների մասին խոսակցություններին, կարող եմ ասել, որ ընդհանրապես քաղաքական կյանքում զիջումի մասին խոսելը նշանակում է` պարտություն: Ենթադրում եմ, որ ինչքան մենք ամուր մնանք մեր հողերում, այդքան Ադրբեջանը պարտավորված կլինի զիջումների գնալ:
– Այդ դեպքում ի՞նչ շահ ունի ԱՄՆ-ը Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան համատեքստում:
– Նախ` բնական է, որ ԱՄՆ-ին ձեռնտու են տարածաշրջաններում տեղի ունեցող բաժանումները: Չմոռանանք, որ տարիներ առաջ խոսվում էր կառուցվող քաոսի, իսկ ավելի ուշ` Նոր Միջին Արեւելքի մասին, ինչը նշանակում է` գոյություն ունեցող միջինարեւելյան պետությունները բաժան-բաժան անել: Փաստացի` Իրաքը բաժանվեց 3 մասի` Քուրդիստան, շիի եւ սուննի Իրաք, Սուդանը բաժանվեց 2 մասի, Եմենը դեռ չգիտենք, թե դեպի ուր է գնում, Լիբիայի պատերազմը դեռ չի ավարտվել, բայց ներքին բաժանումի տանող պատերազմ է: Սիրիայի մեջ տեղի ունեցող դեպքերը եւս ունեն երկիրը մասնատելու քաղաքականություն: Միեւնույն ժամանակ վախ կա, որ Սիրիայում կատարվող որեւէ բաժանում կարող է անդրադառնալ Թուրքիայի վրա` այն մասնատելու համար: Եվ դա է պատճառը, որ Թուրքիան ամեն բան անում է ստեղծված իրավիճակից նվազագույն վնասով դուրս գալու համար: Այս ամենին ավելանում է Իսրայելի գոյության խնդիրը, որը հայտարարեց հրեական: Այսինքն` տարածաշրջանում սոսկ ազգային դիմագծով պետություն, ինչը հարված է այն վարկածին, համաձայն որի` Միջին Արեւելքը խաղաղ գոյակցության շրջան է, որտեղ կան 3 աստվածային կրոններ` հրեա, իսլամ եւ քրիստոնեություն: Հետեւաբար, Իսրայելի այդ մոտեցմամբ երեւան է գալիս նման բաժանում, ըստ որի` Սիրիան կունենա ալաուի, սուննի, դուրզի պետություն, Լիբանանի մեջ կլինեն քրիստոնյա, առանձին քրիստոնյա, իսլամ պետություններ, որոնցից յուրաքանչյուրը կունենա առաձին վարչակազմ: Ոչ վաղ անցյալում Եգիպտոսում ղպտի քրիստոնյաները հայտարարեցին առանձին պետություն ունենալու մասին, ինչը Նոր Միջին Արեւելք ստեղծելու ճանապարհն էր, որպեսզի ԱՄՆ-ը նոր հնարավորություններ ստանձնելու կարգավիճակ ունենա: Կովկասյան տարածաշրջանի պարագայում պետք է խոսել, թե ԱՄՆ-ը ի՞նչ է փորձում անել Ռուսաստանի դեմ, ինչի մասին վկայում է Վրաստանի օրինակը: Ադրբեջանը Ռուսաստանի հետ իր հարաբերությունները պահելով հանդերձ` ունի ամերիկյան կողմնորոշում, որի մեկ կապը նաեւ Իսրայելի հետ է (ադրբեջանական բանակի հիմնական խորհրդատուները եւ մարզողները իսրայելցիներն են): Տվյալ պարագայում ամբողջ տարածաշրջանում մնում է Հայաստանը, որը մի կողմից` պաշարված է Թուրքիայից, Վրաստանի հետ տեւաբար խնդիրներ ունի, եւ միակ շնչառությունը Իրանն է, որը դարձյալ ԱՄՆ-ի քաղաքականության համար կարեւոր շրջան է, եւ որի ոչնչացման համար ԱՄՆ-ը որեւէ բան չի խնայի: Ինչեւէ, ենթադրում եմ, որ աշխարհը չի սահմանափակվում միայն Իսրայելով եւ ԱՄՆ-ով: Այն ամենը, ինչ ԱՄՆ-ը կարողացավ կատարել Իրաքի կամ Լիբիայի դեպքում, մինչ օրս չի կարողանում կատարել Սիրիայում: Այն, ինչ այսօր կատարվում է, համաշխարհային պատերազմի տարբերակներից է: Նույնը կատարվում էր սառը պատերազմի ժամանակ: Իսկ հիմա առանցքը Միջին Արեւելքն է, եւ հուսով եմ` արաբական աշխարհը կունենա բավական գիտակցություն իր ապագայի մասին մտածելու: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք ունենք երկիր պահելու լուրջ խնդիր: Իսկ այլ խնդիրների մասին դեռ չեմ խոսում: Հանուն տնտեսական շահերի` չենք կարող հայրենիք կորցնել, այլ կերպ ասած` Հայաստանն ու հայությունն ամեն ինչից վեր են: