Փողով խլում են ամեն ինչ՝ նույնիսկ երեխային տեսնելու իրավունքը

02/10/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Նախագահ Սերժ Սարգսյան, զարթնեք ի վերջո, տեսե՛ք, թե դատարանում ինչպես են վճիռները գնվում, եւ գոնե մեկ անգամ անձամբ թերթեք դատական արձանագրությունները` համոզվելու համար, որ դատարանները արդարադատություն իրականացնելու փոխարեն առեւտրային գործունեություն են իրականացնում: Դրանով հանդերձ, մարդկանց ճակատագրեր են խեղաթյուրում»,- արդարացիորեն դժգոհում է ՀՀ քաղաքացի Դավիթ Ծաղիկյանը, ով տարիներ շարունակ փորձում է դատական կարգով հաստատել իր իրավունքը, սակայն մշտապես բախվում է կեղծիքի ու անօրինականության հետ: Վերջինս հանրապետության նախագահին հորդորում է սահմանադրական ճանապարհով դատարանների վրա վերահսկողության գործառույթ ունեցող մի մարմին ստեղծել: Քանի որ, ըստ նրա` ՀՀ Արդարադատության խորհուրդը վերածվել է Հայաստանի կոռումպացված դատարանների ստվերային գործունեության պարտակողի` վերահսկելու փոխարեն: Եթե քաղաքացին սահմանադրական ճանապարհով չի կարողանում պաշտպանել իր իրավունքը, ուրեմն` «Պետք է դիմի Արդարադատության խորհրդին կամ նախագահին: Արդարադատության խորհուրդը չի արձագանքում, իսկ նախագահը շարքային քաղաքացու համար անհասանելի է: Ի՞նչ անելգ Դատարաններն արդարադատություն չեն իրականացնում, ստիպված պետք է դիմել գողական, փողոցային կամ այլ օրենքների՞գ Հասկացե՛ք, իմ երեխայի հարցն է: Սերժ Սարգսյան, դուք էլ եք ընտանիքի հայր, էս ի՞նչ են անում: Եթե դուք լինեիք իմ փոխարեն` հիմա ռումբը գցել, բոլորին պայթեցրել էիք»: Դ. Ծաղիկյանը 2005թ. ամուսնացել է Գայանե Եսոյանի հետ: Վերջինս մինչ այդ եղել է ամուսնացած եւ առաջին ամուսնուց դուստր է ունեցել: Սիրել են միմյանց եւ այդ միությունից ծնվել է նրանց որդին` Լեւ Եսոյանը: Որոշ ժամանակ անց ամուսինների միջեւ որոշակի կոնֆլիկտներ են ծագել` կապված Գ. Եսոյանի առաջին ամուսնուց ունեցած դստեր հետ: «Խանդի տեսարաններ էր սարքում, որ իր աղջկան այնպես չեմ վերաբերվում, ինչպես որդուս: Իրեն բացատրում էի, որ ես լավ եմ վերաբերվում իր երեխային, սիրում, խնամում եմ, բայց հարազատ երեխայի հանդեպ այդ վերաբերմունքը նորմալ է, ինքն էլ պիտի հասկանար դա»,- պատմում է Դ. Ծաղիկյանը, ում ընտանիքում վիճաբանություններն ավելի են խորացել, երբ անձնական այդ հարաբերություններին միջամտել են Գայանեի ծնողները:

Ըստ նրա` նախկին կնոջ հայրը Ոստիկանության նախկին գնդապետ է, ով ներկայումս մեծ հնարավորություններ, կարողություններ ունի, եւ չկա որեւէ հարց, որ գումարի միջոցով չկարողանա լուծել: Ավելին` նախագահի մերձավոր շրջապատում գտնվող պաշտոնյաներից մեկի հովանավորյալն է: «Ղազախստանում բիզնես ունի. Եկավ Հայաստան ու կնոջ հետ սկսեցին դավեր նյութել իմ դեմ: Աղջկան ստիպեցին, որ բաժանվի, ու ինձ էլ արգելեցին երեխայիս հետ շփվել: Էս երկրի փողատերերն իրենց փողերով ամեն ինչ կարող են, ընդհուպ` մինչեւ անգամ մարդուն զրկել ամենաթանկ բանից` երեխայից: Հասկանո՞ւմ եք, էլ չեմ կարող էսպես ապրել, նրանք ինձ ահավոր ցավեցնում են, որովհետեւ խոսքն իմ որդու մասին է: Էս վերջին մի քանի տարվա ընթացքում որդուս միայն հեռվից եմ տեսնում, իսկ, երբ ուզում եմ մոտենալ, գրկել` անմիջապես քաղմասում եմ հայտնվում»,- ասում է Դ. Ծաղիկյանը, որի դեմ Ոստիկանությունում բազմաթիվ բողոքներ կան, քանի որ կնոջ նախկին գնդապետ հայրը` Լեւ Եսոյանը, խոստացել է «գլխին գործ սարքելով»` մեկուսացնել եւ Դ. Ծաղիկյանին որդուց հեռու պահել: Գ. Եսոյանի ընտանիքը երեխային հորից զրկելու յուրաքանչյուր գործողություն (նույնիսկ մանկապարտեզում տեսակցելու արգելքը) պատճառաբանում է նաեւ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի միջնորդությամբ եւ հովանավորությամբ: Սակայն վերջերս բազմաթիվ դիմումներ գրելուց հետո ոստիկանապետն անձամբ ընդունել է Դ. Ծաղիկյանին: «Նա ուղղակի ապշած էր, որովհետեւ բանից անտեղյակ էր: Շատ բարկացած էր, որ իր անունը շահարկում են, եւ խոստացավ պատժել իր անվան ու պաշտոնի հետ խաղացողներին»,- վստահեցնում է Դ. Ծաղիկյանը, ով ժամանակ առ ժամանակ հայտնվում է Ոստիկանության բաժանմունքներում` երեխային մոտենալու քայլ կատարելիս` կնոջ կամ նրա ծնողների գրած բողոքների կամ նրանց թիկնապահների հետ վեճի բռնվելու պատճառով: Նա հավաստիացնում է, որ նախկին կնոջ հայրը` լինելով այդ համակարգի աշխատակից` ներկայումս իրավապահ մարմիններին կաշառելով դրդում է կեղծ քրեական գործեր հարուցել: Ինչեւէ, 2008թ. Դ. Ծաղիկյանը դիմել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով ճանաչել իր հայրությունը երեխայի` Լեւ Եսոյանի նկատմամբ (զագսավորված չլինելու պատճառով երեխան մոր ազգանունն է կրում) եւ շաբաթը երկու անգամ որդու հետ տեսակցություն սահմանելու պահանջ է ներկայացրել: Գ. Եսոյանն առարկելով հայցի դեմ` դատարան է ներկայացրել մի ուշագրավ փաստաթուղթ, որի համար, ի դեպ, որեւէ օրինական երկրում մարդուն քրեական պատասխանատվության կենթարկեին: Բանն այն է, որ դատարանի համար փաստական նշանակություն է ունեցել Գ. Եսոյանի կողմից ներկայացված այն հայտարարությունը, որտեղ Նոր Նորքի 2-րդ զանգվածի, Դավիթ Մալյան նրբանցք, 4-րդ շենքի (այս հասցեում են բնակվել նախկին ամուսինները) բնակիչներն իրենց անձնագրերի տվյալներով եւ ստորագրություններով նման վկայություն են տվել. «Ճանաչում ենք Գ. Եսոյանին, ունի երկու երեխա: Ճանաչում ենք նաեւ նրա առաջին ամուսնուն` Տիգրան Ղամբարյանին: Տեղեկացնում ենք այն մասին, որ մենք չենք ճանաչում Դավիթ Ծաղիկյանին, որ նա չի բնակվել եւ չի բնակվում վերը նշված տանը»:

Այս գրության տակ ստորագրել է հինգ անձ, որտեղ զետեղված են նրանց անձնագրի տվյալները, ստորագրությունները, իսկ գրությունը կնքել է տվյալ հասցեի համատիրությունը: Հետագայում, սակայն, Դ. Ծաղիկյանին վերոնշյալ անձինք վստահեցրել են, որ իրենք տեղյակ չեն այդ գրությունից, գաղափար չունեն, թե Գ. Եսոյանն իրենց անունից ինչ է ներկայացրել դատարան, եւ պատրաստակամություն են հայտնել դատարանում վկայել Դ. Ծաղիկյանի մասին բոլորովին այլ փաստեր: Շենքի բնակիչների այս հավաստիացումները Դ. Ծաղիկյանը ձայնագրել է, իսկ խտասկավառակները ներկայումս գտնվում են ՀՀ դատախազությունում, Արդարադատության խորհրդում, ինչպես նաեւ ՀՀ նախագահական նստավայրում` բազմաթիվ դիմում-բողոքների հետ միասին:

Դ. Ծաղիկյանը նաեւ դիմել է ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության Նոր Նորքի անձնագրային բաժանմունք, որտեղից ստացված գրավոր պատասխանի համաձայն` Գ. Եսոյանի ներկայացրած գրության մեջ ստորագրած անձանց տվյալները կեղծ են, իսկ նրանցից ոմանք ընդհանրապես գոյություն չունեն, հաշվառված չեն նշյալ հասցեում: Գրության տակ ստորագրած անձանց դատարան հրավիրելու եւ վկայություն տալու Դ. Ծաղիկյանի միջնորդությունները, որպես կանոն, դատարանը մերժել է եւ այդ կեղծ հայտարարությունն ընդունել է ի գիտություն: Գ. Եսոյանն ի դեմս հոր` դատարանում հանդես է եկել հայտարարությամբ` համաձայն որի` Լ. Եսոյանը Դավիթ Ծաղիկյանի որդին չէ, հետեւաբար վերջինս երեխայի նկատմամբ հայրական որեւէ իրավունք չունի: Դ. Ծաղիկյանը որդու հայրությունը որոշելու համար դատագենետիկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել, ինչը բավարարվել է, իսկ կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի դատագենետիկական լաբորատորիայի փորձագետներին (ԴԲԳԳԿ): «Այն, ինչ կատարվում է այդ կենտրոնում` բոլորիս է հայտնի: Ցանկացած եզրակացություն կարող ես ստանալ, եթե դու փող ունես, եւ հասարակական անվստահությունն այդ կենտրոնի հանդեպ ունի իր խորը պատճառները»,- ասում է Դ. Ծաղիկյանը, ով մեզ ներկայացրել է ինչպես դատական արձանագրությունների, այնպես էլ դատաբժշկական գիտագործական կենտրոնի փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ, որի ուսումնասիրությամբ, կարծում ենք, պետք է զբաղվեն համապատասխան մարմինները, քանի որ դրանցում առկա են հակասություններ, կեղծիքներ եւ խիստ սուբյեկտիվ որոշումներ: Այսպիսով, փաստաթղթերում նշված է հետեւյալը` «Դատագենետիկական փորձաքննություն նշանակել` հետազոտման ենթարկելով Դ. Ծաղիկյանի եւ Լեւ Եսոյանի մազը, թուքը, քրտինքը, պարզելու համար, Լեւ Եսոյանը սերվե՞լ է արդյոք Դ. Ծաղիկյանից»: Համաձայն ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ-ի փորձագետի թիվ 97 եզրակացության` դատական գենետիկայի լաբորատորիայի մասնագետ Մ. Բաղդասարյանի` Դ. Ծաղիկյանի հայրությունը Լ. Եսոյանի նկատմամբ բացառվել է: Թեեւ դատարանը արյան մասին հիշատակում չի արել, այդուհանդերձ եզրակացության մեջ արյան հետազոտության արդյունքների մասին էլ եզրակացություն կա: Այսինքն` կենտրոնը ինքնաբուխ որոշում է կայացրել: «Այդ կենտրոն էին կանչել ինձ, երեխայիս, նրա մորը, որպեսզի հետազոտության համար պահանջված այդ մազը, քրտինքը, թուքը վերցնեին: Երեխային որ տեսա` չկարողացա ինձ զսպել, մոտեցա, որ գրկեմ: Թիկնապահները հարձակվեցին վրաս, ու սկսվեց վիճաբանություն: Նրա թիկնապահները բառիս բուն իմաստով ինձ այդ կենտրոնից դուրս շպրտեցին` մի քանի օր անց էլ եզրակացության մեջ ամրագրելով, որ արյան գենետիկան չի համապատասխանում, եւ ես երեխայի հայրը չեմ: Դուք հասկանո՞ւմ եք, որ կենտրոնում ինձնից արյուն չեն վերցրել, չունեն արյան իմ նմուշը, բայց այ էսպիսի հանցագործություն պարունակող թուղթ են տվել ու որոշել են իմ ու երեխայիս ճակատագիրը: Եթե արյուն է վերցվել, ապա ո՞ւր են ընթերակաները, ո՞ւր է իմ արյան նմուշը, որը պարտավոր են տարիներով պահել իրենց մոտ: Ախր ո՞նց կարելի է էսքան սուտ, կեղծիք: Ինձ կենտրոնից դուրս են հանել առանց մի գրամ արյուն վերցնելու ու հետո էլ ամրագրել են մեր արյան գենետիկական անհամապատասխանելիությունը»,- վրդովված ասում է Դ. Ծաղիկյանը, ով մինչեւ անգամ ՀՀ Վճռաբեկ դատարան դիմելով` խնդրել է ԴԲԳԳԿ փորձաքննության եզրակացությունը ճանաչել անարժանահավատ` հանգամանորեն ներկայացնելով այդ եզրակացության անօրինական լինելու մասին փաստերը:

Ամենազավեշտալին այն է, որ թեեւ Վճռաբեկ դատարանը վճիռը բեկանել է, այդուհանդերձ` Ավան, Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կրկնակի փորձաքննության կատարումը վերապահել է նույն կենտրոնին. «Այսինքն` նորից էնտեղ մի սուտ գրեն ու տան ձեռքս: Ես ինչպե՞ս կարող եմ վստահել մի կենտրոնի, եթե նրանք առանց արյուն վերցնելու` եզրակացություն են տալիս: Միջնորդություն եմ ներկայացնում, որ թույլ տան արտասահմանյան որեւէ երկրում փորձաքննություն կատարել: Ես պատրաստ եմ մեծ ծախսեր կատարել, միայն թե արդար, օրինական փաստաթուղթ ստանամ: Մերժում են»: Դ. Ծաղիկյանը ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան պայքարում է որդուն տեսնելու իրավունքի համար: Հասկանալով, որ օրինական ճանապարհով սեփական որդուն տեսնելու հնարավորությունից զրկված է` նա հայտարարում է, որ կա՛մ անժամկետ հացադուլ է հայտարարելու ՀՀ նախագահի նստավայրի առջեւ, կա՛մ էլ դիմելու է հանցագործության:

Հ.Գ. Դ. Ծաղիկյանը վստահեցնում է, որ նախկին կինը հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին (օրինակ` «Հետքին» մերժել է): Այդուհանդերձ, երեկ մենք փորձեցինք կապվել նրա հետ, սակայն նրա բնակարանի հեռախոսահամարին պատասխանող չկար: Պատրաստ ենք ներկայացնել նաեւ նրա փաստարկները, եթե այդպիսիք կգտնվեն: