Հոկտեմբերը թող գա, կտեսնենք, թե ինչ տեղի կունենա

29/09/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– ՌԴ նախագահական ընտրություններին Վլադիմիր Պուտինի առաջադրվելու հանգամանքը կարծես թե ավելի է մեծացրել հավանականությունը, թե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ նրա օրինակով ակտիվ քաղաքականություն կմտնի: Իրական համարո՞ւմ եք այդ տարբերակը:

– Այդ հնարավորությունը համարում եմ զրոյական: Ես դա առանց քաղաքական, ինչ-որ տակտիկական խնդիրներ լուծելու եմ ասում: Ասում եմ անկեղծ, որովհետեւ Ռուսաստանում քաղաքական իրավիճակը բացարձակ ուրիշ է, Հայաստանում` ուրիշ: Նախ` ՀՀ-ում իշխանությունն ամբողջությամբ այսօր պատկանում է Սերժ Սարգսյանին, ով ղեկավարում է կոալիցիան, ունի կոալիցիայի համապատասխան փաստաթուղթ, կուսակցության ղեկավար է: ՌԴ-ում դա «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն էր, որը ստեղծեց իրենց ազգային շարժումը, եւ դրա ղեկավարը Պուտինն էր: Քոչարյանը որեւէ կուսակցություն չունի: «Իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է» տարբերակն էլ իր պարագայում բացարձակ չի աշխատում, որովհետեւ այս ժողովրդի հետ ինքն ընդհանրապես կապ չունի: «Տոյոտա սերվիսի» հետ գուցե ունի, ժողովրդի հետ չունի: Նաեւ ՌԴ-ում չկա ընդդիմություն: Հայաստանում կա, որը պայքարում է, որը փողոցում է: Իսկ գործող իշխանությունը Հայաստանում ռեալ խնդիր ունի ընդդիմության հետ: Երրորդը` Պուտինն ինքն իր լեգիտիմության ու աշխարհի համար ընկալելի լինելու շատ կարեւոր խնդիր ունի լուծելու: ՌԴ-ի չմեկուսանալու համար Պուտինը հասկանում է, որ լուրջ խնդիրներ ունի լուծելու: Այդ պարագայում իր հետ նազարբաեւներին, քոչարյաններին, ակաեւներին տանելը շատ ծանր գործ է:

– Բայց, ի տարբերություն Ս.Սարգսյանի, միգուցե նաեւ` Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռ.Քոչարյանը համարվում է բացարձակ ռուսամետ գործիչ:

– Նախ ասեմ, որ Ս.Սարգսյանն արեւմտամետ քայլեր չի անում, եւ ՀՀ-ում 49 տարով ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը երկարացնելու պայմանագիրը թարմացնելը դրա ամենավառ ապացույցն է: Մնացած բաները երկրորդական, երրորդական են: Բացի այդ, ես չեմ տեսնում Ռ.Քոչարյան-Ս.Սարգսյան հստակ հակադրություն: Նման բան չկա, ես չեմ տեսնում, որ առաջիկայում քաղաքական դաշտում Ռ.Քոչարյանը կարող է լուրջ խաղացող դառնալ: Իսկ այսօրվա քաղաքական դաշտն այսպիսին է` կա ընդդիմություն` Լ.Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, եւ կա իշխանություն` Ս.Սարգսյանի ղեկավարությամբ: Որեւէ երրորդ մարդու տարբերակ չի կարող գործել: Սա ուղղակի ժամանակավոր աղմուկ է: Ռ.Քոչարյանը չունի ոչ թիմ, ոչ հեղինակություն, եւ աշխարհի որեւէ ղեկավար կխուսափի բացեիբաց սեղմել ձեռքը մի մարդու, ում հրահանգով 10 մարդ է սպանվել, ում իշխանավարության ժամանակ Հոկտեմբերի 27 է եղել եւ չի բացահայտվել: Վերջիվերջո, ես համոզված եմ, որ նաեւ մեր վերջին տարիների աշխատանքի արդյունքում հասել ենք նրան, որ ՀՀ քաղաքացու կամքը չափից ավելի կարեւոր է: Եվ հասնելու ենք նրան, որ այս ընտրություններում մեր ժողովրդի կամքով ընտրվի իշխանություն, ոչ թե նրանով, թե ինչ է մտածում Պուտինը: Պուտինը թող մտածի իր երկրի ու ժողովրդի մասին: Վերջիվերջո, շատ տխուր է, որ այդ հարցում փոքրամասնությունը քիրվայությամբ որոշում է, թե ով պետք է լինի երկրի նախագահը: Մեր երկրում դա թույլ չենք տա, եւ Ռ.Քոչարյանը որեւէ շանս չունի: Նույնպես շանս չունի նաեւ Ս.Սարգսյանը:

– ՀԱԿ առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանն իր վերջին հանրահավաքում իշխանություններից պահանջեց մինչեւ տարեվերջ անցկացնել արտահերթ ընտրություններ: Արդյո՞ք դա մինչեւ հերթական ընտրությունները եւս մի քանի ամիս ժամանակ շահելու խնդիր չի լուծում: Կարծես թե այդպես եղավ նաեւ երկխոսության դեպքում:

– Լ.Տեր-Պետրոսյանը շատ փորձառու եւ իմաստուն քաղաքական գործիչ է: Նա արվելիք քայլերի ժամանակացույցը շատ լավ պատկերացնում է եւ գիտի, թե տարվա վերջը ինչ է նշանակում, եւ այդ դեպքում ինչ հնարավորություններ կունենանք: Լ.Տեր-Պետրոսյանը հստակ ասաց, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կամ կլինի խնդիրների լուծում, կամ` հստակեցում: Իսկ ժամանակ դրեց, որպեսզի իշխանությունները մինչեւ տարվա վերջ հնարավորություն ունենան արտահերթ ընտրություններ անցկացնել: Եվ հստակեցումը հոկտեմբեր ամսին է: Հոկտեմբերին պարզ կդառնա, իշխանությունը գնո՞ւմ է այդ ճանապարհով` նախագահական ընտրություններից 1 տարի առաջ արտահերթ ընտրությունները իշխանությունը համարո՞ւմ է ավելի գերադասելի, քան արաբական տարբերակներով, փողոց դուրս գալով, ընդհարումներով, արյունահեղություններով սեփական իշխանությունը պահելը: Լ.Տեր-Պետրոսյանի ասածը սա է: Ես հասկանում եմ, որ Հայաստանում կան այնպիսի ուժեր, որոնք շատ են ուզում, որ ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն իրար ջարդեն, եւ քաղաքական դաշտում մնան միայն իրենք: Հավատացեք, որ Լ.Տեր-Պետրոսյանն այդ քայլերը հասկանում է, ինքն իր ասած ժամկետները հստակ դնում է, եւ իր ասած ժամկետներն անցնելու, շրջանցելու հնարավորություն չի թողնում: Այսօրվա քաղաքական իրավիճակի բարդությունն այն է, որ իշխանությունը պիտի հասկանա, որ մենք որպես այս երկրի հասարակության մի ստվար զանգվածի կարծիք ներկայացնող ուժ` այս երկրում, քաղաքական ճանապարհից բացի, խնդիրները լուծելու այլ հնարավորություններ չունենք, իրենք այլ հնարավորություններ չեն թողել: Հետեւաբար` հետագա գործընթացների պատասխանատվությունն ամբողջությամբ իրենց վրա է:

– Արաբական սցենարը հավանաբար ավելի հավանական կլիներ կիրառել գարնանը, երբ ՀԱԿ-ի հանրահավաքներին տասնյակ-հազարավոր մարդիկ էին գալիս: Սակայն երկխոսության, ամիսը մեկ հանրահավաք հրավիրելու արդյունքում համեմատաբար քիչ մարդ է գալիս Ազատության հրապարակ: Կոնգրեսը կարծես թե մարդ հավաքելու խնդիր ունի: Չէ՞ որ վերջին հանրահավաքի ժամանակ Լ.Տեր-Պետրոսյանը ներկաներին հանձնարարեց` հաջորդ անգամ յուրաքանչյուրն առնվազն 5 մարդ բերի:

– Այդ հանրահավաքին էլ ժողովուրդը շատ էր եկել: Եղած խնդիրները Լ.Տեր-Պետրոսյանն իր համար չի լուծում, նա փորձում է խնդիրը լուծել ժողովրդի համար: Նա այս երկրի առաջին նախագահն է եղել, պատմության մեջ նրա անունը գրված է եւ, Փառք Աստծո, ապրելու խնդիր էլ չունի: Ինքը խնդիր է ուզում լուծել ժողովրդի համար, ու եթե ժողովուրդը դա ուզում է, հավատում է Լ.Տեր-Պետրոսյանին, կգա նրա հետեւից, ու այդ խնդիրները կլուծվեն: Ես հավատում եմ եւ այդ ուղղությամբ գործողություն եմ անում: Հակառակ դեպքում` թող գնա նրա հետեւից, ում հավատում է: Իսկ այն մարդիկ, ովքեր ասում են, թե սա էլ կանցնի, սա էլ չեղավ, թող եղած իրավիճակից չբողոքեն: Հոկտեմբեր ամիսը թող գա, կտեսնենք, թե ինչ տեղի կունենա: Ամեն դեպքում տեղի կունենա հստակեցում: Իշխանությունը կասի` այո, գնում եմ, կամ կասի` չեմ գնում: Այդ դեպքում ժողովուրդն արդեն իր համախմբվածությամբ, իր մասնակցությամբ հետեւություն կանի, թե ինչ քայլեր է անելու: Մեր խնդիրն այն է, որ ժողովուրդն ինքն ընտրի այն իշխանությանը, այն մարդկանց, ում հավատում է: Այդ դեպքում է, որ երկիրը երկիր կդառնա, պետությունը` պետություն: