ՀԱԿ-ը գողացե՞լ է ծրագիրը

29/09/2011

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի տեսաբան, ֆիզիկոս Մանե Հակոբյանը մեղադրում է Հայ ազգային կոնգրեսին` իր հեղինակած ծրագիրը գողանալու մեջ: Երեկ հրավիրված ասուլիսում Մ. Հակոբյանն ասել է, որ ինքը 2009թ.-ից եղել է ՀԱԿ-ի գիտության եւ կրթության հանձնաժողովի անդամ, սակայն անցած տարի դուրս է եկել` թույլ չտալով, որ իր հեղինակած ծրագիրը դառնա ՀԱԿ-ի գիտության եւ կրթության ծրագիր: «Այս երկու տարվա մեջ անընդհատ փորձել են իմ ծրագիրը սեփականացնել: Ես ընդամենը երեք ամիս եմ եղել այդ հանձնաժողովում: Ես ներկայացա այդ հանձնաժողովին, կարծեցի, թե լուրջ մարդիկ են, բայց այնտեղ որեւէ լուրջ մարդ չկար: Ես 2010թ.-ի փետրվարին այնտեղից դուրս եկա` հասկանալով, որ այնտեղ ոչնչով չեն զբաղվում: Այս ինը տարվա (ֆիզիկոսն իր ծրագիրը գրել է շատ ավելի վաղ.- խմբ.) խմբակային խարդախության դիրիժորը Լեւոն Զուրաբյանն է, որը միայն կրթությամբ լինելով ֆիզիկոս` հասկանում էր այդ ծրագրի արժեքը: Լեւոն Զուրաբյանը ոչ մի միմիկա չունեցող անդեմ դեմք է, դա ահավոր մի անձնավորություն է` «ՀԱԿ-ը ես եմ, տիկին Մանե, հասկանո՞ւմ եք…»,- պատմել է Մանե Հակոբյանը` ավելացնելով, որ Զուրաբյանն իրեն ասել է, թե ինչպե՞ս է, որ իր նման խելացի մարդը հայտնվել է ՀԱԿ-ում: Ըստ Հակոբյանի` Զուրաբյանն իրեն ասել է, որ Հակոբյանը իշխանությունների կողմից ՀԱԿ-ում ներդրված անձ է, եւ այդ ամենը, Մանե Հակոբյանի վկայությամբ, Զուրաբյանը ֆիզիկոսին ասել է իր «տասը աստիճան անկյան տակ» ճոճվող աթոռին գրեթե պառկած: «Դա մի սարսափելի մանկիկ է»,- ասել է ֆիզիկոսը, ում խոսքերով` իր մեղադրանքը միայն Հրանտ Բագրատյանին չէ ուղղված, այլեւ Կոնգրեսի հիշյալ հանձնաժողովի բոլոր անդամներին, որոնց նպատակը ոչ թե ծրագիր քննարկելն էր, այլ ուղղակի իրենից «տեքստը վերցնելը», որին Կոնգրեսը ավելացրել է ընդամենը «մի երկու հիմար կետ»: Ինչ վերաբերում է Բագրատյանին, տեսաբանը հայտարարել է. «Հրանտ Բագրատյանն անգամ որեւէ ստորակետի ներդրում չունի այդ ծրագրում, ինքը միայն իր ստորագրությունն է դրել այդ ծրագրի տակ»: Հակոբյանը նշել է, որ ինքը նաեւ փորձել է խնդիրը ներկայացնել Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն իրեն դա չի հաջողվել: «Լեւոն Տեր-Պետրոսյանի չորս կողմը այնպիսի բազմաշերտ չինական պարիսպ է դրված, որ….»,- ասել է գիտնականը, ով պահանջում է քրեական գործ հարուցել խմբակային հանցագործության համար: Ֆիզիկոսը պատրաստվում է դիմել նաեւ Դատախազություն, ինչպես նաեւ` Գիտնականների համաշխարհային կազմակերպությանը, որի անդամ է հանդիսանում ինքը: