Սարկոզին ողջունել է

29/09/2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին ԱՄՆ-ից պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, որտեղ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո աշխատանքային ընթրիք է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ: Իսկ երեկ Ս. Սարգսյանը հանդիպել է նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում նախագահները քննարկել են հայ-ֆրանսիական բազմաշերտ հարաբերությունների զարգացման ընթացքը եւ հեռանկարները: Ողջունելով ՀՀ նախագահին` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նշել է, որ անհամբերությամբ է սպասում Հայաստան կատարելիք իր պետական այցին, եւ այցի ձեւաչափն ինքնին միտված է ցուցադրելու երկու երկրների հարաբերությունների բացառիկ ջերմությունը: Ն. Սարկոզին ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է եւ միշտ լինելու է նրա կողքին: Ֆրանսիայի նախագահը ողջունել է Հանրապետության ղեկավարի գլխավորությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումները: Սարկոզին գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիան Հայաստանում ներդրումների ծավալով երկրորդ երկիրն է, սակայն դրանով չի սահմանափակվելու եւ շարունակելու է նոր ծրագրերով հանդես գալ: Ս. Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, թե ուրախ է, որ իր այցը Ֆրանսիա կայանում է հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանը նշում է անկախության հռչակման 20-րդ տարեդարձը: Նաեւ ընդգծել է, որ մեր երկիրը շահագրգռված է Ֆրանսիայի հետ հարաբերությունների հետագա խորացմամբ: «Մենք հպարտ ենք Ֆրանսիայի հետ բարեկամությամբ եւ անչափ կարեւորում ենք մեր երկու երկրների միջեւ ձեւավորված սերտ կապերը»,- ասել է Ս. Սարգսյանը: Աշխատանքային ճաշի ընթացքում Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներն անդրադարձել են նաեւ երկու երկրների համագործակցությանը էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման, կրթության եւ մշակութային ոլորտներում: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաեւ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին: Մինչ Ֆրանսիայի Նախագահի հետ հանդիպումը, Ս. Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեի հետ: Վերջինս ընդգծել է, որ իր երկրի խորհրդարանը քիչ երկրների հետ ունի միջխորհրդարանական այնպիսի հարաբերություններ, ինչպիսիք առկա են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ: Բեռնար Ակուայեն, այդ հարաբերությունները որակելով եզակի, նշել է, որ Հայաստանը շատ ակտիվ բարեկամներ ունի Ֆրանսիայի խորհրդարանում, իր երկիրն էլ Հայաստանի ԱԺ-ում ունի նույնքան լավ բարեկամներ: