«Կրակի վրա յուղ են լցնում»

29/09/2011

Ադրբեջանական 1news.az կայքի հետ զրույցում վերլուծաբան, ռուսական «Առաջին ալիքի» հաղորդավար Մաքսիմ Շեւչենկոն հայտարարել է, թե Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ հստակ երկխոսության դեպքում հնարավոր է շատ արագ լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Հարցին, թե` «ինչպե՞ս կգնահատեիք գլխավոր միջնորդների այսօրվա դերակատարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում», Շեւչենկոն պատասխանել է. «Եթե հրդեհ է քո տանը, դժվար թե դու հանգցնես կրակը մեկ ուրիշի տանը: Եթե խոսքը Եվրամիության մասին է, պետք է նշել, որ Եվրոպայում այժմ հրդեհ է` հրդեհ է Հունաստանում, Իտալիայում, Իսպանիայում: Որոշ ԵՄ անդամներ հայտարարում են նույնիսկ Եվրամիությունից դուրս գալու մասին: Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ես ընդհանրապես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները չպետք է իր քիթը խոթի տարածաշրջան: Ես ցանկանում եմ, որ ամերիկացիները դադարեն լինել համահովանավորյալ խաղաղ կարգավորման գործընթացում: Քանի դեռ ԱՄՆ-ը գտնվում է Կովկասում, այնտեղ խաղաղություն երբեք չի լինի։ Ամերիկացիները Կովկասում պատերազմների, այդ թվում` ազգամիջյան եւ կրոնական գլխավոր սադրիչներից են»: Նշելով, որ անհրաժեշտ է ձերբազատվել ամերիկյան կախվածությունից, Շեւչենկոն ընդգծել է, որ Կովկասում խաղաղությունը պետք է հաստատվի տարածաշրջանային գերտերությունների` ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի կողմից: «Մեզ խանգարում է ամերիկյան կախվածությունը: Այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե առանց ԱՄՆ-ի գլուխ չենք հանի: Ահա Իրանը, առանց ԱՄՆ-ի հիանալի ապրում է: Եվ երբ Անդրկովկասի երկրները` Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ձերբազատվեն ցանկացած հարց Արեւմուտքի, ԱՄՆ-ի, Եվրոպայի հետ համաձայնեցնելու խելացնորությունից, որոնք բացառությամբ նավթի` որեւէ առնչություն չունեն Կովկասի հետ, այդ դեպքում, հավանաբար, հնարավոր կլինի խաղաղություն բերել այդ հողեր,- ասել է նա` ավելացնելով,- ՌԴ-ն, Թուրքիան եւ Իրանը կարող են ունենալ հակասություններ, ինչը նորմալ է: Սակայն այդ երկրները կապված են Կովկասի հետ, եթե կուզեք, արյունակցական կապերով: Կովկասում ապրում են մեր մտերիմները, բարեկամները, հարազատները: Մենք մարդկային շահեր ունենք: Իսկ Արեւմուտքը հետապնդում է շահադիտական նպատակներ։ Նրանց հետաքրքրում են միայն խողովակաշարերը, գազի ու նավթի գները: Իսկ ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, կարծում եմ, որ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ հստակ երկխոսության դեպքում այդ հարցը հնարավոր կլինի լուծել շատ արագ: Մինչդեռ ԱՄՆ-ը շահագրգռված չէ այդ հիմնախնդրի կարգավորմամբ, ընդ որում, ոչ Երեւանի, ոչ էլ Բաքվի օգտին: Նրան հարկավոր է առկախված իրավիճակ»: Պատասխանելով հարցին, թե` «Ձեր կարծիքով` Ռուսաստանը գործընթացում կվերականգնի իր ակտիվությունը 2012թ. նախագահական ընտրությունների՞ց հետո, թե՞ մինչեւ ընտրությունները մենք կկարողանանք տեղաշարժեր տեսնել բանակցային գործընթացում», Մաքսիմ Շեւչենկոն ասել է. «Դա որեւէ կերպ կապված չէ ընտրությունների հետ: Լեռնային Ղարաբաղի առնչությամբ ՌԴ-ի որդեգրած քաղաքականությունը հայտնի է վաղուց եւ որեւէ բանի հետ կապված չէ: Մոսկվան շահագրգռված է խաղաղության հաստատմամբ: Մենք շահագրգռված ենք այն բանով, որ երկու երկրների միջեւ երկխոսությունը հնարավոր լինի»: Անդրադառնալով օրեր առաջ ԼՂ-ում հայկական ուժերի կողմից ադրբեջանական անօդաչու թռչող սարքի ոչնչացմանը` նա ասել է. «Կարծում եմ, որ այդ տարածաշրջանում, նախ գործում են ամերիկյան անօդաչու սարքերը: Որքան ես գիտեմ, դրանք բավականին վաղուց տեղակայվել են Վրաստանի տարածքում: Այնպես որ` հենց այդ անօդաչու սարքերը, անհայտ ինքնաթիռներն են սավառնում ողջ Կովկասի տարածքով, եւ դրանց անհնար է վերահսկել: Ամերիկացիները հենց այդպես են կրակի վրա յուղ լցնելու եւ պատերազմ հրահրելու: Նրանք դրանում շահագրգռված են»: