Օպեր-լիազորը ռեստորաններում թմրանյութ էր հյուրասիրում

29/09/2011

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Ոստիկանության օպեր-լիազորի կողմից թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդմամբ` նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության լեյտենանտ Ստեփան Տոնոյանը աշխատել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության 1-ի բաժանմունքում` որպես օպեր-լիազոր: Ըստ նախաքննության տվյալների` Ս. Տոնոյանը 2010թ. նոյեմբերին Ն. Իգիթյանին հյուրասիրելու եղանակով իրացրել է զգալի չափերի մարիխուանա տեսակի թմրամիջոց: 2011թ. հունվար-փետրվար ամիսներին օպեր-լիազորը «Ծղոտներ» ռեստորանային համալիրում մեթիլէնդիօքսիմետամֆենամին տեսակի թմրամիջոց է իրացրել Ն. Իգիթյանին եւ Ն. Մարգարյանին, իսկ 2011թ. մարտի 11-ին նույն ռեստորանային համալիրում զգալի չափերի մարիխուանա տեսակի թմրամիջոց կրկին հյուրասիրելու եղանակով իրացրել է Ռ. Խաչատրյանին: Բացի այդ, նախաքննությամբ ձեռք են բերվել տվյալներ, որ օպեր-լիազոր Ստեփան Տոնոյանի եղբայրը` Սերգեյ Տոնոյանը, ով աշխատել է ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի Ավանի տարածքային ստորաբաժանման բաժնում` որպես բաժնի պետ, 2010թ. օգոստոսից մինչեւ 2011թ. մայիսն ընկած ժամանակահատվածում աճեցրել է կանաբիս տեսակի բույս, որը վերամշակելով` պատրաստել է առանձնապես խոշոր չափերի մարիխուանա տեսակի թմրամիջոց: Վերջինս անձամբ եւ իր ընկերուհու միջոցով պատրաստված թմրամիջոցը վաճառել է տարբեր անձանց: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ոստիկանության լեյտենանտ, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության 1-ին բաժանմունքի օպեր-լիազոր Ստեփան Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սերգեյ Տոնոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Քրեական գործն ուղարկվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: