Հայաստանն` ըստ «The Washington Times»-ի

14/11/2005

Կենտրոն համայնքի բնակիչներին իրենց տներից ստիպողաբար զրկելու պետական որոշմանն ու դրա իրականացմանն է անդրադարձել հեղինակավոր «The Washington Times» թերթը: Թերթում մեջբերվում են բնակիչների խոսքերը, որոնք բողոքում են, որ պետության տված գումարով իրենք քաղաքի ծայրամասերում էլ չեն կարողանում բնակարան գնել: Թերթը տեղեկացնում է, թե ինչպես են բնակիչները բոլոր հնարավոր ձեւերով փորձում պայքարել իրենց տների համար, եւ փոխանցում է նրանց կարծիքը, համաձայն որի՝ իրենք ոչնչի չեն հասնի, քանզի իշխանությունները կոռումպացված են եւ ունեն մեծ ազդեցություն ունեցող մարդիկ, ովքեր կարող են անել, ինչ ցանկանում են: «Ամբողջ երկրում քաղաքացիները նույն խնդիրների առջեւ են կանգնած՝ աղքատություն, կոռուպցիա, անիշխանություն, մի խոսքով՝ այն, ինչ կոչվում է բռնապետական իշխանություն»,- գրում է թերթը: «Չնայած ԱՄՆ-ի օգնության՝ բարգավաճելու փոխարեն, Հայաստանը թոշնեց: Այնտեղ ողջ քաղաքական իշխանությունը կենտրոնացած է նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձեռքում: Հայերի բոլոր երազանքները հօդս ցնդեցին»,- գրում է «The Washington Times»-ը: