Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Մեծարգո պարոն նախագահ.
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ մեր շնորհավորանքներն ենք ուղղում Ձեզ, Հայաստանի բոլոր քաղաքացիներին եւ ողջ հայ ժողովրդին։ Ձեզ ցանկանում ենք առողջություն, իմաստնություն եւ կատարյալ խոհեմություն` Ձեր հետագա ամբողջ գործունեության ընթացքում` ի փառս մեր հայրենիքի ու հայ ժողովրդի։ Երրորդ Հանրապետության անցած 20 տարիներին, բազմաթիվ դժվարությունների առկայության պայմաններում, մենք ձեռք ենք բերել ու ամրապնդել յուրաքանչյուր հայի համար ամենաթանկը` ազատ ու անկախ պետականությունը։ Հզորացած մեր հայրենիքն այսօր դարձել է համայն հայության տունը, հայոց ազգի ինքնահաստատման, ինքնատիպության պահպանման ու զարգացման խորհրդանիշը։ Մենք համոզված ենք, որ մեր երկրի ամենամեծ հարստությունը նրա քաղաքացիներն են, նրա ապագան ուղիղ համեմատական է երկրի վաղվա օրվա նկատմամբ իր քաղաքացիների ունեցած վստահության ու հավատի մեծությանը։ Իսկ հավատն ու վստահությունը ձեւավորվում ու աճում են կոնկրետ քայլերով, որի պատասխանատուն մենք բոլորս ենք` շարքային քաղաքացիներից մինչեւ երկրի ղեկավար։
Երեւան քաղաքի Գ. Չաուշի հ.14/3 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցումն իրականացնող «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Ա. Թադեւոսյանի ու նրա գործընկեր Լ.Սամվելյանի չմտածված գործողությունների արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ հայտնվեցին բարոյահոգեբանական ու ֆինանսատնտեսական ծանր կացության մեջ։ Ձեր անմիջական աջակցությամբ մեր կորուստներն աստիճանաբար վերականգնվում են, որի համար հայտնում ենք մեր եւ մեր ընտանիքների բազմաթիվ անդամների երախտագիտությունն ու հույսն առ այն, որ սկսված գործն իր տրամաբանական ավարտին կհասցվի եւ մեր երեխաներին սեփական բնակարանում մեծանալու բերկրանք կպատճառվի։
Մեծարգո պարոն Նախագահ.
Մենք վստահ ենք, որ մեր երկրին փայլուն ապագա է սպասվում։ Հավատացած լինելով, որ մեր երկիրն օր առաջ շենացած ու բարգավաճ կարող ենք տեսնել միայն բարոյահոգեբանական կայուն մթնոլորտի առկայությամբ, քրիստոնեական արժեքների գնահատմամբ ու կիրառմամբ, մենք, որպես նույն երկրի քաղաքացիներ, արդեն ներել ենք Ա. Թադեւոսյանին ու Լ. Սամվելյանին ու խնդրում ենք, որ մեր բոլորի ընդհանուր տոնի առիթով պետությունն էլ նրանց ների։
Միեւնույն ժամանակ, մեր շնորհակալությունն ենք հայտնում «ԷՍԿո-Կոնցեռն» ՓԲԸ նախագահ Սարգիս Աղաբեկյանին` ծագած խնդրի նկատմամբ ըմբռնումով մոտեցում ցուցաբերելու, դրա լուծման համար կոնկրետ, գործնական, սկզբունքային, խելամիտ ու քրիստոնեավայել դիրքորոշում դրսեւորելու համար։
Կանխավ շնորհակալություն
«Նորաշեն-2007» Ս/Կ անդամների եւ Երեւան քաղաքի Գ.Չաուշի փողոցի հ.14/3 հասցեի բնակիչներ