Ընտրվեց «Ազգային վերածնունդի» 9 հոգանոց քաղխորհուրդը` հետեւյալ կազմով. Ալբերտ Բազեյան, Վաղարշակ Հարությունյան, Հովիկ Ահարոնյան, Գեւորգ Անդրիկյան, Արմեն Մկրտչյան, Սիմոն Գրիգորյան, Հայրո Մարգարյան, Թոռնիկ Թումանյան եւ Հունան Մազմանյան: Իսկ կուսակցության քաղխորհրդի նախագահ, ինչպես եւ սպասվում էր, ընտրվեց Ալբերտ Բազեյանը: Նկատենք, որ հրավիրված հյուրերի առումով, «Ազգային վերածնունդի» հիմնադիր համագումարը բավական ներկայացուցչական էր: Երեկ կառավարության նիստերի դահլիճ էին ժամանել ընդդիմադիր դաշտի գրեթե բոլոր մանր ու միջին կուսակցությունները: Ընդ որում, բացի «Ազգային Միաբանությունից», մյուս բոլոր ընդդիմադիր կուսակցությունները համագումարին ներկայացել էին առաջին դեմքերով: Ընդդիմությունից համագումարին բացակայում էին «Հանրապետություն», «ՀՀՇ», «Նոր ժամանակներ» եւ «ԱԺՄ» կուսակցությունները: «Ազգային վերածնունդի» համագումարին ներկայացուցիչ չկար նաեւ իշխանամետ որեւէ կուսակցությունից: Թեեւ, ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալբերտ Բազեյանը, իրենք բոլորին հրավիրել են: Հրավերք ուղարկել էին նաեւ «Հանրապետություն» կուսակցությանը: Բայց իր նախկին կուսակից ընկերների բացակայությունը լրագրողների հետ ճեպազրույցում Ալբերտ Բազեյանը փորձեց սկզբում քողարկել ու հիմնավորել նրանով, որ «ոչ»-ի քարոզարշավի շրջանակներում մեկնելու էին Աշտարակ ու Եղվարդ: «Ես չեմ ուզում այդ կապակցությամբ որեւէ գնահատական տալ»,- հետաքրքրասեր լրագրողներին փորձեց հանգստացնել Բազեյանը: Բայց երբ լրագրողները նկատեցին, որ ավտոերթը նախատեսված է ժամը 13.30-ին, իսկ համագումարը` 12-ին, եւ «Հանրապետության» ներկայացուցիչները կարող էին գալ ու գոնե Ալբերտ Բազեյանի ելույթը լսել, վերջինս ընկրկեց. «Ուրեմն տղերքի մոտ մնացել է նեղացվածության նստվածք»: «Նեղանալը կամ չնեղանալը քաղաքական կատեգորիա չի, առավել եւս, երբ խոսքը գնում է նոր-նոր քայլեր անող կուսակցության մասին»,- մեզ հետ զրույցում երեկ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Իսկ իրենց բացակայությունը նա մեկնաբանեց խիստ զբաղված լինելով. «Մեր գործունեության առաջնահերթ ուղղությունը համարում ենք «ոչ»-ի քարոզչությունը եւ ժամանակ չունենք կուսակցական համագումարներին մասնակցելու համար»: Փոխարենը, համագումարին ներկա ընդդիմադիրները բավական ջերմ արտահայտվեցին «Ազգային վերածնունդ» կուսակցության ու նրա նախաձեռնողների հասցեին: Բանը հասավ նաեւ փառաբանումներին ու գովերգումներին: Ըստ «Դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Գ. Սարգսյանի` «Ազգային վերածնունդ» կուսակցությանը չի կարելի վերաբերվել որպես նորածնի: «Սա ոչ թե ծնունդ է, այլ` վերածնունդ: Մենք գործ ունենք քաղաքական դաշտում լուրջ եւ կայացած դեմքերի հետ»,- նկատեց Արամ Գ. Սարգսյանը: Ի հավելումն դրա` ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն էլ հայտարարեց, թե Ալբերտ Բազեյանը, Վաղարշակ Հարությունյանը քաղաքական դաշտում ենթարկվել են ամենադաժան փորձություններին, բայց մնացել ազնիվ: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի խոսքերով էլ` կուսակցության նախաձեռնողների խմբի անդամների հետ իրենք երկար ճանապարհ են անցել եւ հանուն երկրում օրինական իշխանության ու արդարության հաստատման, իրենք նորից պատրաստ են համագործակցել: «Հույս եմ հայտնում եւ վստահություն, որ Ալբերտ Բազեյանը կընտրվի կուսակցության ղեկավար, եւ այս կուսակցությանը կտանի այն ճանապարհով, որով տանում էր ապրիլի 12-ին»,- իր ողջույնի խոսքն այսպես ավարտեց ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: Թե ապրիլի 12-ին Բազեյանն ինչպես առաջնորդեց ժողովրդին դեպի ժողովրդավարացում, շատերն են հիշում: Բայց հիմա Ալբերտ Բազեյանը կարծես թե էլ առաջվա հեղափոխականը չէ: Չնայած, հենց սկզբից վստահեցրեց, որ իրենք եղել են, կան ու կմնան ընդդիմադիր, քանի դեռ երկրում իշխում է ապօրինի վարչակազմը: Ու նա կոչ արեց մերժել իշխանությունների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, քանի որ այն, Բազեյանի գնահատմամբ, պետության անվտանգությանը եւ տարածքային ամբողջականությանը սպառնացող դրույթներ է պարունակում: Իսկ թե ինչպես է «Ազգային վերածնունդը» արտահայտելու իր մերժումը` բոյկոտի՞, թե՞ «ոչ»-ի միջոցով, Բազեյանը դեռ չի կոնկրետացրել: «Ոչ»-ը եւ բոյկոտը համարում ենք մարտավարություն, մենք կարեւորում ենք այն, որ ընդդիմությունը մերժում է սահմանադրական փոփոխությունները, եւ համամիտ ենք մերժման հետ: Ինչ վերաբերում է «ոչ»-ին ու բոյկոտին, ապա մենք կփորձենք համոզել մեր գործընկերներին` գալ մի ընդհանուր հայտարարի»,- ասաց նա: Ա. Բազեյանը նաեւ ասաց, որ եթե «17+1» ֆորմատի կողմից իրենց համագործակցության առաջարկ արվի, ապա անպայման կմասնակցեն: Բայց հրավերք դեռ չի եղել:
Հ.Գ. Ի դեպ, թե որն է «Ազգային վերածնունդ» եւ «Հանրապետություն» կուսակցությունների միջեւ տարբերությունը, մանավանդ, որ երկուսի ծրագրերը մեծամասամբ նման են իրար, Վաղարշակ Հարությունյանը հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Սկզբից կհաշվարկենք, հետո քայլ կանենք: «Հանրապետություն» կուսակցության ծրագիրը մեր ծրագրից շատ քիչ է տարբերվում։ Տարբերությունը նրանում է, որ իրենց ծրագրում մի բան է գրված, սակայն արվող հայտարարությունները դրան հակասում են՝ եւ արտաքին, եւ ներքին քաղաքականության ոլորտում»: