Ինչպե՞ս տարբերել հունգարացուն կամ հային՝ չինացուց

14/11/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Երեկ Ագրարային համալսարանի (նախկին Գյուղակադեմիայի) դասախոսական կազմի եւ ուսանողության ներկայացուցիչների հետ բուհի փոքր դահլիճում հանդիպման ժամանակ սահմանադրական փոփոխություններին «այո» էր քարոզում Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արմեն Հարությունյանը:

Հանդիպման սկզբում Ագրարայինի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը հատուկ շեշտեց, թե թող հանկարծ որեւէ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, թե հատուկ հուշվում է «այո» կամ «ոչ» ասել: «Այս միջոցառումն ընդամենը կազմակերպված է ամեն մեկին սեփական համոզմունքում որոշում կայացնելու եւ իր վերաբերմունքը ցույց տալու համար»,- ընդգծեց նա: Չնայած այս բարի մտադրությանը, նկատելի էր, որ դահլիճում ներկաների մեծ մասն արդեն «իր համոզմունքում որոշում է կայացրել» «այո»-ի օգտին: Մթնոլորտն այնպիսին էր, որ ներկա պրոֆեսորներից մեկը նույնիսկ հարց ուղղեց Ա. Հարությունյանին, թե օրենքի խախտում չէ՞ արդյոք այն, որ ընդդիմադիրները «ոչ» են քարոզում: Պետական կառավարման ակադեմիայի ռեկտորը նախ հայտարարեց, թե գործող Սահմանադրությունը ժողովրդավարական է եւ բավականին հարցերի լուծումներ է տվել: «Չմոռանանք, որ գործող Սահմանադրությամբ ենք դարձել Եվրոպայի խորհրդի անդամ, այսինքն` եթե այն եվրոպական չափանիշներին չհամապատասխաներ, մենք այդ Սահմանադրությամբ եւ նրա վրա հիմնված օրենսդրական դաշտով չէինք կարող ինտեգրվել եվրոպական կառույցներին»,- հայտարարեց նա եւ հավելեց, թե 1995-ին, երբ ընդունվում էր գործող Սահմանադրությունը, երկիրը ռեժիմ էր փոխում, հոգեբանական խնդիր կար, պատերազմական իրավիճակ էր, եւ այլն, ու այդ պատճառով էլ երկրի նախագահին գերակա դեր էր տրվել: «Այն ժամանակ` ելնելով երկրի վիճակից, ճիշտ էր, որ նախագահը դե ֆակտո նաեւ կառավարությունն էր ղեկավարում»,- կարծում է Ա. Հարությունյանը: Ագրարայինի պրոֆեսորներին հիմնականում հետաքրքրում էին երկքաղաքացիության եւ երկրի նախագահի լիազորությունների հետ կապված հարցերը: «Երկքաղաքացիությունը բավականին բարդ ինստիտուտ է: Այն ունի մի քանի մոդելներ: Շատերը մի-մի մոդել են վերցնում ու սկսում քննադատել: Այնինչ այս հարցում ոչ մի մոդել ոչ գրված է, ոչ էլ ընդունված»,- անդրադառնալով երկքաղաքացիության հարցի շուրջ եղած մտահոգություններին` ասաց Ա. Հարությունյանը, ով սակայն մի քանի րոպե հետո մեկ այլ հարցի պատասխանելիս նշեց, որ արդեն մշակված է, թե ինչպիսին պետք է լինի երկքաղաքացիությունը մեր երկրում: Նա վստահեցնում էր, որ սփյուռք ունեցող որեւէ պետություն իր քաղաքական համակարգում երկքաղաքացիության արգելք չունի: Նրա խոսքերով` հարցեր կան, որ այսօր կարող ենք շատ հարմար մոդել գտնել, բայց ժամանակի ընթացքում այդ մոդելը հարցի լուծման իր ռեսուրսը կարող է սպառել եւ այլեւս հարցի լուծմանը չնպաստել, ու կարիք լինի այլ մոդել որդեգրել: «Սակայն մենք չենք կարող ամեն անգամ հանրաքվե անել: Հարցեր կան, որ չպետք է Սահմանադրության մակարդակով կարգավորել: Դրանք պետք է օրենքով կարգավորել, որպեսզի հնարավոր լինի, երկրի շահերից ելնելով, միշտ հարցին ճկունորեն մոտենալ»,- պարզաբանում է նա: Այս առիթով Ա. Հարությունյանը մի քանի հետաքրքիր օրինակներ նշեց: Նրա խոսքերով՝ Ռուսաստանն այսօր երկքաղաքացիությունը ճանաչում է, սակայն ուզում է հրաժարվել դրանից, ինչը չի կարողանում անել, քանզի դրա համար պետք է հանրաքվե անի ու Սահմանադրությունը փոխի: Իսկ ահա Ռումինիան եւ Հունգարիան, Ա. Հարությունյանի հավաստմամբ՝ ունեն օրենք՝ արտասահմանում բնակվող ռումինացիների եւ հունգարացիների մասին, որը «Վենետիկի հանձնաժողովով էլ է հաստատվել»: Հետաքրքիր է՝ իսկ ինչպե՞ս է վերոնշյալ օրենքը տարբերում հունգարացուն, ասենք, չինացուց: Ա. Հարությունյանը մեր այս հարցի պատասխանը չգիտեր, սակայն վստահեցրեց, որ չափորոշիչներ կան, որոնք մենք էլ կուսումնասիրենք: «Խնդիրը հետեւյալն է. պահպանել կապը սփյուռքի հետ,- երկքաղաքացիության արգելքի վերացումն այսպես է բացատրում նա ու մանրամասնում,- որտեղ սփյուռք ունենք, այդ երկրները երկքաղաքացիությունը չեն էլ ճանաչում: Այսինքն՝ դրա պրակտիկ նշանակությունն ավելի շատ հոգեբանական է լինելու»,- ասում է Ա. Հարությունյանը: Անդրադառնալով երկրի սահմանները փոփոխելու հարցում ԱԺ դերին՝ վերջինս նշեց, որ այսօր ՀՀ-ում գործում է օրենք, որում ասվում է, որ սահմանների փոփոխությանը վերաբերող միջազգային պայմանագրերը պետք է վավերացվեն ԱԺ-ում: «Այսինքն` եթե դա մտցվել է, որ հետագայում դրանով սահմաններ փոխվեն, դա այսօր էլ կարելի է անել»,- այս հարցով մտահոգվածներին էլ այսպես է պարզաբանում նա: Երեկվա հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը նաեւ հայտարարեց բառացիորեն հետեւյալը. «Այս սահմանադրական փոփոխությունները մենք ենք սկսել, Եվրոպայի խորհուրդը տեղյակ էլ չէր, որ մենք սկսել էինք: Պարզապես, երբ մենք սկսել ենք, դիմել ենք նրանց, որպեսզի նրանք էլ մեզ օգնեն: Այսինքն` նրանք մեր առջեւ այդպիսի պարտավորվածություն չեն դրել, չէին էլ կարող դնել, որովհետեւ եթե մեր Սահմանադրությունը ժողովրդավարական չափանիշներին չէր համապատասխանում, մենք ԵԽ անդամ չէինք կարող դառնալ»: Այս միտքը նա կրկնեց մի քանի անգամ: Սակայն օրերս ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ նշեց, որ սահմանադրական փոփոխություններ կատարելը ԵԽ պահանջ է: Ո՞րն է Ա. Հարությունյանի եւ Ռ. Քոչարյանի հայտարարությունների հակասության պատճառը: Պատասխանելով մեր այս հարցին` Ա. Հարությունյանն ասաց. «Իմ ասածը դրան չի հակասում: Երբ մենք սկսեցինք եւ դիմեցինք, որ իրենք մեզ հետ սկսեն աշխատել, այդ ժամանակ մենք մեզ վրա նման պարտավորություն վերցրեցինք եւ դա ստորագրեցինք»: