Սթափվեք, քանի դեռ ուշ չէ

27/09/2011

«ՄԱԿ-ի ծրագրում Հայաստանի հողատարածքը ներառվել է որպես խիստ անապատացման ենթակա տարածք: Պաշտոնական նախկին տվյալների համաձայն` հանրապետության տարածքի շուրջ 24.353 քառակուսի կիլոմետրը կամ 81,9%-ը ենթարկվել է տարբեր աստիճանի անապատացման, ընդ որում` խիստ ազդեցության ենթարկված տարածքները կազմում են ընդհանուր տարածքի 26,8%-ը, ուժեղը` 26,4%, միջին աստիճանի անապատացված է 19,8%-ը, իսկ թույլը կազմում է ընդամենը 8,8%-ը: Սարսափելի է հողերի վիճակը, իսկ առավել սարսափելի է այն, որ հանրապետություն են ներկրվում անծանոթ ծագումնաբանության, փորձարկության չենթարկված գյուղատնտեսական կուլտուրաների սորտեր, որոնք մի քանի տարվա ընթացքում կարող են լիովին ուժասպառ անել մեր հողերը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ Կրասնոսելսկի շրջկոմի նախկին առաջին քարտուղար Սերգեյ Նազինյանը: Նա սթափության կոչ է անում իշխանություններին. «Հողը երկրի անվտանգության երաշխիքն է: Գյուղացիները թողնում-հեռանում են երկրից` իրենց թափած ջանքերի արդյունքում բերք չստանալու պատճառով: Ավելի սարսափելի երեւույթ, քան գյուղերից արտագաղթն է` չկա, եւ ավելի սարսափելի է այն, որ արտագաղթը մեծամասամբ սահմանամերձ գյուղերից է»: