Դաբրոների ժամանակը

27/09/2011

Հայաստանի անկախության հռչակման 20-ամյա տարեդարձի տոնակատարություններից ընդամենը մի քանի օր անց մեր քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչներ հերթական անգամ ապացուցեցին, որ իրենց համար ՀՀ անկախությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ռուսական շահը: Շաբաթ օրը Մոսկվայում կայացած «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարից հետո Հայաստանի քաղաքական դաշտի քոչարյանական հատվածը իսկական հրճվանքի մեջ է: Որոշ լրատվամիջոցներ ու «քաղաքագետներ» այդ փաստը ներկայացնում են արդեն որպես Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու ու հաջորդ նախագահական ընտրություններում առաջադրվելու «դաբրո»: Ընդ որում, դա անում են այնպիսի պարզունակ ձեւով, ինչպես գործող իշխանության նրանց գործընկերները փորձում են համոզել, որ Պուտինի ու Մեդվեդեւի փոխատեղումը որեւէ ազդեցություն չի ունենա Հայաստանի քաղաքական կյանքի վրա: Գրեթե նույնպիսի տրամադրություններ են Հայ ազգային կոնգրեսի քաղաքական վերնախավում: Իրականում այս քննարկումները հերթական անգամ ցույց են տալիս Հայաստանի քաղաքական դաշտի սնանկությունը, ընդ որում` դա գրեթե հավասարապես վերաբերում է ՀՀ երեք նախագահներին ու նրանց քաղաքական թիմերին: Այս տրամաբանությունը նշանակում է, որ առաջիկա ընտրություններում (կապ չունի` արտահե՞րթ, թե՞ հերթական, Ա՞Ժ, թե՞ նախագահական) ՀՀ քաղաքացիներին առաջարկվելու է ընտրություն կատարել ավելի կամ պակաս ռուսական բեւեռի միջեւ` դառնալով Հայաստանի «ֆորպոստացման» հերթական, գուցե վերջին ակորդը: Այս համատեքստում, սակայն, կարող են բեկումնային դառնալ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին քայլերը` այս օրերին տեղի ունեցող արեւմտյան այցերը, ԱՄՆ-ում ստացած շքանշանը եւ այլն, եթե դրանք հանգեցնեն նրա կողմից վարվող քաղաքական կուրսի իրական փոփոխության: Այսինքն` կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանը օբյեկտիվորեն հանդես գա Հայաստանում ռուսական էքսպանսիայի գոնե զսպման դիրքերից: Կամ իրավիճակը կարող է դառնալ այնպիսին, որ միայն այդ տարբերակով հնարավոր լինի պահպանել իշխանությունը: Նման զարգացումներն այս պահին գուցե անիրատեսական են թվում, սակայն առնվազն բացառված չեն, եթե հաշվի առնենք, որ փոփոխություններ տեղի են ունենում ոչ միայն Ռուսաստանում: Իսկ Ռուսաստանից դուրս կատարվող գործընթացներում նշված երեք բեւեռները ներկայացնողներից ընդգրկված է միայն Սերժ Սարգսյանը: