Պարագլխին բռնել են

27/09/2011

Երեկ կալանավորվել է մայրաքաղաքում վերջին շրջանում ավազակային հարձակումներ իրականացրած բանդայի պարագլուխը` Արտուշ Հակոբյանը:

Ըստ ոստիկանության հաղորդագրության, Ոստիկանության համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ամիսներ առաջ ավազակային հարձակումներ կատարելու նպատակով Արտուշ Հակոբյանը եւ Գուրգեն Հայրապետյանը (ով անցած ուրբաթ փախուստի ժամանակ ժայռից վայր ընկնելով մահացել էր) կազմակերպել եւ ղեկավարել են զինված խումբ` բանդա` ընդգրկելով Դավիթ Գալստյանին, Սամվել Դավթյանին, նախկինում մեկ անգամ դատված Արթուր Մանուկյանին եւ Քյարամ Ամոյանին: Բանդայի պարագլուխներից Արտուշ Հակոբյանին բանդիտիզմի կասկածանքով բերման են ենթարկել սեպտեմբերի 24-ին` Հրաչյա Աճառյան փողոցի մի ռեստորանային համալիրից: Նախկինում 6 անգամ դատապարտված Հակոբյանի մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է առանց գործարանային համարի «ՏՏ» տիպի ատրճանակ` լիցքավորված ութ փամփուշտով: Սեպտեմբերի 25-ին էլ Հակոբյանի` Սարյան փողոցում գտնվող բնակարանից հայտնաբերվել եւ առգրավվել է մեկնարկային ատրճանակ` երկու փամփշտակալով, 13 փամփուշտով եւ վեց պարկուճով: Ըստ Ոստիկանության` քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել նաեւ մի շարք այլ բնակարաններում ու տներում: Խուզարկություններ են կատարվել նաեւ Գառնի գյուղի երկու տներում, որտեղ հաճախակի էր լինում բանդայի պարագլուխը: Հայտնաբերվել եւ առգրավվել են մեծ քանակի հոգեմետ դեղահաբեր: Այս գործի շրջանակներում ձերբակալված Աշոտ Մարտիրոսյանի` Ձորաղբյուր գյուղում գտնվող ամառանոցից հայտնաբերվել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի երկու դատարկ պահունակ, «ՏՕԶ» տիպի հրացան, դաշույն, ինքնաշեն դանակ, 106 գրամ կանեփանման բույսի կանաչ, չորացված զանգված, իսկ Հանրապետության փողոցի` նրան պատկանող բնակարանից` «Հեկլեր Կոխ» տիպի ատրճանակ` փամփշտակալով, լիցքավորված 7 փամփուշտով, եւ տարբեր տրամաչափի 300 փամփուշտ: Արտուշ Հակոբյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը կալանավորված են: Արամ Հայրապետյանը, Հովսեփ Հովնանյանը, Ռուբեն Կարաօղլանյանը, Աշոտ Մարտիրոսյանը ձերբակալվել են: Ոստիկանությունը նաեւ տեղեկացնում է, որ բանդայի հանցավոր գործունեությունն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումները շարունակվում են: Նշենք, ըստ տարբեր աղբյուրների, Արտուշ Հակոբյանը Գառնիում գործող լավաշի արտադրությամբ զբաղվող հայտնի ընկերության սեփականատերերից է: Այս գործի շրջանակներում, երեկվա դրությամբ, ձերբակալված էր 16 մարդ, որոնց խափանման միջոցի հարցը կորոշվի առաջիկայում: