Նահանջ քայլ

27/09/2011

ՌԴ ԱԳՆ-ն անցած շաբաթ հայտարարություն էր տարածել, թե ԼՂՀ-ում սեպտեմբերին 18-ին կայացած ՏԻՄ ընտրությունների անցկացումը չի կարող ազդել հակամարտության կարգավորման գործընթացի վրա, եւ, որ ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղին որպես անկախ պետություն չի ճանաչում: Նույն հայտարարության մեջ ՌԴ ԱԳՆ-ն «իր հավատարմությունն է հաստատում տարածքային ամբողջականության, ուժի կիրառման անընդունելիության սկզբունքներին»` չնշելով ազգերի ինքնորոշման սկզբունքը: Հիշեցնենք, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է Հելսինկյան եզրափակիչ ակտի 3 հիմնական` տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքների շրջանակում: Նույն 3 սկզբունքների շրջանակում են ձեւավորվել ԼՂՀ կարգավորման հիմքում ընկած` հայտնի Մադրիդյան սկզբունքները: Այդ մասին լավ գիտի ԼՂՀ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի անդամ Ռուսաստանը: Այդ դեպքում ինչո՞ւ էր այդ երկրի ԱԳՆ-ն «մոռացել» 3-րդ սկզբունքի մասին: «Վերջին տարիներին կոնսենսուս էր ձեւավորվել, որ բոլոր նման հայտարարություններում միջազգային հանրությունը նշում էր բոլոր կարեւորագույն սկզբունքներն, ու հավասարը հավասարին մատնանշում էր, թե տարածքային ամբողջականությունը, թե ժողովուրդների ազատ ինքնորոշման սկզբունքը: Այո, սա նահանջ քայլ էր, եւ սա կարելի է դիտարկել ընդհանուր ՌԴ քաղաքականություն` որպես Ադրբեջանին սիրաշահելու փորձ: ՌԴ-ն իր շահերից ելնելով` փորձում է տարածաշրջանում հարաբերությունները նաեւ բարելավել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ»,- անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի այդ հայտարարությանը` մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: