Ամեն ինչ ժամանակավոր է

27/09/2011

Սեպտեմբերի 25-ին Լոս Անջելեսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ կենտրոնական բանկի եւ Հայաստանի բանկերի ընկերակցության կողմից կազմակերպված տնտեսական համաժողովի բացմանը, որին մասնակցել են Հայաստանի եւ Կալիֆոռնիայի գործարար համայնքի ներկայացուցիչներ: Իր խոսքում Ս. Սարգսյանը նշել է, որ անցած 20 տարիների ընթացքում տնտեսության զարգացման գործում լիարժեք չի օգտագործվել նաեւ Հայաստանի քաղաքացիների ներուժը:

Ս. Սարգսյանի խոսքով, Հայաստանի անկախացումից ի վեր եղել են եւ՛ ձեռքբերումներ, եւ՛ բացթողումներ: Խոսել միայն բացթողումների մասին, ըստ ՀՀ նախագահի` նշանակում է` պատասխանատվությունը սեփական ուսերից գցել ուրիշի ուսերին: «Մենք տերն ենք եւ՛ բացթողումների, եւ՛ ձեռքբերումների»,- ասել է նա: Լոս Անջելեսում Ս. Սարգսյանը ներկա է գտնվել նաեւ Հայաստանի գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացման արարողությանը: Նա վստահություն է հայտնել, որ մեր բոլոր հայրենակիցները, ովքեր ապրում են ԱՄՆ այդ ափում, անպայման հնարավորություն կգտնեն գոնե մեկ անգամ այցելելու մեր հյուպատոսարան: «Ես կոչ եմ անում բոլորին, ովքեր ապրում են Միացյալ Նահանգների այս մասում, իրոք, գան այստեղ: Կոչ եմ անում եւ՛ նրանց, ովքեր իշխանություններին սիրում են, եւ՛ նրանց, ովքեր իշխանություններին չեն սիրում, որովհետեւ շատ բան ժամանակավոր է. դժվարությունները ժամանակավոր են, նույնիսկ պատերազմն է ժամանակավոր, սիրելի կամ ոչ սիրելի իշխանությունները ժամանակավոր են, հավերժականը հայրենիքն է, իսկ հայրենիքի հետ կապող օղակը հենց այս շենքն է»,- ասել է Ս. Սարգսյանը: