Սթափվե՛ք. Հայաստանի հողատարածքն անապատացվում է,- ասում է ՀՀԿ Կրասնոսելսկի շրջկոմի նախկին առաջին քարտուղար Սերգեյ Նազինյանը

27/09/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սերգեյ Նազինյանը գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին չափազանց լավ է տիրապետում եւ նրա խոսքի մեջ առավել քան ընդգծված է ոչ թե սոսկ քննադատությունը այսօրվա վիճակի մասին, այլեւ սրտացավությունը: Միայն մեկ հարցազրույցը բավական չէ գյուղատնտեսության ոլորտում տիրող վիճակի մասին ընդհանուր պատկերը ներկայացնելու համար, քանի որ Ս. Նազինյանի ունեցած տեղեկություններն ու գիտելիքները բավական լայնաշերտ են: Նրա հետ մեր զրույցը սկսեցինք Գյուղատնտեսության ոլորտի ներկա վիճակից:

– Ինչպե՞ս եք գնահատում գյուղատնտեսության ներկա վիճակը:

– Գյուղատնտեսության ներկա վիճակը գնահատելու համար պետք չէ վերլուծական մեծ աշխատանք կատարել: Բավական է այցելել Հայաստանի գյուղեր, որտեղ կարող եք տեսնել, թե 560 հազար վարելահողերի քանի՞ տոկոսն ընդհանրապես չի մշակվում: Գյուղացին բազմաթիվ խնդիրներ ունենալով հանդերձ` աշխատում է հողի վրա, սակայն չի ստանում իր աշխատանքի արդյունքը: Հողերն ուժասպառ են լինում կամ, թերեւս, արդեն ուժասպառ են եղել: Մյուս կողմից` երեւան են գալիս այլ խնդիրներ` պարարտանյութի թանկ լինելու հանգամանքը, վառելիքի, մեքենայացման հարցերը եւ այլն: Դա է պատճառը, որ գյուղացին, այսպես ասած` երես է շրջել հողից: Յուրաքանչյուրս անզեն աչքով կարող ենք տեսնել վարելահողերի կրճատումը: Արարատյան դաշտավայրում սկսել են այնպիսի կուլտուրաների մշակումը, ինչպես, օրինակ, ծխախոտի մշակումը, ինչը պարզապես անհեթեթություն է: Սա այն պարագայում, որ Արարատյան դաշտը համարվել է Հայաստանի գյուղատնտեսական մթերքների արտադրության շտեմարան:

– Հայաստանի վարելահողերի քանի՞ տոկոսն ունի բերրիության անկում, այլ կերպ ասած` քանի՞ տոկոսն է դեգրադացված:

– Պաշտոնական տվյալների մասին տեղեկությունը կարող եք ստանալ Բնապահպանության եւ Գյուղատնտեսության նախարարություններից, Ազգային վիճակագրական ծառայությունից: ՄԱԿ-ի ծրագրում Հայաստանի հողատարածքը ներառվել է որպես խիստ անապատացման ենթակա տարածք: Ինչեւէ, պաշտոնական նախկին տվյալների համաձայն (չնայած իրական պատկերն այլ է)` հանրապետության տարածքի շուրջ 24.353 քառակուսի կիլոմետրը կամ 81,9%-ը ենթարկվել է տարբեր աստիճանի անապատացման, ընդ որում` խիստ ազդեցության ենթարկված տարածքները կազմում են ընդհանուր տարածքի 26,8%-ը, ուժեղը` 26,4%, միջին աստիճանի անապատացված է 19,8%-ը, իսկ թույլը կազմում է ընդամենը 8,8%-ը: Իրականում սարսափելի է հողերի վիճակը, իսկ առավել սարսափելի է այն, որ հանրապետություն են ներկրվում անծանոթ ծագումնաբանության, փորձարկության չենթարկված գյուղատնտեսական կուլտուրաների սորտեր, որոնք մի քանի տարվա ընթացքում կարող են լիովին ուժասպառ անել մեր հողերը: Նախկինում կար բոստանբանջարանոցային կուլտուրաների գիտահետազոտական ինստիտուտ, որի տնօրենը տաղանդավոր գիտնական Անահիտ Անանյանն էր: Ի դեպ, նրա անունով է կոչվել պոմիդորի «Անահիտ» սորտը, որը հետագայում տարբեր անուններ ստացավ: Նշյալ ինստիտուտը ժամանակին բոստանբանջարանոցային կուլտուրաների սերմեր էր մատակարարում ոչ միայն մեր հանրապետությանը, այլեւ Խորհրդային Միության մյուս երկրներին: Ընդ որում` Սովետական Միության պոմիդորի 64%-ը պոմիդորի «Անահիտ» տեսակն էր, որից բարձրորակ տոմատ էին ստանում: Զարմանալի է, թե այսօրվա առանց հյութի, այսպես ասած` փայտի չորություն ունեցող պոմիդորից ինչպե՞ս են տոմատ ստանում: Պոմիդորի այս տեսակների միակ առավելությունն այն է, որ տեղափոխելիս չեն ջարդվում: Մի՞թե աղետաբեր չէ, որ անհետացել են մեր երբեմնի պոմիդորի, ռեհանի եւ այլ բանջարեղենների, սեխի եւ ձմերուկի եւ բազում այլ կուլտուրաների տեսակները:

– Այնուամենայնիվ, գյուղացիների ասելով` պոմիդորի այդ կասկածելի, անծանոթ ծագումնաբանությամբ տեսակները շահավետ են, քանի որ քիչ խնամք են պահանջում, եւ բացի այդ` շատ արագ են աճում: Ինչպե՞ս դա կբացատրեք:

– Հետաքրքիր է, եթե դրան զուգահեռ` նրանք չեն փորձում մշակել «Անահիտի» սորտերը, ինչպե՞ս են նման բան ասում կամ, թերեւս, ասում են իրենց արդարացնելու համար: Միգուցե առաջիկա 2-3 տարիներին բերքատվությունն ավելի բարձր լինի, բայց դրանից հետո որեւէ մեկը երաշխավորված չէ վերջնական արդյունքի համար: Խորհրդային Միության տարիներին կային նվազագույնը 34 սորտափորձարկման տնտեսություններ, որոնք նյութատեխնիկական հզոր բազաներ ունեին: 4-5 տարի փորձարկելով տվյալ սորտը` երաշխավորում էին, թե ո՞ր տեղանքն է հարմար տվյալ սորտի աճեցման համար: Այսինքն` կար գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագիր, քաղաքականություն: Խորհրդային Միության փլուզումից հետո փակվեցին այդ ինստիտուտները, գիտնականների զգալի մասը մահացավ: Այսօր գյուղացին ստիպված է վերցնել այն սերմերը, որոնք ներկրվում են օտարերկրյա պետություններից: Դժբախտաբար, Հայաստանում չկա որեւէ վերահսկողական մարմին, որը բացառապես կզբաղվի հայկական շուկա բերվող գյուղատնտեսական մթերքներով: Մյուս կողմից, հողի հիմնական պարարտացումը վաղուց տրվել է մոռացության, փոխարենը` իրականացվում է բույսերի սնուցում, այսինքն` խոսքը ազոտական պարարտանյութի` սելիտրայի մասին է, որը նիտրատներ է կուտակում բույսի մեջ: Հայաստանում` արդեն տարիներ շարունակ, բույսերի սնուցման համար օգտագործվում է միայն 50-60 հազար տոննա ամոնիակային սելիտրա, որը չափազանց վատ է անդրադառնում բերքի որակի եւ միակողմանի պարարտացման հետեւանքով` հողերի ֆիզիոքիմիական կազմի վրա: Մինչդեռ հողին անհրաժեշտ են Մենդելեեւի պարբերական համակարգի գրեթե բոլոր տարրերը: Նախկինում Հայաստանում, նույնիսկ գյուղատնտեսության համար այնպիսի ձախողված տարիներին, ինչպիսին 1988-1999 թվականներն էին (երբ պարարտանյութերով բարձված վագոնները ոչ թե օրերով, այլ ամիսներով չէին կարողանում բեռնաթափվել), տարեկան միջին հաշվով հող էր մտցվում 1,6-1,8 միլիոն տոննա գոմաղբ, 120-160 հազար տոննա ֆոսֆորական եւ 20-30 հազար տոննա կալիումական պարարտանյութ եւ 160-200 հազար տոննա ազոտական պարարտանյութ, որը տրվում էր միայն բույսի սնուցման համար: Մշակության ընթացքում միայն պարարտացման համար տեխնիկան 4-5 անգամ դաշտ էր մտնում: Յուրաքանչյուր տարի բերքի տեսքով հազարավոր տոննաներով սննդարար նյութեր են հեռացվում հողից: Այդ իսկ պատճառով հողատեսքերի պարարտացումը չափազանց հրատապ նշանակություն է ձեռք բերել: Թերեւս վերջին 20 տարիների ընթացքում հողը չի ընդունում որեւէ տեսակի պարարտանյութ, իսկ երկրագործության օրենքներից մեկը վերադարձի օրենքն է, ըստ որի` տարեկան որքան վերցնում ես հողից, նույնքան էլ պետք է վերադարձնես հողին: Արտադրության միակ գլխավոր միջոցն է, որը արտադրության պրոցեսում երբեւէ չի մաշվում: Եվ հավատ չի ներշնչում այն, որ տարեկան 50-60 հազար տոննա միակողմանի ազոտական պարարտանյութեր հող մտցնելու պայմաններում հնարավոր է ապահովել բարձր բերքատվություն: Հայաստանում այսօր տեղի է ունենում հողերի դեգրադացիա, բերրիության տեւական անկում: Ըստ որում, բերրիության հիմնական ցուցանիշի` հումուսի քանակությունը որոշ տեղերում նվազ է 0.7-0.9% չափով: Մեզ բոլորիս կերակրողի` հողի ուժասպառ լինելու պատճառների եւ հետեւանքների մասին պետք է շատ արագ մտածել, խնդրին լուծում տալ: Վիճակն աղետալի է: Այսօր գյուղերում հսկայական արտագաղթի ալիք է բարձրացել: Գյուղացիները թողնում-հեռանում են երկրից` իրենց թափած ջանքերի արդյունքում բերք չստանալու պատճառով: Կարծում եմ` ավելի սարսափելի երեւույթ, քան գյուղերից արտագաղթն է` չկա, եւ ավելի սարսափելի է այն, որ արտագաղթը մեծամասամբ սահմանամերձ գյուղերից է: Այդ իմաստով վիճակագրական ծառայության տվյալները հավատ չեն ներշնչում:

– Իսկ ի՞նչ ռազմավարական ծրագիր է անհրաժեշտ, այլ կերպ ասած` ի՞նչ անել, եթե ՀՀ կառավարությունը, Գյուղնախարարությունն ու Բնապահպանության նախարարությունը, բացի ցուցադրական շոուներից, որոնց համար հսկայական դրամաշնորհներ են ստանում միջազգային կազմակերպություններից, այլ` խորքային խնդիրների մասին ժամանակ չունեն մտածելու:

– Ամենամեծ ռազմավարական ծրագիրն այն կլինի, եթե ՀՀ Կառավարությունը միջոցներ ձեռնարկի հողերի մելիորատիվ վիճակն արմատապես բարելավելու համար: Եթե հողը սկսի դեգրադացիայի ենթարկվել, ապա ավելի շատ կվնասվի ոչ թե ջրի, այլ քամու էրոզիայից: Մենք կկորցնենք ստրատեգիական ամենազորեղ զենքը` հողը, եթե չսկսենք մտածել այն բարելավելու մասին: Սոված զինվորը չի կարող կռվել: Ինչպես ասել է Յու. Լիբիխը` «Ազգերի առաջացման եւ խորտակման պատճառը մեկն է. հողի բերրիության կողոպուտը պայմանավորում է նրանց մահը, իսկ բերրիության պահպանումը` նրանց կյանքը, հզորությունը եւ հարստությունը»: Սա է խնդիրը: Հողը երկրի անվտանգության երաշխիքն է: Արարատյան դաշտի շուրջ 60 հազար հա հողն արդեն չի օգտագործվում եւ հիմնականում` կրկնակի աղակալման հետեւանքով:

– Պարոն Նազինյան, վերջին ժամանակները բավական շատ են խոսակցությունները մասնավորապես Արարատյան դաշտավայրում տեղակայված ձկնաբուծարանների շուրջ: Ըստ այդմ` ձկնաբուծարանների աշխատանքը խիստ անդրադառնում է հողերի վրա եւ կարող է լուրջ հետեւանքներ ունենալ: Ինչպիսի՞ն կարող են լինել այդ հետեւանքները:

– Դա դեռ չուսումնասիրված հարց է, ինչը, կարծում եմ, շատ վտանգավոր է: Խորհրդային Միության տարիներին կար Ստորգետնյա եւ վերգետնյա ջրային ռեսուրսների պետական կոմիտե, որն ամեն տարի հանգամանորեն ուսումնասիրում, գնահատում էր ջրային պաշարները` նշելով, որ Արտեզյան ջրերը պետք է խիստ խնայողաբար օգտագործել: Այդ տարիներին Արտեզյան ջրերում ավելի շատ ձուկ էր արտադրվում, քան` հիմա: Ընդ որում` այն ժամանակ օգտագործում էին միայն աղոտ հողերը: Համոզված եմ, որ այսօր ջրերը տասնապատիկ շատ են օգտագործվում, քան` նախկինում: Միեւնույն ժամանակ, կարծում եմ` ձկնաբուծական արտադրությունն ընդլայնելու դեպքում ձկնաբույծները ձկների կեր գտնելու խնդիր կունենան: Ինչեւէ, բացի չմշակվող գյուղատնտեսական հողերի կրճատումից, մյուս կողմից էլ` հողերը կրճատվում են հանքարդյունաբերության հետեւանքով, ավելի հստակ` պոչամբարների կառուցման համար նոր հողերի հատկացմամբ: Վերջին 20 տարիների ընթացքում անտեղի, առանց ուսումնասիրության բազմաթիվ քարհանքեր բացվեցին, որոնց պայթեցման հետեւանքով գյուղատնտեսական ահռելի արոտավայրեր, խոտհարքներ դարձան ոչ պիտանի: Այդ աշխատանքների հետեւանքով արագանում է հողերի դեգրադացման գործընթացը: Ընդ որում` ժամանակին օրենք կար, ըստ որի` օգտագործվող հողերը պարտադիր պետք է ենթարկեին ռեկուլտիվիացիայի, այսինքն` որքան հող օգտագործվում է, նույնքան էլ պետք է վերադարձվեր գյուղատնտեսությանը: Առավելեւս, տարօրինակ եւ զարմանալի է, որ հողերի վերահսկողությունը ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունից անցել է Քաղաքաշինության նախարարությանը: Այսինքն` այդպիսով Քաղաքաշինության նախարարությունը ոչ թե մտածում է, որ գյուղատնտեսական նշանակության հող է փչացնում, այլ մտածում է միայն իրեն հարկավոր տեղում շենք կառուցելու մասին:

– Ի վերջո, գյուղատնտեսության ներկա վիճակը ինչի՞ կարող է հանգեցնել:

– Ձեր թերթից վերջերս ստացած տեղեկատվության համաձայն` ըստ փորձնական մարդահամարի` ՀՀ բնակչության թվաքանակն այսօր տատանվում է 1 միլիոն 450 հազարից 1 միլիոն 600 հազար մարդու սահմաններում: Արդյոք ավելի սարսափելի երեւույթ կա՞, քան արտագաղթի այդչափ ծավալները: Խորհրդային Միության կարգերը հաստատվելու տարիներին Հայաստանում կար 650.000 մարդ, իսկ 1990-ականներին այդ թիվը հասել էր 3.5 միլիոնի: Դրանից առավել դասական ապացույց կա՞: Կարծում եմ` ավելորդ է խոսելը Խորհրդային Հայաստանի ոչ միայն տնտեսության մյուս ճյուղերի, այլեւ մշակույթի, գիտության եւ մյուս ոլորտների զարգացածության մասին: Եվ դա է պատճառը, որ Հայաստանը կունենա 2 պատմություն` հազարամյակների եւ 70 տարիների: Իհարկե, այդ 70 տարիներին եւս եղան թերություններ, բայցեւ շատ էին դրական տեղաշարժներն ու մեծ արդյունքը:

– Ձեր հոդվածներից մեկում իշխանություններին սթափվելու կոչ եք արել: Կարծում եք` այդ կոչը, այսպես ասած` տեղ կհասնի՞:

– Ի վերջո, իրավիճակը չեն կարող շտկել ոչ որեւէ հոդված, ոչ էլ որեւէ հարցազրույց: Արմատական լուրջ քայլեր պետք է ձեռնարկվեն իշխանությունների կողմից: Տարիներ առաջ պարարտանյութի արտադրությամբ սկսեցինք զբաղվել, սակայն սկզբունքային սխալ թույլ տվեցինք` գործարանը բացելով Վարդենիսում: 2003թ.այն փակվեց մի քանի պատճառներով, որոնցից մեկը լեռնային շրջաններում պարարտանյութի երբեւէ սպառում չունենալն էր, տեղափոխության մեծ ծախսերը եւ այլն: Իսկ գործարանը կառուցել էինք վարկի միջոցով, եւ մոտենում էր գումարների մարման վերջնաժամկետը: Ընդ որում` բանկը վարկ էր տրամադրել` գրավ վերցնելով մեր բիզնես ծրագիրը: Բանկն իր հերթին վերցրեց գործարանը, ունիկալ սարքավորումները վաճառեց եւ վերականգնեց իր ռեսուրսները: Այդ ժամանակ Ճապոնիան Հայաստանին ամենամյա դրամաշնորհ էր տրամադրում` պարարտանյութ ձեռք բերելու համար: Խնդրեցի ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին այդ դրամաշնորհի 5%-ը տրամադրել` ասելով, որ այդ գումարով կարտադրեինք պարարտանյութ, եւ նաեւ պարարտանյութի արտադրությամբ զբաղվող գործարանը չէր փակվի: Ի պատասխան իմ խնդրանքի` ՀՀ Գյուղատնտեսության նախկին նախարար Զավեն Գեւորգյանն ասաց, թե քանի որ Հայաստանն աշխարհի պարարտանյութ արտադրողների ցուցակում ներառված չէ, հետեւաբար չէին կարող պայմանագիր կնքել մեզ հետ: Այլ կերպ ասած` դուռ չմնաց, որ չբախեի: Եվ տպավորություն է, որ այսօր Գյուղատնտեսության նախարարությունը հատուկ հանձնարարություն ունի հայտարարելու, որ Հայաստանում վիճակը լավ է: Որեւէ մեկին հակված չեմ մեղադրել: Այս ամենն ասում եմ ցավով, եւ առավել քան ցավ եմ ապրում, որ այսօր չեմ կարող գոնե 1 օր մնալ գյուղում, որտեղ տիրող վիճակն առավել քան հոգեբանական ճնշում է գործադրում ինձ վրա: Եվ վերջում թույլ տվեք կրկին սթափվելու կոչ անել բոլորին: Հարկավոր է սրտացավ գործունեություն ծավալել, համաժողովրդական վերաբերմունք ցուցաբերել մեզ բոլորիս կերակրողի` հողի, գյուղատնտեսության նկատմամբ: Տնտեսական, ֆինանսական, քաղաքական ճգնաժամը չոքել է բոլորիս դուռը: Կամ պետք է սթափվել, կամ էլ հետեւանքների մասին այլեւս դժվար է որեւէ կանխատեսում անել: Նման ճգնաժամերի դեպքում մեծ մտածողները խորհուրդ են տալիս ամուր կառչել հողին: