Վերլուծություններից, լրատվամիջոցների քարոզչությունից ակնհայտ է դառնում մի բան` ապագա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում պայքարը դարձյալ լինելու է ներկա եւ նախկին նախագահների եւ նրանց համակիր կուսակցությունների միջեւ: Այսինքն` այսպես ասած` «քաղաքական միտքն» ի վիճակի է ընդամենը համեմատել այս երեք նախագահների իշխանության տարիներն ու նրանց ներկայիս գործունեությունը եւ, ըստ այդմ, պաշտպանել չարյաց փոքրագույնի թեկնածությունը: Նոր մարդու ներկայությունը բացառվում է: Եվ բացառում ենք նախեւառաջ մենք` ընտրողներս, տալով միայն այս երեք անունները եւ թվարկելով, թե ում իշխանության օրոք է պակաս վատ:
Հետեւաբար անհասկանալի է, թե ինչո՞ւ են սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի յուրաքանչյուր հրապարակային ենթադրությունից հետո քաղաքական ուժերն ալեկոծվում: Ադիբեկյանին համեմատում են Հուդայի հետ, ակնարկում, թե նա այս էլ որերորդ անգամ երեսուն արծաթով աղավաղում է իրականությունը: Իսկ ի՞նչ է ասում սոցիոլոգը. որ խորհրդարանական ընտրություններին ԱԺ-ում առավելագույն տեղերի հավակնող ուժերը երեքն են` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը: Նախագահական ընտրությունների թեմայով անկեղծությունները շատ չեն. շատերը դեմ չեն, որ երկրի նախագահ լինի Գագիկ Ծառուկյանը:
Այսինքն` սրանք իրականությանը չհամապատասխանո՞ղ եզրակացություններ են: Հասկանալի է` ո՛չ: Զայրացնում է այն, որ հանրահայտ այս ճշմարտությունները ճարպկորեն ներկայացվում է որպես լուրջ հետազոտության արդյունք: Առավել եւս, որ դրա համար անգամ վճարում են: Իսկ մնացյալը հալած յուղ է:
Մեր թերթին տված իր հարցազրույցում ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հավանականության մասին ասաց. «…Իմ ենթադրությունն այն է, որ Քոչարյանը վերջիվերջո քաղաքական ներգրավվածություն ունենալու է: Նախ` խորհրդարանական ընտրություններն են: Այստեղ էլ, ես կարծում եմ, որ ինչ-որ դրսեւորում կլինի»: Այս հայտարարությանն անմիջապես սկսեցին հետեւել վերլուծություններ, թե, տեսեք, խնդրեմ, միայն այս նախադասությամբ ինչպիսի խուճապ առաջացավ քաղաքական դաշտում: Եվ այդ դաշտից չկա մեկը, ով զարմանա` չկա՞ ոչինչ, որ կաշկանդի Ռոբերտ Քոչարյանին քաղաքական իրականությունից անգլիական ձեւով հեռանալ: Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնը զբաղեցրեց 1998-ին, «հայտնի ուժերի» պալատական հեղաշրջման հետեւանքով: Ապա նախագահական ընտրություններին ուղղակիորեն պարտվեց Կարեն Դեմիրճյանին, ապա եւ Ստեփան Դեմիրճյանին: Այս երկու ընտրություններն «ընդմիջվեցին» Հոկտեմբերի 27-ով: Նախագահի` պաշտոնից հեռանալուց առաջ տեղի ունեցավ Մարտի 1-ը, սպանվեցին տասը քաղաքացիներ: Այդ տարիներին կոռուպցիան, հովանավորչությունը ծաղկում էին այնպես, ինչպես այսօր: Քոչարյանը ամենահզոր օլիգարխի, չթագադրված արքայի կարգավիճակ տվեց Գագիկ Ծառուկյանին, նրան մտցրեց քաղաքական դաշտ: Եվ այսօր կան մարդիկ, հիմնականում` ԲՀԿ անդամներ ու համակիրներ, որ անհամբեր սպասում են նրա վերադարձին: Խորհրդարանում առավելագույն տեղերի ակնկալիք ունի նաեւ ՀԱԿ-ը: Նախագահի պաշտոնին հավակնություն ունենալու մասին Լեւոն Զուրաբյանն այս տարի ապրիլին հայտարարեց, թե «Լեւոն Տեր-Պետրոսյանը միանշանա՛կ առաջադրելու է իր թեկնածությունը, եթե Հայաստանում տեղի ունենան արտահերթ ընտրություններ»: Հերթական ընտրությունների մասին հարցին պարոն Զուրաբյանը չի պատասխանել: Սակայն ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի այլեւս միակ թեկնածուն է, ում առաջադրվելը երկրի նախագահի պաշտոնում ադեկվատ կընկալվի: Սակայն այս դեպքում էլ լուրջ չի լինի ձեւացնել, թե մոռացել ենք Տեր-Պետրոսյանի իշխանության տարիների հովանավորչությունը, կոռուպցիան: Ի վերջո, 96թ. նախագահական ընտրությունները եւ Վազգեն Սարգսյանի հայտնի միտքը. եթե ընդդիմության թեկնածուն անգամ 100 տոկոս ձայն հավաքի, միեւնույն է, չենք թողնի: Վազգեն Սարգսյանին, եթե չեմ սխալվում, բարձրագույն իշխանությունից որեւէ մեկը չառարկեց:
Վերընտրվելու հավակնություններ ունի նաեւ գործող նախագահը: Ավելորդ է ասել, որ առաջին եւ երկրորդ նախագահների օրոք մեծ թափ ստացած արտագաղթն այժմ էլ նույն ձեւով շարունակվում է: Այսօր էլ երկրի համար ստրատեգիական կարեւորություն ունեցող ոլորտները ղեկավարող պաշտոնյաներն ավելի կոռումպացված են, քան երբեւէ: Ընդ որում` օրենքները շրջանցում են հենց նախագահի գիտությամբ: Նախագահն անձամբ է վերահսկում բիզնեսը: Անգամ` մանր ու միջին: Սակայն, այդուհանդերձ, ցանկանում է դարձյալ ղեկավարել: Եվ փորձագիտական հանրույթը` համակարգիչների առաջ նստած, թխկթխկացնում է հոդվածներ` ի պաշտպանություն այս հնարավոր թեկնածուներից մեկի` ոչնչացնելով մյուս երկուսին: Սերժ Սարգսյանի եւ Տեր-Պետրոսյանի հնարավոր համագործակցությունը եւս դիտվում է Քոչարյանի վերադարձի առանցքում: Պուտինի վերադարձը եւս դիտարկվում է Քոչարյանի` հնարավոր վերադարձի ֆոնին: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ոչինչ չի ասում Րաֆֆի Հովհաննիսյանի, Դաշնակցության թեկնածուի մասին: Դաշնակցության 31-րդ ընդհանուր ժողովից հետո ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը սպասվող նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով հանդես գալու շուրջ ասել էր. «Մենք բոլոր ընտրություններին գնում ենք միայնակ, առանձին մասնակցելու տրամաբանությամբ»: Եթե, իհարկե, չլինեն ֆորսմաժորային վիճակներ, երբ ՀՅԴ-ն կգնա համախմբման եւ միասնական ճակատ ստեղծելուն:
Նախագահի թեկնածուի լուրջ հավակնորդ է նաեւ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ում հնարավորությունները հայ սոցիոլոգիական միտքը չի նկատում: Նրա թեկնածությունը փորձ է արվում անլրջացնել, նրա արտաքինի մասին ընդդիմադիր ճամբարից հաճախ անլուրջ եւ չար կատակներ են հնչում: Ինչը, սակայն, որեւէ ձեւով չի կարող բացասաբար անդրադառնալ նրա հեղինակության վրա: Րաֆֆի Հովհաննիսյանի հակառակորդը իր իսկ անհետեւողականությունն է սեփական քայլերում:
Առջեւում խորհրդարանական ընտրություններն են: Նախադեպերը ցույց են տալիս, որ ընտրությունների ժամանակ մեր երկրում պատահականություններ չեն լինում: Հարցրե՛ք Ահարոն Ադիբեկյանին: