Սեպտեմբերի 25-ի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լոս Անջելեսում մասնակցել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական ընդունելությանը, որտեղ հանդես է եկել ողջույնի խոսքով: Իսկ մինչ այդ, Ս. Սարգսյանը հանդիպել է աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հետ: Նա նշել է, որ ցանկություն ունի մի օր կրկին վերադառնալ Հայաստան, քանի որ սիրել է մեր երկիրը եւ չափազանց բարձր է գնահատում այն ջերմ վերաբերմունքը, որին արժանացել է Երեւանում ՀՀ նախագահի եւ հայ հանդիսատեսի կողմից: Խոսելով իր ծրագրերի մասին` նա Ս.Սարգսյանին ասել է, որ մինչ վերադառնալը մտադրություն ունի օպերա բեմադրել Լոս Անջելեսում, որը կարող է լինել «Անուշը» կամ «Դավիթ Բեկը»: Իսկ անկախության 20-ամյակին նվիրված տոնական ընդունելության ժամանակ իր խոսքում Ս. Սարգսյանն ասել է. «Առանձնահատուկ երջանկության րոպեներ եմ ապրում միշտ, երբ արտասահմանյան այցերիս ընթացքում տեսնում եմ եռագույնը հպարտությամբ բարձրացրած մեր երիտասարդներին ու երեխաներին: Դա նշանակում է, որ աշխարհի երեսին չկա այնպիսի ուժ, որը կկարողանա այդ երիտասարդներին այլեւս երբեւէ կտրել իրենց հայկական օջախից: Դա նշանակում է, որ ծնվելով եւ կայանալով մեկ այլ երկրի, լեզվի, մշակույթի պայմաններում, նրանք կարողացել են պահպանել հայի ոգին, որն իրենց հաստատապես բերելու է Հայաստան: 1991թ. իրականություն դարձավ ողջ հայ ժողովրդի երազանքը: Արդեն երկու տասնամյակ շարունակ մենք կառուցում ենք մեծ աշխարհի մե՛ր անկյունը, մե՛ր պետությունը` Հայաստանի Հանրապետությունը: Կառուցում ենք` հաղթահարելով մեկը մյուսից դժվար ու դաժան մարտահրավերներ: Կառուցում ենք, դիմակայելով աղետ ու պատերազմ, շրջափակում ու ճգնաժամ: Կառուցում ենք, մեծով ու փոքրով, համայն հայության ջանքերով: Այս կարճ ժամանակաշրջանում փորձել ենք ստեղծել պետականության հիմքերը, ամրացնել ժողովրդավարությունը, կայացնել քաղաքացիական հասարակությունն ու ազատ տնտեսությունը, ինտեգրվել միջազգային հանրությանը»: Ս. Սարգսյանի խոսքով` պատմության համար ակնթարթ, բայց մեզ համար երկար, բարդ, բայցեւ շատ հետաքրքիր 20 տարիները եղան կորուստների, փնտրտուքի, հաջողությունների ու նվաճումների տարիներ: «Այսօր ունենք կայացած պետական կառավարման համակարգ, ունենք բանակ, որով ուղղակի կարելի է հպարտանալ, եւ մենք հպարտանում ենք, թափ հավաքող քաղաքացիական հասարակություն եւ ժամանակակից պետության բոլոր հաստատությունները: Սակայն ձեռք բերածով գոհանալ անկարելի է: Եվ շարունակում ենք ամրացնել մեր պետությունը` ամեն օր, քայլ առ քայլ ու հետեւողականորեն»,- ասել է Ս. Սարգսյանը: Նաեւ հավելել է. «Նայենք մեր շուրջը. բազմաթիվ են Հայաստան վերադարձած կամ մեր հայրենիքի կյանքում աշխույժ ու անմիջականորեն մասնակցող սփյուռքահայերը: Անշուշտ, դա հեշտ բան չէ: Հեշտ չէ թողնել ծանոթ միջավայրը եւ տեղափոխվել անծանոթ, երեւակայական թվացող հայրենիք: Սակայն այսօր ունենք բազմաթիվ թեւավորող օրինակներ: Մեր հայրենակիցներից շատերն են ճաշակել հայրենիքում ապրելու եւ գործելու ոգեւորությունը: Ցավոք, նրանցից ոմանք ճաշակել են եւ հիասթափությունների դառնությունը: Պիտի սովորենք մեր ոգեւորիչ օրինակների դասերը: Սակայն առաջին հերթին պետք է ազատ ու բաց քննարկենք հենց դառնությունների պատճառները: Քննարկենք միասին, քանի որ թերությունը մատնանշելը գործի կեսն է միայն: Անհրաժեշտ է համատեղ փնտրել դրանց վերացման ուղիներն ու կիսել հաջողության պատիվն ու պատասխանատվությունը: Հայաստանն իրականում երեւակայական, ռոմանտիկ հայրենիք չէ: Հայաստանը հողեղեն է` իր բերկրանքներով եւ իր դժվարություններով: Մենք ահռելի առաջընթաց ենք ապրել, բայց ունենք բոլորիս քաջ հայտնի թերություններ: Իսկ ո՞վ մեզ կարող է օգնել հաղթահարել այդ թերությունները, եթե ոչ` մեր հայրենակիցները: Ես հրավիրում եմ բոլորիս բաց եւ շիտակ խոսակցության: Սփյուռքի մեր արյունակիցներին մենք դիմում ենք որպես հարազատի: Եվ հենց հարազատության իրավունքով միասին պետք է քննարկենք բոլոր թերությունները: Պիտի քննարկենք մեր խնդիրները` առանց յուրաքանչյուրս իր պատասխանատվության բաժնից խուսափելու: Իսկ խնդիրներ դեռ շատ ունենք: Մենք դեռ չենք հասել կայուն խաղաղության ու ստիպված ենք ահռելի միջոցներ ծախսել մեր երկրի ու մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: Թուրք-ադրբեջանական տանդեմը ողջ աշխարհում, բոլոր միջազգային ամբիոններում արշավ է տանում մեր երկրի դեմ, որին պարտավոր ենք հակազդել: Մեր փոքրիկ տնտեսությունը շարունակում է խոցելի մնալ արտաքին անբարենպաստ ազդակների հանդեպ, ու մենք մեծ ջանքեր ենք գործադրում պաշտպանելու համար մեր տնտեսավարողներին, ապահովելու մեր տարեցների գոնե նվազագույն կարիքները: Ամենամեծ մարտահրավերներից մեկը, անշուշտ, շարունակում է մնալ կոռուպցիան, եւ մենք շարունակում ենք պայքարել խորհրդային տարիներից ժառանգած ու վերջին տասնամյակներում նոր երանգներ ստացած այդ երեւույթի դեմ գրեթե բոլոր ոլորտներում` կրթությունից մինչեւ քաղաքաշինություն, սոցիալական ապահովության ոլորտից մինչեւ գյուղատնտեսություն: Այս բոլոր խնդիրները մերն են, ու լուծումներն էլ մենք պետք է գտնենք: Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ կարող ենք գտնել անհրաժեշտ լուծումները: Դրա համար մենք ունենք ներուժ եւ կամք: Ունենք կարեւոր պատմական հիշողություն եւ դասեր, որ պարտավոր ենք քաղել մեր իսկ անցյալից: Հայաստանի Հանրապետության ստեղծումը նախորդ դարասկզբին սեփական ուժերով մեր դարավոր երազանքն իրողություն դարձնելու մեր զորության փայլուն ապացույցն էր: Մայիսի 28-ը նաեւ մեր առջեւ ամենամեծ ու ամենադժվար խնդիրներ դնելու եւ համատեղ լուծելու մեր կարողության ապացույցն էր: Այդ զորության արմատները ձգվում են դարերի խորքից: Եվ այդ զորության ծառը ծաղկում ու պտղավորվում է ամեն անգամ, երբ մենք դրսեւորում ենք հավատ սեփական ուժերի հանդեպ, հավաքական ջանք, ներքին համաձայնություն, փոխադարձ հարգանք, մեծահոգություն, ներողամտություն եւ վստահություն: Մեր դարի խորհրդանիշը ազատությունն է: Ազատություն, որը ձեռք ենք բերում` մրցելով ու գործակցելով: Մրցում են անհատները, մրցում են տնտեսավարողները: Մրցում են տնտեսություններն ու պետությունները: Եվ որքան մրցունակ ենք մենք, այնքան մեծ է ազատությունը, որ կարող ենք վայելել: Մենք` որպես ազատատենչ մարդիկ, որպես 20-ամյա ազատ ու անկախ պետականություն նվաճած ժողովուրդ, շարունակում եւ շարունակելու ենք մրցել: Մրցում ենք բոլոր ուղղություններով ու բոլորի հետ: Եվ այս շարունակական մրցության մեջ արդյունքի հասնելու միակ գրավականը մեջքիդ ամրությունն է, հաղթանակի համար հետդ մեկտեղ պայքարող ընկերոջ ու արյունակցի մեջքի հպումը զգալը: Ես հավատում եմ, որ խելահեղ այս մրցակցության մեջ մենք մեջք մեջքի ենք: Մեջք մեջքի` ստեղծելու ու կառուցելու համար: Մեջք մեջքի` մեր ազատությունը պաշտպանելու համար: Ավելի ազատ լինելու համար: Վստահ եմ` մեր ընդհանուր հայրենիքի խնդիրների լուծման ուղղությամբ աշխատելը նոր ուժ եւ հզորություն է տալու թե՛ մայր հայրենիքին, թե՛ սփյուռքին: Նպաստելու է հայապահպանության գործին սփյուռքի բոլոր գաղթօջախներում, որտեղ էլ դրանք լինեն: Մեզ օր առաջ է մոտեցնելու Արցախի խնդրի արդար լուծմանը: Ամրապնդելու է մեր անկախ պետականության հիմքերը: Զորացնելու է մեր հարատեւության ծառի արմատներն ու փարթամացնելու մեր ազատության ու անկախության սաղարթը: Ասում եմ սա ամենայն համոզվածությամբ, քանի որ Հայաստանի Հանրապետությունն է հայ ժողովրդի հարատեւության միակ իրական երաշխավորը: Որեւէ այլ ուժ այդ պատասխանատվությունը մեր փոխարեն չի ստանձնելու»:
Ի դեպ, ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, Սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ ՀՀ նախագահի հրամանագրերով պարգեւատրվել են ՀՀ մեդալներով եւ շքանշաններով: