Հիմա ով է բոմժը

27/09/2011

Արաբկիրի թաղապետը պարտավոր է ներողություն խնդրել երեխաներից` նրանց «բոմժ» ասելու համար. «Խոսքի իրավունք»

«Խոսքի իրավունք» միավորումը կոչ է անում Արաբկիրի թաղապետ Էդվարդ Մուշեղյանին` ներողություն խնդրել երեխաներից` նրանց «բոմժ» անվանելու համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Խոսքի իրավունք» միավորումը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Միավորումը հայտարարություն էր տարածել, որում մտահոգություն էր հայտնում Արաբկիրի թիվ 26 մանկապարտեզի քանդման վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում էր. «Մեր համաքաղաքացիները հոգնել են պետական ատյանների կողմից անտեսված լինելուց, որ հասարակ մարդու սովորական ցանկությունը հաշվի չի առնվում, որ փող ունեցողը տրորում եւ ոտնատակ է անում մնացածի իրավունքները, փող ունենալու դեպքում կարող ես երեխայի խաղահրապարակի փոխարեն քեզ ավտոտնակ կառուցել, քո անճոռնի ու այլանդակ կառույցը չեն քանդի, իսկ օրվա հացին կարոտ մարդու փոքրիկ կրպակը կքանդեն»: Ըստ «Առավոտ» թերթի` մանկապարտեզի երեխաների ծնողների հետ հանդիպման ժամանակ Է. Մուշեղյանը մանկապարտեզի մասին ասել էր. «Էս ի՞նչ ա, բոմժանոց ա, ինչքան բոմժ կա` գալիս ա էդտեղ»։ «Խոսքի իրավունքն» այս առիթով հաղորդագրության մեջ գրում է. «Իրականությունը ցույց տվեց, որ այդ խոսքերը, որքան էլ կտրուկ եւ կոպիտ են հնչում, այնուամենայնիվ, չափազանցեցված չեն, քանի որ ավելի կոպիտ եւ վիրավորական բառ օգտագործեց Արաբկիրի թաղապետը երեխաների հասցեին: «Առավոտ» թերթից տեղեկացանք, որ նա երեխաներին անվանել է բոմժ: Իսկ թերթի այն հարցին, թե ինչո՞ւ է երեխաներին բոմժ ասել ու ի՞նչ է նկատի ունեցել, Մուշեղյանը պատասխանել է. «Իրենք (ծնողները) բացատրություն ուզեցին, թե ինչից է, որ մանկապարտեզներում տեղ չկա, ես էլ բացատրեցի, որ քանի որ անվճար են դարձել մանկապարտեզները, բոմժեր կան, որոնք աղբամաններից են հաց վերցնում, առավոտ 8։30-ից երեխեքին բերում են, իրիկունը 6-ին տանում են, այստեղ իրենց երեխային կերակրում են, լվացացնում են, դրա համար տեղ չկա մեր մանկապարտեզներում: Իշխանության ներկայացուցչի կողմից նման վիրավորանքը ցինիզմի դրսեւորում է: Դա հիասթափեցրեց մարդկանց, եւ հերթական անգամ հողին հավասարեցվեց պաշտոնյայի` առանց այդ էլ վարկաբեկված կերպարը»: