Բուժիչ նամակներ

27/09/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Հորտենզիա-դրախտավարդ

Հորտենզիան ծաղիկների լեզվով նշանակում է` սառնություն, անտարբերություն, սակայն ֆեն-շուի ուսմունքի հետնորդները պնդում են, որ հորտենզիան հաջողության խորհրդանիշ է, եւ խորհուրդ են տալիս այն աճեցնել պարտեզային ծաղկանոցներում։

Հորտենզիայի թուփն ունի գրավիչ տեսք, գեղեցիկ են ծաղիկները եւ տերեւները, այն լավ է համադրվում շրջապատում աճող այլ բույսերի հետ։ Հարմար բույս է տան մուտքը զարդարելու համար։ Խոշոր տերեւի արտաքին մասը վառ կանաչ է, հակառակ երեսը` մոխրականաչավուն։ Սպիտակը ծաղիկների խոշոր ծաղկաբույլերը հիշեցնում են բացված հովանոցներ։ Հորտենզիան սիրում է պարարտացված բնահողեր, բույսն ունի ծավալվող, հզոր, ավելի քան կես մետր խորացող արմատ։ Այդ է պատճառը, որ բույսը ցրտադիմացկուն է։ Երիտասարդ թփերը աշնանը պետք է ծածկել տերեւներով։ Բույսը խոնավասեր է։ Որպեսզի մատղաշ ցողուններն ամրանան, ջրի մեջ պետք է ավելացնել մի փոքր մանգանա-կալիական լուծույթ (մարգանցովկա)։

Բույսի էտումը պետք է կատարել վաղ գարնանը, մինչեւ կենսական նյութերի շարժումը։ Էտելուց հետո բույսի բարձրությունը պետք է լինի 50-70 սմ։

Հետաքրքիր առանձնահատկություն. կախված հողի թթվայնության աստիճանից` փոխվում է ծաղիկի գույնը։ Թուփը ջրելիս, ամեն 10 լիտրին ավելացրեք 30-40 գրամ ալյումոկալ, շիբ, ապա գույնը սպիտակից կփոխվի երկնագույնի, վարդագույնից` բաց մանուշակագույնի, մուգ վարդագույնից-մանուշակագույնի։ Հասուն թփի համար պահանջվում է 30-40 լ լուծույթ, գույնը փոխելու համար հարկավոր է ջրել 2 անգամ։

Նպատակին հասնելու համար կարելի է բույսի թփի տակ ցանել ծծմբաթթվային ալյումինիում։

Հորտենզիան բազմացնելու ամենապարզ եղանակը հետեւյալն է, թփի ցածի մասում աճող ճյուղերից մեկի կենտրոնական մասն ամրացրեք հողի մեջ, իսկ գագաթը թողեք ազատ։ Այդ գործողությունը պետք է կատարել մայիս-հունիսին։ Աշնանը կենտրոնական մասում կձեւավորվի նոր արմատ։ Տնկիների համար լավագույն ժամանակը վաղ գարունն է։ Առաջին տարին պետք է հեռացնել կոկոնները, որպեսզի զարգանա թուփը։ Կան հորտենզիայի լիանատիպ, փաթաթվող եւ գետնատարած տեսակներ։ Հորտենզիան բազմացնում են նաեւ թփի բաժանումով կամ կտրված մատղաշ բույսերի վերատնկումով։ Այս դեպքում տնկին տեղադրում են 2-3 սմ խորության վրա եւ ծածկում ապակե տարայով։ Արմատակալելուց հետո տարան հեռացնում են վրայից։ Ուշ աշնանը տնկիները տեղափոխեք հով նկուղ եւ երբեմն ջրեք կամ ծածկեք տերեւների հաստ շերտով։

Հորտենզիայի հունարեն Hydrangea անվանումը նշանակում է ջրով լի անոթ։ Չոր եղանակին անհրաժեշտ է բույսն ամեն օր ջրել, կարեւորը, որ արմատը լինի խոնավ հողում։ Ամիսը 2-3 անգամ պետք է հողը սնուցել հանքային եւ օրգանական պարարտանյութերով։ Հորտենզիաների համար մշակվում, վաճառվում են հատուկ պարարտանյութեր` «Ազալիա»։

Հորտենզիան այն հազվադեպ բույսերից է, որն իր մեջ կուտակում է ալյումինիում։ Այդ պատճառով կարեւոր է, որպեսզի բույսն աճեցվի բարձր թթվայնության հողերի վրա։ Հորտենզիայի լավ աճի համար ցանկալի է, որ մոտակայքում աճի փշատերեւ ծառ, քանի որ թափվող ասեղիկները բարձրացնում են հողի թթվայնությունը։

Երկաթն եւ ալյումինիումը ծաղիկներին հաղորդում են կապույտ երանգներ։

Եթե էտելիս թողնեք ճյուղի վրա երկու զույգ բողբոջ, ապա ծաղկաբույլերը կլինեն քանակությամբ քիչ, բայց խոշոր։

Ձմեռային ծածկը պետք է հանել հետզհետե` բարձրացնելով այն։ Վերջնականապես հեռացնելով, երբ անցնի ձմեռային ցրտահարությունների վտանգը։

Հորտենզիայի ծաղկաբույլերն օգնում են նյարդային լարվածության դեպքում.

– Սպիտակ ծաղիկների գնդաձեւ հովանոցիկը բարձրացնում է տրամադրությունը։

– Եթե քնելուց առաջ նայեք հորտենզիայի բաց կապտավուն ծաղիկին եւ մտածեք հաճելի որեւէ բանի մասին, բուռն, անհանգիստ մտածմունքները կհանդարտվեն։

* Հորտենզիան տեղադրեք սենյակի հեռավոր անկյունում կամ այլ բույսերի հարեւանությամբ։