Դատարանում կապացուցի

24/09/2011

«Բոլորդ գիտեք` ովքեր են զբաղվել զինամթերքով. Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ իր ոհմակը»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով իրեն հասցեագրված մեղադրանքներին, հայտարարել է ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հարցին` եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը Ձեզ դատի տա այս մեղադրանքների համար, ի՞նչ կանեք, նա պատասխանել է. «Ես դատարանում կապացուցեմ»: Նաեւ հավելել է. «Միջազգային բոլոր կազմակերպությունները գրեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Հայաստանը նարկոտրաֆիկ ա, եսիմ ինչ զիբիլ ա կոչվում, դրա փոխադրման տեղ ա դարձել: Լ. Տեր-Պետրոսյանի ժամանակ էր, որ մեր ազգի մեծ մասը գնաց ու մարմնավաճառությամբ զբաղվեց: Սաղդ դա մոռացա՞ք, սաղիդ հիշողությունը խամրե՞ց, ու որոշեցիք, որ դրանով ե՞ս եմ զբաղվում»: Հարցին էլ` եթե Լ. Տեր-Պետրոսյանը նորից գա իշխանության, կաշխատե՞ք նրա հետ, Ռ. Հայրապետյանը պատասխանել է. «Ես ներողություն կխնդրեմ ֆուտբոլային հասարակությունից եւ հրաժարական կտամ, եւ կհեռանամ Հայաստանից: Դուք չեք պատկերացնում, թե ժամանակին նա ինչ է արել իշխանությունում»: Անդրադառնալով ընդդիմադիր մամուլում իր հասցեին հնչող քննադատությանը, Ռ. Հայրապետյանը հայտարարել է, թե իր դեմ արշավ է իրականացվում, քանի որ 2008թ. ընտրություններից առաջ ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ փորձել է իրեն ընդգրկել ընդդիմադիր ճամբարում, բայց ինքը հրաժարվել է: «Ինքը երազում էր, ինքը երեք անգամ խնդրել է ինձ, եկել է ինձ մոտ, խնդրել է: Վերջին անգամ 2008թ. հունվար ամսին խնդրել է, որ ես դավաճանեմ: Բայց ես էդ տեսա՞կն եմ, որ դավաճանեմ»: