Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքը, ինչպես եւ սպասվում էր, եղավ չափազանց ջրբաժանային: ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «այսօրվանից մենք պետք է ավելացնենք մեր ճնշումները եւ առավել հաճախակի ու մարդաշատ հանրահավաքների, ինչպես նաեւ զանգվածային այլ միջոցառումների միջոցով ստիպենք իշխանություններին` կատարելու մեր պահանջները…», եւ 3 ամսով երկարաձգեց իշխանություններին իրենց հատկացրած ժամանակը: Իսկ պահանջներն, ըստ էության, նոր չէին, դրանք ընդամենը հարմարեցվել են աշնանային սեզոնին: Եթե մինչեւ երեկ վերջնաժամկետ էր հայտարարված սեպտեմբերի 30-ը (ՀԱԿ ներկայացուցիչները հայտարարում էին, որ եթե մինչեւ հոկտեմբերի կեսը արտահերթ նախագահական ընտրություններ չանցկացվեն, ապա իշխանությունների վերջը լավ չի լինի), ապա երեկ Տեր-Պետրոսյանը 8 պահանջների թվում առաջինը նշեց. «Մինչեւ տարվա վերջ անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: 2. Ընտրություններից առաջ ՀՀ ընտրական օրենսգրքում կատարել էական փոփոխություններ` նրանցում ընդգրկելով մեր ներկայացրած հայտնի առաջարկները…»: Մնացած պահանջներն, ըստ էության, էական չեն, քանի որ ՀԱԿ առաջնորդն ինքը հայտարարեց` «պատրաստ ենք լրջորեն վերաբերվել այդ առթիվ իշխանությունների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման»: Այսպիսով, ՀԱԿ-ը եւս մեկ քայլ արեց դեպի հերթական ընտրություններ ժամանակ շահելու ուղղությամբ` իշխանություններին ընդամենը սպառնալով հաճախակիացնել հանրահավաքները: Թե որքանով են իշխանությունները դրանից սարսափում` ակնհայտ էր երեկ` բարձրագույն իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները Հայաստանում չէին: Զարմանալիորեն ՀԱԿ-ը չհայտարարեց, որ նրանք փախել են` երեկվա հանրահավաքի ահից: Իսկ Լ. Տեր-Պետրոսյանի երեկվա հանրահավաքի հիմնական «մեսիջն» ուղղված էր արտաքին աշխարհին` ԱՄՆ-ին ու Ռուսաստանին: Ծավալուն մեջբերումներ անելով «Wikileaks»-ի հրապարակումներից` «մեղմորեն» քննադատելով ամերիկացիներին` Սերժ Սարգսյանին աջակցելու համար, նա եւ ԱՄՆ-ին, եւ ռուսներին փորձում էր հասկացնել, որ ինքն ավելի լավն է: Դա հատկապես ակնհայտ էր Սերժ Սարգսյանի` երեկ ԱՄՆ-ում ստացած մրցանակի եւ այսօր Մոսկվայում մեկնարկելիք «Եդինայա Ռոսիայի» համագումարի համատեքստում: Այսինքն` Լ. Տեր-Պետրոսյանը փորձում է թերեւս վերջին անգամ աշխարհին ասել` «Եվ այդ մեկ մարդը ես եմ»: Թե ինչպես են դրան վերաբերվում այդ ուղերձի հասցեատերերը, նշված է նույն «Wikileaks»-ի հրապարակումներում, որոնք այդքան ջերմեռանդորեն մեջբերում է Լ. Տեր-Պետրոսյանը: