ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ վերահաստատել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը: Հիշեցնենք, որ նա դեռեւս ապրիլ ամսին հայտարարել է, որ ԱԺ-ն իր տեղը չէ, եւ ինքն այնտեղ իրեն լավ չի զգում: Հարցին, թե ինչո՞ւ չի հրաժարվում պատգամավորական մանդատից, Ռ. Հայրապետյանը պատասխանել է. «Եթե ձեզ պետք է, ապա հենց այս պահին կհրաժարվեմ»: Նաեւ հավելել է. «Մի քանի ամիս է մնացել, չարժի, որ հիմա հրաժարվեմ, պետությանը ծախսի տակ գցեմ: Ամեն ընտրություն, դա ծախս է»: Իսկ ինչ վերաբերում է Անկախության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից իրեն չպարգեւատրելու փաստին, նա ասել է. «Ինձանից մեծ պարգեւ ո՞վ է ստացել. 4 խաղում մեր հավաքականը 12-ից 10 միավոր վաստակեց: Դրանից մե՞ծ պարգեւ: Նախագահը խաղից հետո զանգել, ասել է, որ տղաները հերոսներ են: Դրանից մեծ պարգեւ չկա»: Երեկ Ռ. Հայրապետյանն անդրադարձել է նաեւ իրեն հասցեագրվող այն մեղադրանքներին, թե դատի տալով «Հայկական ժամանակ» օրաթերթին` նպատակ է ունեցել սնանկացնել թերթին: «Դիմում եմ բոլորիդ. ի՞նչ կանեք դուք, երբ Ձեր անձի մասին հերյուրանքներ տպագրեն` նշելով, թե ծանր հանցագործություններ եմ գործել, զբաղվել եմ թմրանյութերի վաճառքով: Պահանջել եմ հերքում, նրանք հրաժարվել են: Գրում են, որ ես ծեծել եմ ոստիկանապետին: Գրում եմ` հերքում տպեք, հրաժարվում են: Դիմում ենք դատարան»:
Ի դեպ, Ռ. Հայրապետյանը երեկ հայտարարել է, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում կատարված միջադեպի հետ ինքը որեւէ առնչություն չունի: Նա անդրադարձել է նաեւ «Facebook» սոցիալական իր կայքէջում իր հասցեին գրված հայհոյանքներին` ասելով. «Մի հատ նայեք` ինչեր են անում, ինչ վիրավորանք ասես` գրված է: Հիմա որ ես գտնեմ էդ մարդուն, ու հաստատ գտնելու եմ, էլի ասելու են` Հայրապետյան Ռուբենը նորից պատժեց: Իհարկե, պատժելու եմ: Ավելի շատ պատգամավոր չեմ ուզում դառնալ մի բանի համար, որ անկախ մարդ կլինեմ, ժամանակավոր կուսակցությունից էլ դուրս կգամ, որ իմ արարքները չվերագրեն իմ կուսակցությանը, ու այ, էդ ժամանակ կտենան»: