Աշխատանքային այցով սեպտեմբերի 22-ին ԱՄՆ ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մեկնել է Էլլիս կղզի, որտեղ այցելել է Ներգաղթի թանգարան, դիտել 1915թ. Հայոց ցեղասպանությանը եւ Էլլիս կղզով ԱՄՆ ներգաղթած ցեղասպանությունից փրկված հայերի հիշատակին նվիրված ցուցադրությունը: Ս. Սարգսյանին կղզում հյուրընկալել եւ ուղեկցել են ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիայի» (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինին, ԿԱԷԿ-ի խորհրդի անդամներ, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ: ԿԱԷԿ նախագահ Նասեր Կազեմինին ՀՀ նախագահ Սարգսյանին շնորհել է «Էլլիս կղզի» պատվո մեդալը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պարգեւի համար` նշելով. «Խորին շնորհակալություն եմ հայտնում Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիային` Էլլիս կղզու պատվո նշանով ինձ պարգեւատրելու համար, ինչպես նաեւ այն անձանց ու կազմակերպություններին, որոնք ներկայացրել են իմ թեկնածությունը: Մեծ պատիվ եմ համարում սա եւ գիտակցում եմ, որ այս պարգեւին արժանացող առաջին ոչ ամերիկացի նախագահն եմ: Պատվո նշանը կրում է մի անուն, որն ամբողջ աշխարհում արդեն ավելի քան մեկ դար է հույսի, ազատության հնարավորությունների, արժանավայել կյանքի զորեղ խորհրդանիշներից է: Էլլիս կղզով` խոսքի եւ խղճի ազատության, տնտեսական նոր հնարավորությունների հույսով ու ակնկալիքով Միացյալ Նահանգներ մուտք են գործել պատերազմների, արհավիրքների, չքավորության պատճառով իրենց հայրենիքը լքած միլիոնավոր, իսկ այսօր այստեղ իմացանք` 12 մլն գաղթականներ ու տարագիրներ: Պատահական չէ, որ հենց այս կղզու հարեւանությամբ է վեր խոյացել ու յուրատեսակ փարոսի վերածվել ամերիկյան ոգին լավագույնս մարմնավորող Ազատության արձանը: Էլլիս կղզով են անցել նաեւ
20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած տասնյակ-հազարավոր հայեր: Ժամանել են, հաստատվել, նոր կյանքի հիմք դրել եւ շատ արագ դարձել Միացյալ Նահանգների լավ քաղաքացիներ, ձեւավորելով ամուր ազգային համայնքներից մեկը, համայնք, որ զգալի ներդրում է ունեցել ԱՄՆ-ի հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային եւ գիտական կյանքում: Այսօր ես հուզմունքով եւ հպարտությամբ ընդունեցի այս պատվո նշանը, այդ թվում նաեւ` Էլլիս կղզով անցած հայորդիների եւ նրանց սերունդների անունից, ընդունում եմ որպես մեր ժողովրդի` այս հեռավոր ափերում ձեռք բերած հաջողությունների գնահատական, որպես հայ-ամերիկյան բարեկամության եւ գործընկերության հետագա զարգացման ու խորացման խորհրդանիշ: Ազգային բազմազանությունը ԱՄՆ-ի մեծության եւ հզորության աղբյուրներից մեկն է, նրա անսպառ հարստությունը: Միավորված եւ տոգորված լինելով այս պետության հիմնադիր-հայրերի` ազատության, իրավահավասարության, օրինապաշտության վեհ գաղափարներով, ազնիվ ու հպարտ ամերիկացիներ լինելով հանդերձ, ազգային համայնքների ներկայացուցիչները միեւնույն ժամանակ նաեւ իրենց ազգային ինքնությունը, լեզուն, սովորույթները պահպանելու եւ զարգացնելու բոլոր հնարավորություններն ունեն: Ամերիկահայությունն այն համայնքներից է, որ կարողացել է ամերիկյան հասարակությանն ինտեգրվելը ազգային ինքնության հետ միահյուսելու վառ օրինակ դառնալ: Երախտագիտության խոսք եմ ուղղում Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիային` մի կազմակերպության, որն իր գործունեությունը նվիրել է ԱՄՆ կյանքում ազգային համայնքների ներդրման ուսումնասիրմանն ու ժողովրդայնացմանը: Սա հատկապես կարեւոր է այն համայնքների դեպքում, որոնք չեն սերում խոշոր երկրներից կամ հանրություններից, բայց, այդուհանդերձ, բազմադարյան հարուստ մշակույթի ու մտավոր լուրջ ներուժի կրողներ են: Եվ շատ կարեւոր է, որ կազմակերպությունը ղեկավարում է լայնախոհ ու փորձառու անձնավորություն: Պարո՛ն Կազեմինի, օգտվելով առիթից, հրավիրում եմ Ձեզ եւ Ձեր ազնիվ տիկնոջն այցելելու Հայաստանի Հանրապետություն, որը, որպես անկախ պետություն, ընդամենը երեկ նշեց իր անկախության 20-ամյակը»: