Զինված բանդան վնասազերծվեց մահվան ելքով

24/09/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեկ` սեպտեմբերի 23-ի վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀԴՊ) գլխավոր վարչության, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր (ՔՀԳ) վարչության, Երեւանի վարչության եւ Ոստիկանության Երեւանի բոլոր բաժինների աշխատակիցները վնասազերծել են հանցավոր մի ավազակային խումբ, որոնց մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերք, դիմակներ, ինքնաձիգեր, ատրճանակներ են հայտնաբերվել: Գործողության պահին նրանցից մի քանիսին Ոստիկանությունը վնասազերծել եւ տեղափոխել է ԿՀԴՊ գլխավոր վարչություն, մյուսները դիմել են փախուստի, սակայն նրանց փախուստը եւս կանխվել է: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ սեւ գույնի «Մերսեդես» մակնիշի 60OO 086 պետհամարանիշով մեքենան` վնասված վիճակում, որի մեջ եղել է զենք-զինամթերք, դիմակներ եւ այլն: Երեկ Ոստիկանության կողմից վերահսկողության տակ էր առնվել Մյասնիկյան պողոտան` կից փողոցներով, իսկ երթեւեկող մեքենաները ստուգման էին ենթարկվում: Մինչեւ երեկո կաթվածահար էր եղել մայրաքաղաքի կենտրոնական հատվածի երթեւեկությունը, իսկ մարդիկ վախի ու սարսափի մեջ էին: Մյասնիկյան պողոտայում ձերբակալված բանդան փորձել է զինված դիմադրություն ցուցաբերել ոստիկանների նկատմամբ: Ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ էլ մեկնել էին այլ հասցեներով, քանի որ օպերատիվ տեղեկությունների համաձայն` հանցագործները մի քանի բնակարաններ էին վարձակալել` տարբեր հասցեներում: Օպերացիայի մեջ ներգրավված էր նաեւ Ոստիկանության կինոլոգիական ստորաբաժանումը` հատուկ վարժեցված շներով: Ավազակախմբի վնասազերծման ժամանակ մահացել էր 49 տարեկան մի տղամարդ, որը կրկնահանցագործ էր եւ նույնիսկ դատապարտված է եղել բանդիտիզմ հոդվածով: Ավելի ուշ հայտնի դարձավ մահացածի ինքնությունը` Գուրգեն Հայրապետյան, որի մականունը «Եթում» է: Ռուսաստանում կատարած ավազակային հարձակման ժամանակ Գ. Հայրապետյանը դատապարտված է եղել 9 տարվա ազատազրկման, բայց պատիժը կրել է ՀՀ-ում: Վերջինս 2010թ. վաղաժամկետ պայմանականով ազատ էր արձակվել Էրեբունի քրեակատարողական հիմնարկից: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսիկ Նազարյանը երեկ նշել էր, որ ձերբակալվածները երիտասարդներ են, իսկ ավազակային հարձակում կատարող այդ խմբի ղեկավարը` Գ. Հայրապետյանը, մահացել է Մյասնիկյան պողոտայի ժայռը մագլցելու միջոցով փախուստի դիմելու ժամանակ: «Երբ մեքենան ջարդվել է, եւ չեն կարողացել մեքենայով փախչել, փախուստի դիմածներից երեքին մեր ջոկատայինները բռնել են: Մեկը (Գ. Հայրապետյանը) չի հասցրել փախչել, ընկել է ներքեւ ու մահացել է»: Երեկոյան կողմ տեղեկատվություն տարածվեց, ըստ որի` վնասազերծված ավազակային խմբի մասնակից եւս 9 կասկածյալ է ձերբակալվել, որոնց թվում է նախկինում դատապարտված «Ցուլ» մականունով մեկը: Ավելի ուշ պարզվեց, որ բանդայի վարձակալած բնակարաններում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ոչ միայն մեծաքանակ զենք-զինամթերք, այլեւ` խոշոր չափի թմրանյութ:

Երեկ օրվա ընթացքում նշվում էր, թե վնասազերծված ավազակախումբը հենց այն հանցավոր կազմակերպությունն է, որը վերջին ամիսների ընթացքում մի քանի ավազակային հարձակումներ է գործել պաշտոնյաների ու գործարարների առանձնատների վրա: Դեպքից ժամեր անց լուրեր տարածվեցին, թե հանցավոր ավազակախմբի մեջ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ կան: Ըստ ինտերնետային կայքերի հրապարակումների` ձերբակալվածների մեջ են եղել Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդին, Պաշտպանության նախարարության քննչական վարչության բարձրաստիճան մի քննիչի որդի, ինչպես նաեւ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանի որդին: Տ. Սահակյանն անմիջապես հերքեց որդու մասնակցությունն այս հանցավոր խմբի մեջ: «Առավոտվանից արդեն գլուխս ուռել է, էնքան ասացին: Իմ տղան ծառայության մեջ է, հենց հիմա գտնվում է ծառայության վայրում: Քանաքեռի զորամասում է ծառայում, գործուղված է ՊՆ քննչական վարչություն»,- ասել է նա` ավելացնելով, որ Վերաքննիչ դատարանում կա նաեւ քրեական գործերով մեկ այլ դատավոր` Տիգրան Սահակյան անունով, որի հե՞տ են գուցե իրեն շփոթել: Ավելի ուշ իր որդու մեղսակցության մասին տարածվող լուրերը հերքեց նաեւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը:

ԶԼՄ-ներում երեկ նշվում էր նաեւ ՀՀ Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի որդու հնարավոր ձերբակալության մասին: Ավելի ուշ Վարդանյանի մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանը հերքել է նախարարի որդու հետ կապված կասկածները` ասելով, որ նա սովորականի պես երեկ առավոտյան գնացել է աշխատանքի, իսկ երեկոյան էլ աշխատանքից տուն է վերադարձել: Երեւան քաղաքի վարչության պետ Ն. Նազարյանը պատասխանելով լրագրողների հարցերին` հորդորել է չշահարկել պաշտոնյաների անունները, բայց միանշանակ չի էլ հերքել տարածված տեղեկությունները: «Նախնական ինֆորմացիաներ են: Կոնկրետ որեւէ բան չկա, պետք չի շահարկել նման անուններ, քննության ընթացքում կպարզվի ամեն ինչ, եւ էսօր էդ գործի շահը պահանջում է ավելորդ մեկնաբանություններ չանել, դեռ պաշտոնական ոչ մի բան չկա, միայն նա, որ վերցվել է ավազակային խումբ, որոնք կասկածվում են շատ ավազակային հարձակումների մեջ, ինչպես նաեւ` վերջին խոշոր հանցագործությունների»,- նշել է Ն. Նազարյանը, ում խոսքերից ենթադրվում է, որ խոսքը հենց այն ավազակախմբի մասին է, որը կապ ունի բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում վերջին շրջանի աղմկահարույց ավազակային հարձակումների հետ: Երեկ ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանը եւս հերքել էր իր որդու ներգրավվածությունը բանդայի մեջ: Ավելի ուշ, սակայն, ՀՀ Գլխավոր դատախազությունից տեղեկացրեցին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի որդին, ի թիվս այլ անձանց, բերման է ենթարկվել` Երեւանի պետական համալսարանի մոտակայքից մի շարք մեքենաների պատկանելությունը ճշտելու ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում: «Մի քանի անձինք են բերման ենթարկվել այդ կապակցությամբ: Իրենց տեսել են մի մեքենայի մոտ, որը կասկածվում է, թե օգտագործվել է այդ անձանց կողմից»,- երեկ ասել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը` ավելացնելով, որ ՀՔԾ պետի տեղակալի որդին առայժմ գտնվում է Ոստիկանությունում: Երեկ լուրեր էին շրջում, թե ՀՔԾ պետի տեղակալի որդին, այնուամենայնիվ, հեռախոսային կապի մեջ է եղել հանցախմբի անդամներից ոմանց հետ:

Կայուն, զինված ավազակային խումբ

Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խորհրդակցության ժամանակ արձանագրել էր, որ Երեւանում կազմակերպված հանցախումբ է գործում: Ա. Հովսեփյանը հրահանգել էր միավորել մայրաքաղաքում կատարված ավազակային հարձակման 5 դեպքերի առնչությամբ քրեական գործերը եւ համատեղ նախաքննություն իրականացնել` քննությունը հանձնարարելով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: Օգոստոսի 23-ին Գլխավոր դատախազի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել էին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա եւ Ավան-Նոր Նորք վարչական շրջաններում տեղի ունեցած ավազակային հարձակումների դեպքերը, որոնցում միեւնույն ձեռագիրն է նկատվել: Հարձակումները կատարվել էին վաղ առավոտյան` ժամը 04:30-6:00-ի սահմաններում: Հանցագործների թիվը եղել է 4-5 մարդ, սեւ հագուստներով, սեւ դիմակներով եւ ձեռնոցներով, զինված հրազենով, ովքեր բռնության գործադրմամբ հափշտակել էին առանձնապես խոշոր չափերի գումար: «Քրեական գործերի վերլուծությունը վկայում է, որ մայրաքաղաքում գործում է կայուն, զինված ավազակային խումբ, որի բացահայտումը պետք է լինի քննության առաջնային նպատակը»,- ասել էր Ա. Հովսեփյանը` ցուցում տալով հարուցված քրեական գործերը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածով (Ավազակային հարձակում):

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը օգոստոսի 25-ին պատասխանելով լրագրողների հարցերին` ավազակային այդ հարձակումները որակել էր որպես բանդիտիզմ. «Նրանք այնպիսի հմտություն են դրսեւորել, որ ենթադրելի է` նախկին հատուկ խմբավորումների, ինչո՞ւ չէ` նաեւ հենց ոստիկանական համակարգում աշխատած անձինք են, ովքեր ծանոթ են հանցագործի ձեռագրին եւ փորձում են բացառել ամեն տեսակի սխալները, որոնք շատ հաճախ հանցագործները թույլ են տալիս դեպքի վայրում»: Վերջերս խմբի կողմից թալանվել էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տունը: Հանցագործները ծեծի էին ենթարկել նրան, կնոջը եւ դստերը ու զենքի սպառնալիքով հափշտակել գումար, ոսկյա զարդեր եւ արժեքավոր 6 նկարներ: Այս տարվա հունիսին դիմակավորված անձինք ավազակային հարձակում էին գործել «Լինսի» հիմնադրամի «Ճանապարհային շինարարություն» ծրագրի գրասենյակի նախկին տնօրեն Էդվարդ Բեզոյանի տան վրա: Նմանօրինակ հարձակում կատարվել էր նաեւ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, «Կադաստրի պետական կոմիտեի» պաշտոնյա Աղվան Գրիգորյանի տան վրա:

Պաշտոնատար անձանց որդիներ չկա՞ն

Օպերատիվ տվյալների համաձայն` հանցավոր խումբը ծրագրում էր իրականացնել նոր հանցագործություն, ինչը ձախողվել է: Ավելի ուշ, Ոստիկանությունը տարածեց պաշտոնական հետեւյալ հաղորդագրությունը, որով նաեւ հերքել է պաշտոնյաների որդիների ձերբակալությունները: Ըստ հաղորդագրության` վնասազերծվել է հանցավոր կայուն մի խումբ, որը կասկածվում է մայրաքաղաքում իրականացված ծանր հանցագործություններ կատարելու մեջ: «Հայտնաբերվել եւ առգրավվել է մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք, հանցագործության գործիքներ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: Բերման է ենթարկվել 13 անձ: Ոստիկաններին դիմադրություն ցույց տված եւ փախուստի դիմած անձանցից մեկը մահացել է: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տվյալ անձի ինքնությունը: Կատարվում է նախաքննություն` պարզելու բերման ենթարկված անձանց մեղսակցությունն ու դերակատարության աստիճանը մայրաքաղաքում տեղի ունեցած ծանր հանցագործություններին: Ինտերնետային լրատվամիջոցների հրապարակումները, թե որպես հանցավոր խմբի անդամ բերման ենթարկվածների թվում են տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց որդիներ` իրականությանը չի համապատասխանում»: