«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը նոյեմբերի 20-ին Ապարանի քաղաքապետի ընտրություններում պայքարելու է ինքն իր դեմ: Քաղաքապետի երկու թեկնածուներն էլ «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունից են` գործող քաղաքապետ, հայրենակցական միության փոխնախագահ Ռազմիկ Պետրոսյանն ու նույն կառույցի վարչության անդամ Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Ապարանում ընտրություններ պետք է լինեին հոկտեմբերի 23-ին, սակայն թեկնածուները (երրորդ թեկնածուն նույնպես այդ միության անդամ էր)` ստեղծված խայտառակ իրավիճակից ելք գտնելու համար ինքնաբացարկ հայտնեցին: Սակայն բանակցությունները ձախողվեցին, Ռ. Պետրոսյանը հրաժարվեց հանել իր թեկնածությունը: Ապարանցիները խոստանում են, որ նոյեմբերի 20-ին իրենք երեւանաբնակ ապարանցիներին ցույց կտան, թե որն է իսկական ապարանցու թասիբը, եւ որ նրանց չի հաջողվի իրենց «դրածո» թեկնածուին կարգել Ապարանի քաղաքապետ:
Ապարանի ԵԿՄ կառույցի նախագահ Արայիկ Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նոյեմբերի 3-ին Ապարան էր գնացել «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ժողովրդին ասել է, որ իր թեկնածուն Գոռ Աբրահամյանն է: Դրանից, ըստ Ա. Հակոբյանի, ապարանցիներն ըմբոստացել են ու պատրաստվում են Ա. Հովսեփյանին ապացուցել, որ ինքն ապարանցիներին չի կարող ուժով զրկել իր ձայնի իրավունքից: «Ժողովուրդը դիմեց Ա. Հովսեփյանին` պահանջելով չխառնվել իրենց ընտրություններին, ասելով` թող ժողովրդավարական ընտրություններ լինեն, ով կանցնի, նա էլ թող լինի քաղաքապետ: Այսօր Ապարանում աղջամուղջ է նստել, մարդկանց են ազատում աշխատանքից, վախեցնում են, մյուսին էլ ազատում են կալանավայրից, ինչ է` օգնի, որ իրենց թեկնածուն անցնի: Այսօր քաոսային վիճակ է մեզ մոտ,- ասում է ԵԿՄ կառույցի ղեկավարը։ -Ժողովուրդն իր գործող քաղաքապետին է ուզում, նա Արցախյան հերոս է, իսկ Ա. Հովսեփյանը չի համաձայնում»: Ա. Հակոբյանի հավաստմամբ, Ա. Հովսեփյանին դուր չի գալիս Ռ. Պետրոսյանի անհնազանդությունը, քանի որ նա բազմաթիվ անգամներ չի ենթարկվել իր որոշումներին: Բացի այդ, ապարանցիները չեն հասկանում, թե ինչու է «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը, որը քաղաքական կառույց չէ, ակտիվորեն մասնակցում քաղաքական տարբեր միջոցառումներին. «Նիգ-Ապարանն» ի՞նչ ունի կորցրած Ղափանում, Արթիկում, որ այնտեղ էլ է թեկնածու առաջադրում: Ղափանում մի հատ ապարանցի չկա: Ի՞նչ անենք` շատ էլ, որ Ա. Հովսեփյանին դատախազ են նշանակել, որտեղ ուզի պետք է ձեռքերը դնի վրան, իրեն հզորացնի՞: Դրա համար է ժողովուրդն ըմբոստանում: Դատախազն ի՞նչ իրավունք ունի` Ապարանի տեղը չիմանալով, քաղաքական կադրերի լիդեր դառնա, ում ուզում է ազատում-նշանակում է Ապարանում: Ջարդ է գնում մեզ մոտ: Եթե իր թիմից չի` ազատում է: Ռազմիկ Պետրոսյանը սկզբունքային մարդ է, դրա համար էլ նրան դեմ է: Դավիթաշենում թաղապետի թեկնածու են դնում, ասում են` Ապարանում ինչքան մարդ կա, պիտի գա ու աջակցի, որ այդ մարդն անցնի թե՛ ֆինանսապես, թե՛ ուրիշ ձեւերով: Ռ. Պետրոսյանն էլ դեմ է նման բաներին, չի մասնակցում: Իրենք էլ ասում են` եթե չես մասնակցում, ուրեմն դեմ ես մեզ: Դրա համար էլ էդ մարդուն ճնշում են»,- հայտարարեց Ա. Հակոբյանը` վստահեցնելով, որ այսօր Ապարանի 700 կամավորականներ իրենց թասիբը փրկելու համար դուրս են եկել «Նիգ-Ապարանի» դեմ:
Երեկ Ապարանի թիվ 2 դպրոցի ցուրտ դահլիճում Ա. Հովսեփյանի թեկնածու Գոռ Աբրահամյանի հերթական քարոզչությունն էր, որին մասնակցում էին նաեւ «Նիգ-Ապարանի» նախագահ Վրեժ Մարկոսյանն ու միության մեկ այլ անդամ, Երեւանի Դանիել Վարուժանի դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանը: Վերջինիս ելույթը «կռված տղերքի» դեմ էր եւ ուղղված էր կոնկրետ Ռ. Պետրոսյանին. «Մենք` մանկավարժներս ենք մեղավոր, որ վեր կենանք, մի հատ խփենք բերաններին, ասենք` առեք, կանգնեք ու այս օրենքն ընդունեք, նման բան չի լինի: Գնացել` կռվել եք, լավ եք արել: Շատ լավ տղերք եք, բայց… չեմ ասում` լավ տղերքի ժամանակներն անցել են, ուղղակի չի կարելի մեր վզին փաթաթել կռված տղերքին: Մտավորականի ժամանակն է,- ասաց նա` հորդորելով,- դուք` մանկավարժներդ, պիտի քարոզեք, մենք չպետք է գանք Երեւանից, ամո՛թ է: Երեւանցին չպիտի գա ու ձեզ ասի` այնպես արեք` այն մարդն անցնի, որ ձեր տունը շենացնի: Դուք պետք է քարոզեք ձեր հարեւաններին, բարեկամներին»: Հետո թվարկեց, թե բացի տեխնիկումի դիպլոմ ունենալուց ուրիշ ինչ «առավելություններ» պետք է ունենա քաղաքապետը. «Պետք է կողով ապարանցի լինի, բարեկիրթ, համարձակ, ինչ-որ տեղ էլ սեղանին խփելու կարողություն պիտի ունենա, որ երեւաններից կարողանա պոկի-բերի, օտարերկրյա գրանտներ շահի-բերի»: Իսկ «Նիգ-Ապարանի» կշիռն ու ուժը ցույց տալու համար տիկին Պետրոսյանը հայտարարեց, թե այսօր շատ քաղաքական ուժեր իրենց հայտարարություններին լուրջ տեսք տալու համար իրենց «խնդրում են ստորագրել դրանց տակ, որ ժողովուրդն իմանա` մենք էլ ենք պաշտպանում: Ասում են` ստորագրեք, բայց մի եկեք, մենակ ձեր ստորագրությունը լինի: Այսօր շատերն են երազում ապարանցի լինել: Այնքան են երազում, որ քիչ է մնում ասեն` իմ պապու պապի պապն ապարանցու է բռնաբարել, մենակ թե` մի կերպ գենը կապի ապարանցու հետ»: Չնայած սրան, տիկին Օֆելյան ամաչում է Ապարանի անշուք տեսքի համար. «Երեւանից տարբեր պաշտոնյաներ հետեւներից գցած բերում են Ապարան` ամաչում եմ, ասում եմ, կասեն` էս չի՞ սրանց Ապարանը»: Քաղաքապետ Ռ. Պետրոսյանն այս առնչությամբ ասաց. «Ծիծաղելի է: Եթե իմ որեւէ հայրենակից իրեն վատ է զգում ու այս տարիների ընթացքում գոնե չի փորձել ինձ աջակցել, ու Ապարանը հիշում է միայն ընտրությունների ժամանակ, դրանով Ապարանի վիճակը չի փոխվի: Եթե փորձում են անձով լուծել խնդիրները, ուրեմն նպատակը քաղաքական է»: «Նիգ-Ապարանի» նախագահ Վրեժ Մարկոսյանին խնդրեցինք պարզաբանել, թե ինչու իրենց չհաջողվեց միությունից մեկ թեկնածուով դուրս գալ ընտրապայքարի: «Լուծում չկարողացանք գտնել: Գոռ Աբրահամյանը գիտելիքներով ավելի հարուստ, ընդունակ, կարող մարդ է: Ռազմիկը մեծ լումա ունի Հայրենիքում, բայց, ցավոք, որպես քաղաքապետ նա լավ կազմակերպիչ չէ»,- ասաց նա: Ժողովրդի դժգոհություններին ի պատասխան, թե իրենք թույլ չեն տալու, որ Երեւանից պաշտոնյաներն ու օլիգարխները գան իրենց ուղղորդեն, նա ասաց. «Այս քաղաք ո՛չ պաշտոնյա է եկել, ո՛չ էլ օլիգարխ: Նման բան չի եղել, չի էլ լինի: Ուղղակի «Նիգ-Ապարանն» ուզում է Ապարանը մի քիչ ժամանակակից տեսնել, այս կեղտը վերանա այս քաղաքից: Շարժվում ես, ամեն ծառի տակ քսան տարվա տերեւ է թափված»: Իսկ մեր հարցին, թե ինչո՞ւ են նոր նկատում 20 տարվա թափված տերեեւները, Վ. Մարկոսյանը պատասխանեց. «Չի ուզեցել անի: Ասել է` կանեմ-կանեմ, բայց չի արել»: Գոռ Աբրահամյանն ուսուցիչներին ասաց, որ ինքը լավ ապահովված աշխատանք ունի, քաղաքապետի աշխատավարձից բարձր աշխատավարձով, բայց ստիպված այն թողնում է, որովհետեւ չի կարող անտարբեր մնալ իր «հայրենի օրրանի» չլուծվող խնդիրների նկատմամբ: «Իմ ծրագրում նման խոստումներ եմ տվել, որովհետեւ «Նիգ-Ապարանի» նման թեւութիկունք ունեմ»,- իր ելույթում հայտարարեց նա: Մեր հարցին, թե ապարանցիները պնդում են, որ ինքը ստիպողաբար է հրաժարվում իր բարձր աշխատավարձից, Գ. Աբրահամյանը պատասխանեց. «Ճիշտ չէ, ինձ չեն ստիպել, ես կամովին եմ եկել»: Վերջինիս խոսքերով, Ռ. Պետրոսյանն է ստիպված դեմ դուրս գալիս միության որոշումներին, որովհետեւ իր «ետեւում դրսից ուժեր կան ու խանգարում են»: Ի դեպ, Ռ. Պետրոսյանը մեզ հավաստիացրեց, որ «Նիգ-Ապարանը» դեռեւս վերջնական որոշում չի կայացրել, թե ում է պաշտպանում. «Կա անհատների որոշում»,- ասաց նա` ավելացնելով, որ իր ու իր պատվավոր նախագահի հարաբերությունները շատ լավ են: «Կարող է քաղաքական դաշտում հարցեր կան: Ես ասել եմ, որ իմ մարտական ընկերների դեմ դուրս չեմ գալու»,- ասաց նա` ակնարկելով Դավիթաշենի թաղապետի ընտրությունները, որի ժամանակ ինքը չի ենթարկվել միության` Սուրիկ Ղուկասյանին սատարելու որոշմանը` պնդելով, որ Ռուբեն Գեւորգյանն իր մարտական ընկերն է:
Ապարանում մեզ մոտեցավ թոշակառու Արիստակես Էլոյանը եւ սպառնաց, թե Ապարանում պատերազմ կլինի, եթե Երեւանի ուժայինները փորձեն կեղծել իրենց ձայները. «Թող մեր գլխին թագավորներ չբերեն: Եթե ուզում են անկանխատեսելի բաներ լինեն` թող գան: Պատերա՞զմ են ուզում` պատերազմի դուրս կգանք: Մենք 20.000-անոց թուրքի բանակին ենք հետ տվել, էստեղ թուրքի ոտք չի մտել, էստեղ ոչ ոք իրավունք չունի մեր վրա թուր ճոճելու: Երեւանաբնակ ապարանցիները մեզ պետք չեն: Կորիզը այստեղ է, պետք է այստեղ մեր հետ պայմանավորվեն, այնտեղ որոշում կայացնեն: Իսկ ինչ-որ մի միություն իրավունք չունի որոշում կայացնի ու մեր քաղաքապետին փոխի: Էդ ի՞նչ բան է, էդ ովքե՞ր են դրանք: Եթե այդպես է` մենք հազարավոր ստորագրություններ կհավաքենք, կուղարկենք դեսպանատներին ու կասենք, որ այստեղ արտառոց բան է կատարվում: Ամբողջ աշխարհում խայտառակ էղանք, է՞ս ինչ բան է,- ասաց նա` ավելացնելով,- էս պրծնենք` կասենք, թե ինչ կլինի հանրաքվեի ճակատագիրն Ապարանում»: Ի դեպ, ԵԿՄ կառույցի նախագահ Արայիկ Հակոբյանն էլ էր վստահեցնում, որ հանրաքվեի ճակատագիրն Ապարանում կախված է քաղաքապետի ընտրություններից, ու եթե Ա. Հովսեփյանը փորձի իր թեկնածուին անցկացնել, ապա հանրաքվեն ապարանցիները կտապալեն:
«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը Ապարանի թիվ 2 դպրոցի ուսուցիչներին քաղաքապետի իրենց թեկնածուին ներկայացնելուց հետո դպրոցին հեռուստացույց նվիրեց: Չնայած դպրոցի տնօրեն Գագիկ Խաչատրյանը վստահեցրեց, որ նրանք երբեք «դատարկաձեռն չեն գնացել իրենց մոտ», այնուամենայնիվ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Վրեժ Մարկոսյանից հետաքրքրվեցինք` արդյոք դա ընտրակաշառք չէ՞. «Ես սա քարոզչություն չեմ համարում: Իմ ծննդավայրն է, իմ դպրոցն է, ես փոքրիկ նվեր եմ բերել, մի՞թե վատ բան եմ արել: Քարոզչություն չենք իրականացնում, եկել ենք մեր թեկնածուին ներկայացնելու: Ընդամենը: Ես եթե իմ հորեղբոր աղջկան հեռուստացույց նվիրեմ, ուրեմն կաշա՞ռք եմ տալիս: Կարծում եմ, դա կաշառք չի: Տվածս ի՞նչ է որ` մի հատ խուժան տելեվիզոր»: Հիշեցնենք, որ ՀՀ «Ընտրական օրենսգրքով» ընտրակաշառք է համարվում քարոզարշավի ընթացքում տրված դրամական, առարկայական ցանկացած նվիրատվություն, անգամ` խոստումը: Նույնիսկ, եթե այն «խուժան տելեվիզոր է»: