Տեղ-տեղ` «խիստ արժանահավատ»

20/09/2011

«Հայ ազգային կոնգրեսը «Wikileaks»-ի հրապարակումները խիստ արժանահավատ է համարում»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` մեկնաբանելով «Wikileaks»-ի հրապարակումների` ՀԱԿ-ի համար շահեկան հատվածները: Ըստ Զուրաբյանի, «Wikileaks»-ի այդ հրապարակումները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը ի սկզբանե տեղյակ է եղել ՀՀ-ում կատարված կեղծիքների մասին, սակայն` ցինիկորեն աչք է փակել այդ ամենի նկատմամբ: Սա Զուրաբյանին հիմք է տվել եզրակացնելու, որ այդպես Արեւմուտքը դավաճանում է ժողովրդավարական արժեքներին: «Աշխարհին ձեռնտու է Հայաստանում ունենալ խոցելի լեգիտիմությամբ իշխանություն, որին կկարողանա պարտադրել մեր շահերին անընդունելի լուծումներ ղարաբաղյան եւ հայ-թուրքական գործընթացներում: Նրանք պատրաստ են այդ քաղաքականությունը տանել այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը դուրս չի գալիս վերահսկողությունից»,- ասել է նա: Շրջանցելով «Wikileaks»-ի ոչ այնքան հաճելի հրապարակումները, Զուրաբյանն ասել է, թե Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մարի Յովանովիչը Լեւոն Տեր-Պետրոսյանին սկսեց հարգել հատկապես այն բանից հետո, երբ պարզ դարձավ ՀԱԿ-ի շատ դրույթների ճշմարտացիությունը: «Առաջին հերթին, դա հայ-թուրքական հարաբերությունների հարցն էր, երբ պարզվեց գործընթացի անմիջական կապը ղարաբաղյան հարցի հետ: Եվս մի քանի հանգամանքներ ստիպեցին, որ Մարի Յովանովիչը սկսի հարգել ՀԱԿ առաջնորդին»,- ասել է Զուրաբյանը: Հիշեցնենք, որ նույն «Wikileaks»-ի հրապարակումների համաձայն, Լ. Տեր-Պետրոսյանը Մ. Յովանովիչի հետ հանդիպման ժամանակ հորդորել էր ԱՄՆ իշխանություններին` քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության արագ կարգավորման եւ հայ-թուրքական մերձեցման ուղղությամբ: Այդ մասին Լ. Զուրաբյանը, բնականաբար, ոչինչ չի ասել: Փոխարենն ասել է, որ ՀԱԿ-ը Յովանովիչի հետ հակամարտություն վաստակեց այն բանից հետո, երբ հայտարարեց, որ դեմ է հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողովի ստեղծմանը: «Նման փաստը ոչ միայն կասկածի տակ կդնի պատմական իրողությունը, այլ նաեւ կպայթեցնի հայ-թուրքական գործընթացը»,- ասել է Զուրաբյանը: Հիշեցնենք, որ նույն «Wikileaks»-ի հրապարակման համաձայն, Մ. Յովանովիչը գրել էր. «ԼՏՊ-ն ասաց, որ Հայաստանը եւ Թուրքիան կարող են հեշտորեն շրջանցել պատմաբանների հանձնաժողովի հարցը` «դրա վերաբերյալ անհամաձայնություն ցուցաբերելով, այն մի կողմ դնելով, եւ առաջին հերթին այլ հարցերով զբաղվելով»: Նա նշեց, որ չնայած այն բանին, որ ցեղասպանության ճանաչումը առաջնահերթ հարց է Հայկական Սփյուռքի համար, այն առաջնահերթություն չէ Հայաստանում ապրող հայերի համար»: