«Սահմանադրական փոփոխությունները» դարձել է վերջին շրջանի մեր բառապաշարի ամենահաճախ օգտագործվող արտահայտությունը։ Ընդ որում, օգտագործողների ճնշող մեծամասնությունը չի կարդացել ոչ միայն այդ փոփոխությունները, այլ ամբողջությամբ ծանոթ չէ նաեւ գործող սահմանադրությանը։ Այս փաստն ընդունեցին նաեւ Վազգեն Մանուկյանն ու Վահան Հովհաննիսյանը, ովքեր երեկ բանավեճի էին հրավիրված «Հայելի» ակումբում։ Վահան Հովհաննիսյանը նշեց, որ դա ընդունելի է, քանի որ Սահմանադրությունն, իր հոդվածներով ու կետերով հանդերձ, բնակչության մի ստվար խմբի համար անհասկանալի կլինի, եթե անգամ կարդան։ «Մարդկանց զգալի մասը քվեարկելու է ոչ թե տեքստից ելնելով, այլ հավատալով քարոզչությանը»,- նշեց պրն Հովհաննիսյանը։ Այսինքն, որոշիչ դեր ունենալու է ոչ թե առաջարկվող փոփոխությունների լավ կամ վատ լինելը, այլ լեզվի ճարտարությունը եւ այդ ճարտար լեզուն օգտագործելու ու լսարանի ականջին հասցնելու հնարավորությունը (ասենք, օրինակ՝ հեռուստաեթերը)։ Ըստ Վ. Մանուկյանի, ոչ մի երաշխիք չկա, որ հանրաքվեն կեղծիքներով չի անցնի, ինչին Վ. Հովհաննիսյանն անդրադարձեց, որ սա ոչ թե ընտրություն է, այլ` հանրաքվե, եւ ոչ մի «պուզատի» շահագրգռված չի` մեծ փողեր ծախսելով «այո» ապահովել։ Թերեւս ճիշտ է, ըստ տրամաբանության, քարոզչությունը պետք է այդքան բուռն չլիներ, սակայն հետեւելով իրադարձություններին, տեսնում ենք, որ իշխանական քարոզչության ակտիվությունն ամենեւին էլ չի զիջում նախընտրականին։ Վ. Մանուկյանը նշեց, որ քարոզարշավն արդեն իսկ ընթանում է խախտումներով. «Եթե ես «այո» քարոզող լինեի, ինձ համար շատ դժվար էր լինելու։ Ինչպե՞ս պետք է մարդկանց համոզեի, որ փոփոխություններն իսկապես օգուտ կբերեն մեր ժողովրդին»,- ասաց նա՝ նշելով, որ դրա փոխարեն արդեն դիմում են հին մեթոդներին, մասնավորապես, հավաքում են տարբեր հիմնարկների տնօրեններին, նրանք էլ` իրենց ենթականերին, եւ հորդորում ամեն գնով կողմ քվեարկել։
Այսպիսի դեպքերը հասարակության համար նորություն չեն։ Համենայնդեպս, սա արդեն ցավագին չենք ընդունում եւ դասում ենք քարոզարշավին բնորոշ մանր-մունր միջոցառումների շարքին։
Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ կա անկողմնակալ, օբյեկտիվ վերլուծությունների պակաս։ Փոփոխություններից խոսող բոլոր անձինք, ում կարծիքը հետաքրքիր է հանրությանը՝ կամ «այո»-ի կողմնակից են, կամ «ոչ»-ի, եւ փոփոխությունները ներկայացնում են այն տեսակետից, որն իրենց ձեռնտու է։ Իհարկե, կան նաեւ ձեռնպահ դիրք զբաղեցնողներ, սակայն նրանք պասիվ են։ Իսկ հանրության չեզոք, չքաղաքականացված հատվածը, որը ոչ իշխանության կողմն է, ոչ ընդդիմության, իրոք կարիք ունի լուրջ փորձագիտական վերլուծությունների։ Այնպիսի տպավորություն է, որ կա՛մ այդպիսի անկախ, լուրջ մասնագետներ չկան, կա՛մ էլ պարզապես նրանց ամբիոն չի տրամադրվում։ Մեկը չկա, որ խոսի եւ՛ դրական, եւ՛ բացասական կողմերի մասին։ Այս բացը փորձում են լրացնել տպագիր լրատվամիջոցները, քանի որ ամենամեծ լսարանն ունեցող հեռուստաեթերն ամբողջությամբ գտնվում է հսկողության տակ։