Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովը, որին մասնակցում են ավելի քան 500 մարդ 53 երկրների հայ համայնքներից: Համաժողովը բացել է նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ համաժողովը «10 միլիոն հայերի զորության խորհուրդն ունի». «Հավատում եմ, որ Հայաստան, Արցախ, Սփյուռք միասնությունը կարող է սարեր շարժել: Ավելին` որոշ սարեր արդեն շարժվել են»,- ասել է նա: Համաժողովի անակնկալը եղել է, սակայն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ելույթը, որում նա բավական սուր շեշտադրումներով անդրադարձել է Հայաստանում առկա արատավոր երեւույթներին` կոռուպցիային եւ արտագաղթին` վերջինը որակելով` որպես «ներքին արյունահոսություն»: «Հայաստանից արտագաղթը նույն թափով շարունակվում է: Ակնկալում ենք, որ այս ահազանգն արձագանք գտնի Հայաստանի իշխանության ու հայրենաբնակ ժողովրդի զավակների մոտ: Մեր թշնամին ուզեց Հայաստանը տեսնել առանց հայության: Այսօր մենք մեր ձեռքերով ենք պարպում Հայաստանը իր ժողովրդից, իր ստեղծագործ ոգուց, իր որակից: Իսկ կոռուպցիա կոչվող հիվանդության արագ ընթացքը, այլ խոսքով` փոքրամասնության տնտեսական հղփացած վիճակը, եւ դրա դիմաց` մեր ժողովրդի կենցաղային խեղճ պայմանները անհրաժեշտ է, որ արագորեն բարեփոխության ենթարկվեն: Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ այս վատառողջ երեւույթների հանդեպ»,- ասել է Արամ Առաջինը: Նա շեշտել է, որ անհրաժեշտ է վերջ դնել «մենք եւ դուք»-ի մտայնությանը, եւ պետք է խորացնել հավաքական «Մենք»-ի գիտակցությունը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի ելույթը առանձնացել է հատկապես մյուս ելույթ ունեցողների ֆոնին, որոնք, բնականաբար, խոսել են միայն Հայաստան-Սփյուռք միասնության, հզոր ապագայի եւ էլի լիքը «գեղեցիկ բաների» մասին: Իսկ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն իր ելույթով անուղղակիորեն Արամ Առաջինին պատասխանել է, որ Եկեղեցին լավ էլ անտարբեր է նրա նշած բոլոր «վատառողջ երեւույթների» նկատմամբ: