Իշխանությունն օգնում է ՀԱԿ-ին

20/09/2011

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել «տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման եւ ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ ստեղծելու» մասին:

Ըստ պաշտոնական պարզաբանման, այդ խորհուրդը ստեղծվել է գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, այս ոլորտներում գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման, ինչպես նաեւ` դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, ծախսատար եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով: Ս. Սարգսյանի հրամանագրով հաստատվել է նաեւ խորհրդի կազմը, որի նախագահն է ՀՀ վարչապետը, եւ նախատեսված բարեփոխումների գործընթացում ընդգրկվող ոլորտների ցանկը: ՀՀ կառավարությանը հանձնարարվել է մեկամսյա ժամկետում հաստատել բարեփոխումների խորհրդի կանոնադրությունը, մինչեւ 2012թ. հունվարի 1-ը` ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի կարգավորման ազդեցության գնահատման համակարգի կատարելագործման հայեցակարգը: Առաջին հայացքից հերթական թվացող այս հրամանագիրն առնվազն մի քանի հարցեր է հարուցում: Ի՞նչ է նշանակում` «պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման եւ ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ»: Եթե ստեղծվում է մարմին, որ պետք է զբաղվի «պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների» մշակմամբ, նշանակում է` պետական կարգավորումը (խոսքն ամենայն հավանականությամբ տնտեսության պետական կարգավորման մասին է), արդյունավետ չի իրականացվում: Իսկ նման դեպքերում նորմալ երկրներում ոչ թե խորհուրդ են ստեղծում, այլ փոխում եւ պատասխանատվության են ենթարկում այն մարմիններին ու պաշտոնյաներին, որոնք այդ գործունեությունն անարդյունավետ են իրականացնում: Հայաստանում տնտեսության պետական կարգավորման գործառույթներն իրականացնում է կառավարությունը` համապատասխան նախարարությունների եւ գերատեսչությունների միջոցով: Փաստորեն, նախագահի հրամանագրով նախ արձանագրվում է, որ նրանք անարդյունավետ են աշխատում, ապա ստեղծվում է խորհուրդ, նույն կառավարության ղեկավարի գլխավորությամբ, սեփական անարդյունավետության բարձրացման միջոցառումներ մշակելու նպատակով: Համաձայնեք, որ ավելի աբսուրդ հիմնավորում դժվար է գտնել նույնիսկ գործող կառավարության կողմից ստեղծված զանազան խորհուրդների պարագայում: Նշված հրամանագրի մյուս հատվածն ավելի անհասկանալի է եւ սկզբունքորեն հակասահմանադրականության տարրեր է պարունակում: Այս խորհուրդը, փաստորեն, պետք է զբաղվի «ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումներով»: Այսինքն` խորհուրդը պետք է իրականացնի գործառույթներ, որոնցով, ՀՀ սահմանադրության համաձայն` օժտված են Ազգային ժողովն ու կառավարությունը: Իհարկե, կարող են առարկել, որ սա ընդամենն օժանդակ մարմին է լինելու, սակայն դրանից խնդրի էությունը չի փոխվում: Ընդ որում, ամենաանհեթեթն այն է, որ խորհուրդը ղեկավարելու է վարչապետը` տվյալ դեպքում` Տիգրան Սարգսյանը, ում «բարեփոխումներն» ավելի քան եռամյա գործունեության արդյունքում սահմանափակվել են երկարաշունչ ելույթներով: Մի խոսքով, նախագահի հրամանագրի մակարդակով իշխանությունն արձանագրում է, որ մի կողմից` գործադիր իշխանությունն անարդյունավետ է աշխատում, մյուս կողմից` ԱԺ-ն ունակ չէ կատարել օրենսդրական դաշտի բարեփոխումների իր գործառույթները: Համաձայնեք, որ սա արտահերթ ընտրություններ անցկացնելու ավելի լուրջ փաստարկ է, քան ՀԱԿ-ի ներկայացրած ծավալուն հիմնավորումները: