Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի օրակարգ է ներառել «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» կետը, որին նախատեսվում է անդրադառնալ ասամբլեայի լիագումար նիստում` «Համաշխարհային խաղաղության ու անվտանգության պահպանումը» թեմայով քննարկման ժամանակ: «Կովկասի» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ Ադրբեջանի կողմից արդեն երեք տարի օրակարգ ներառվող այս հարցը հերթական անգամ չի քննարկվի` կհետաձգվի: «Պատճառը գերտերություններն են, որոնք չեն ցանկանում քննարկել այս հարցը ՄԱԿ-ում»,- ասել է նա` շեշտելով, որ անհանգստանալու կարիք չկա:
«Մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ որ նմանատիպ փաստաթղթի քննարկման ժամանակ համանախագահ երկրները` Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը դեմ են արտահայտվում այդ քննարկմանը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները ոչ մի ձեւով չեն փորձել այդ ակտերն իրականացնել նույն ձեւով, ինչպես դա եղել է Կոսովոյի, Իրաքի կամ Լիբիայի հանդեպ: Այսինքն` խոսքը գնում է այն մասին, որ ՄԱԿ-ը` լինելով միջազգային կառույց, ավելի շատ դեկլարատիվ դաշտում է գործում, իսկ իրական քաղաքականությունը որոշում են կոնկրետ որոշ գերտերություններ»,- նշել է նա` ավելացնելով, որ եթե ՄԱԿ-ը անգամ քննարկի այս հարցը, ապա այն կարող է ունենալ միմիայն տեղեկատվական ու քարոզչական նշանակություն ու ազդեցություն:
Իսկ մեկ այլ քաղաքագետ` Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Ռիչարդ Կիրակոսյանը, երեկ կայացած ասուլիսում ասել է. «ՄԱԿ-ն այն կառույցներից է, որտեղ Հայաստանը շատ թույլ է: Չմոռանանք, որ ՄԱԿ-ում են բանաձեւեր ընդունվել, որտեղ առկա էր «օկուպացիա» բառը»: Ըստ նրա, Հայաստանը դասեր չի քաղել այն բանից, որ նախկինում այդ կառույցում նման բանաձեւեր են ընդունվել: Կիրակոսյանի համոզմամբ, Հայաստանը պետք է շատ ակտիվ լինի ՄԱԿ-ում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան դարձել է Անվտանգության խորհրդի անդամ: Ըստ նրա, հիմա Հայաստանի արտաքին քաղաքականության դիրքերն ավելի ուժեղ են Հայոց ցեղասպանության հարցերում, սակայն կան նաեւ բացթողումներ մյուս ուղղություններով: «ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը Հայաստանում ամենալուռ մարդն է, որովհետեւ մենք նրան ոչ տեսնում ենք խոսելուց, ոչ որեւէ այլ գործողություն կատարելուց»,- ասել է Կիրակոսյանը: