Վերհաստատել է

20/09/2011

Երեկ Հայաստան-Սփյուռք համաժողովի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է այն երեք սկզբունքները, որոնց հիման վրա ընթանում են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները. ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն: Նա նշել է նաեւ, որ բանակցային սեղանի շուրջ միջազգային հանրության եւ հայկական կողմի միատեսակ ընկալմամբ` ԼՂ ժողովրդի վերջնական կարգավիճակը կվճռի ԼՂ բնակչությունը` միջազգային պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտությամբ, ԼՂ-ն պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ, պետք է լինի անխափան կապ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ, պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ` ներառյալ խաղաղապահ գործողություն Ղարաբաղի շուրջ, փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձի իրավունք եւ տարածքների վերադարձ: Այսինքն` Է. Նալբանդյանը հերթական անգամ վերահաստատել է բանակցային գործընթացում ազատագրված տարածքների վերադարձման պատրաստակամությունը` «ձեռքի հետ» ավելացնելով, որ այդ տարրը պետք է նկատի առնի նաեւ այն, որ Արցախի որոշ տարածքներ գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ: Հետաքրքիր է «պետք է նկատի առնի» հռետորական արտահայտությունը, ինչը նշանակում է, որ պետք է, սակայն նկատի չի առնվում: