Նոր ԱՍԱԼԱ` ԱՄՆ-ո՞ւմ

20/09/2011

«Ամերիկահայերը որոշել են վերակենդանացնել ԱՍԱԼԱ-ն (Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակ) եւ այդ նպատակով հիմնել են «Ամերիկահայերի լեգեոն», որի անդամներն անցնում են զինվորական պատրաստություն»,- նման տեղեկատվություն է հրապարակել թուրքական «Սաբահ» թերթը` վկայակոչելով սեփական աղբյուրները: «ԱՄՆ-ում ստեղծված «Ամերիկահայերի լեգեոն» անվան տակ ձեւավորված կազմակերպությունն ակտիվ գործունեություն է ծավալել համացանցում, մասնավորապես` Facebook սոցիալական ցանցում: Կազմակերպությունն իր նպատակն է հռչակել պայքարել Հայաստանի բոլոր թշնամի երկրների եւ կազմակերպությունների դեմ»,- գրել է «Սաբահը»` նշելով, որ կազմակերպության նպատակներից է նաեւ պաշտպանել Միացյալ Նահանգները ներքին եւ արտաքին թշնամիներից: Վկայակոչելով սեփական հետախուզական աղբյուրները` թուրքական թերթը գրել է, որ իրենց ձեռքում հայտնվել են լուսանկարներ եւ փաստաթղթեր, որոնք ապացուցում են այն հանգամանքը, որ կազմակերպության անդամներն անցնում են հատուկ զինվորական պատրաստություն: «Մոտ 1000 անդամ ունեցող այդ կազմակերպությունում տիրում է ռազմական կարգուկանոն: Կազմակերպության անդամները Կալիֆոռնիայի տարբեր շրջաններում սովորում են կրակել ատրճանակից, հրացանից, դիպուկահար զենքից եւ ծանր զինատեսակներից: Բացի այդ, կազմակերպությունում գործում են հատուկ նշանակության թիմեր, որոնք բաղկացած են 2-5 մարդուց, եւ մարզվում են հատուկ գործողություններ, այդ թվում` մահափորձեր իրականացնելու համար»,- գրել է «Սաբահը»` ավելացնելով, որ այս կապակցությամբ պաշտոնական Անկարան պատրաստվում է հակաքայլեր իրականացնել: «Թուրքիայի ազգային անվտանգությունը վտանգող այդ կազմակերպության գործունեությունը կանխելու համար Անկարան անցել է հետախուզական եւ դիվանագիտական գրոհի: Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) սկսել է տեղեկություններ հավաքել այդ կազմակերպության գործունեության մասին: Բացի այդ, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն ամերիկացի պաշտոնյաներին զգուշացրել է այդ անօրինական զինված կազմակերպության մասին: Եվ եթե որեւէ քայլ չձեռնարկվի «Ամերիկահայերի լեգեոնի» գործունեության կասեցման դեմ, Անկարան բողոքի նոտա կհղի Վաշինգտոնին: Սպասվում է, որ այդ թեման ԱՄՆ-ում կբարձրացնի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ով Նյու Յորքում մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերին»,- գրել է «Սաբահը»: