Ազգային ժողովում երեկ կայացած ընդունելությանը Կոնգրեսի ներկայացուցիչները չեն մասնակցելու: Երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող, իշխանական պատվիրակության հետ բանակցող պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: «Դե, ավազակապետերի հետ ի՞նչ խրախճանքի կարելի է մասնակցել, ավազակապետերի հետ կարելի է բանակցել երկիրն իրենց լծից փրկելու համար»,- ասել է նա: Երկխոսության առկախված գործընթացը վերսկսելու մասին խոսելիս` Զուրաբյանը կարծիք է հայտնել, թե իշխանությունները իրենց բոլոր հնարավոր զիջումներն արդեն արել են, եւ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու քայլին չեն գնա: «Դժվար թե իշխանությունները սթափվեն եւ գնան նոր զիջումների, մինչեւ որ ժողովուրդն իր ճնշմամբ չպարտադրի նոր զիջումներ»,- ասել է նա` ավելացնելով, որ իշխանությունների` սթափ մտածելու ունակության բացակայության պատճառով երկխոսությունը երկրորդ պլան է մղվել: «Իշխանություններն իրենք են իրենց պահվածքով մերժել այդ գործիքը, եւ ժողովրդին այլ բան չի մնում, քան ընդվզել»,- հայտարարել է ՀԱԿ համակարգողը` ավելացնելով, որ երկխոսությունն այլեւս երկիրը ստեղծված վիճակից դուրս բերելու գործիք չէ: Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ, երեկ մամուլի մեկ այլ ակումբում հրավիրված ասուլիսում ՀԱԿ մեկ այլ անդամ` «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, անդրադառնալով երկխոսությանը, հայտարարել է. «Ես ողջունում եմ երկխոսությունը»: Նա նշել է, թե այսօր ՀԱԿ-ը ցանկանում է քաղաքակիրթ ձեւով փոփոխություն անել, ինչը «լավ կլիներ, որ իշխանությունները հասկանային»: «Բայց ես մտածում եմ, որ իշխանությունները դա խաղում են այնքան, ինչքան ձեռնտու է… պահի տակ քցելու են»,- հայտարարել է Սասուն Միքայելյանը: Հետաքրքիր է, որ «ավազակապետերի հետ բանակցությունների» մասին ՀԱԿ-ի ներկայացուցիչը խոսում է «քցելու են» արտահայտությամբ, որը ավելի շատ բնորոշ է այս կամ այն գործարքի վերաբերյալ հայաստանյան պատկերացումներին: Ինչեւէ: Երեկվա ասուլիսում լրագրողները Ս. Միքայելյանին հարցրել են` հնարավո՞ր է` ՀԱԿ-ը առաջիկա հանրահավաքում հայտարարի նստացույցի մասին: «Չեմ կարծում, բայց որ սենց գնա, կհայտարարի»,- պատասխանել է Ս. Միքայելյանը: Իսկ Լ. Զուրաբյանը ՀԱԿ-ի առաջիկա անելիքների մասին ասել է. «Մենք արդեն ասել ենք, որ սեպտեմբերը վճռորոշ է լինելու մեր մարտավարության հստակեցման համար: Սեպտեմբերի 23-ին մենք ամփոփելու ենք իշխանություններին տված ժամանակում նրանց կատարած քայլը, եւ քայլը արդեն մերն է լինելու: Ժողովուրդը պետք է հավաքվի արդեն որոշումներ ընդունելու համար»: