Էրեբունի համայնքի Խաղաղ Դոն 12 շենքի նկուղը ավելի քան 10 տարի ջրի մեջ է: Բնակիչները շենքը փրկելու հույսով անընդհատ դիմել են թաղապետարանի, համատիրության, ջրմուղի եւ այլ կառույցների օգնությանը, սակայն ջուրն այդպես էլ չի ցամաքել:
Բնակիչների ահազանգի հետ կապված դիմեցինք Էրեբունի համայնքի թաղապետարան: Զանգերին պատասխանող աշխատակցուհիներն անընդհատ տեղեկացնում էին, որ ոչ թաղապետն է տեղում, ոչ նրա տեղակալը, ոչ էլ համապատասխան բաժինների պետերը: Բնակարանային ֆոնդը համակարգող բաժնի մի աշխատակցուհի մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ուղղակի ասաց, որ դա իրենց պարտականությունների մեջ չի մտնում։ «Դիմեք համատիրություն»,- խորհուրդ տվեց նա:
«Արգիշտի» համատիրության նախագահ Շուշանիկ Քալանթարյանի ասելով` դա շատ ավելի լուրջ վթար է, եւ վերանորոգելն իրենց ուժերից վեր է. «Այդ շենքի կոյուղագիծն է վատ վիճակում: Մենք մի քանի անգամ օգնել ենք բնակիչներին, թեթեւ վերանորոգել ենք, բայց դա օգուտ չի տալիս: Այնտեղ այնպիսի վիճակ է, որ մեր մասնագետին զոռով ենք ուղարկում, գարշելի հոտ է գալիս»:
Շենքի տակ կեղտաջուրը մարդաբոյի է հասնում: Բնակիչները հավատացնում են, որ իրենց շենքի տակ ջրի պայթած խողովակ կա, դրա համար էլ ջուրն ընդհանրապես չի ցամաքում: «Երբ վերանորոգում են, ջուրը մի մետր իջնում է, բայց հետո նորից է լցվում»,- պատմում են նրանք: Շենքի դրսի պատերի խոնավությունից զգացվում է, որ հիմքը ջրի մեջ է: Եվ 36 բնակարան ունեցող այդ բազմահարկը կանգնած է փլուզման վտանգի առջեւ: Շենքի բնակիչները համաձայն են, որ իրենք էլ գումարներ հավաքեն ու համայնքի ղեկավարների օգնությամբ իրենց բնակարանները փրկեն փլվելուց:
«Մենք բոլորս էլ փող կտանք, բայց նորմալ մասնագետներ են պետք,- ասում է բնակիչներից մեկը: -Սա միայն իմ բնակարանը չէ, սա մի ամբողջ շենք է, միայն բնակիչներով ի զորու չենք այդպիսի հարց լուծել»:
Մեր պետական այրերն իրենց ելույթներում բազմիցս են հայտարարել, որ 10-15 տարի հետո Երեւանի բնակարանային ֆոնդն ամբողջությամբ կկանգնի քայքայման եզրին, անհրաժեշտ է բոլոր շենքերում հիմնովին վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Սակայն, երբ խոսքը է գնում կոնկրետ շենքի կտուրի կամ որեւէ կոմունալ համակարգի վերականգնման մասին, միջոցները չեն հերիքում, եւ հարցը մղվում է երկրորդական պլան: