Քաղաքացին՝ ընդդեմ թաղապետի

20/09/2011

Արաբկիր վարչական տարածքի ղեկավար (թաղապետ) Էդիկ Մուշեղյանը քաղաքացի Մարինա Պողոսյանի դեմ 5 դատական հայց է ներկայացրել:

4 հայցերից 3-ը վերաբերում էին Մ. Պողոսյանին նախկինում եւ ներկայումս պատկանող ավտոմեքենաների գույքահարկերին: Առաջին դեպքում` Մ. Պողոսյանը թեեւ իր նախկին ավտոմեքենան վաճառել էր դեռեւս 1995թ., սակայն Արաբկիրի թաղապետարանը նրանից պահանջում է վճարել այդ ավտոմեքենայի մինչեւ 2002թ. գույքահարկը, այնինչ, օրենքի համաձայն, գույքը վաճառելու դեպքում հարկը վճարելու պարտականությունը գնորդին է անցնում: Երկրորդ ավտոմեքենայի վերաբերյալ քաղաքացին ներկայացրել էր գույքահարկի վճարման անդորրագիրը եւ տեխզննման փաստաթուղթը: Ի գիտություն թաղապետ Մուշեղյանի` չվճարված գույքահարկ ունենալու դեպքում ավտոմեքենան տեխզննման փաստաթուղթ չի կարող ստանալ: Երրորդ հայցադիմումը վերաբերում էր Մ. Պողոսյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային. այս դեպքում թաղապետարանը ցանկանում էր քաղաքացուց բռնագանձել ավելի քան 1 միլիոն դրամ` պնդելով, թե նա չի վճարել 2009-2010թթ. գույքահարկը: Թեեւ քաղաքացին պարտավոր չէ այդքան տարի պահպանել վճարման կտրոնները, այնուամենայնիվ, Մ. Պողոսյանը դատարանին ներկայացրեց 2009թ. բանկային անդորրագիրը, որն ապացուցում էր տվյալ տարվա վճարումը: Կտրոնը դատարանին ներկայացնելուց հետո Արաբկիր վարչական շրջանի ներկայացուցիչը հրաժարվեց 2009թ. վերաբերող գումարային պահանջից: «Եթե ես չգտնեի այս կտրոնը, թաղապետարանը ինձ ստիպելու էր եւս մեկ անգամ 400 հազարից ավելի գումար վճարել: Ո՞ւմ գրպանն էր մտնելու այդ գումարը, Մուշեղյան Էդիկի՞: Հիմա 2010 թվականի կտրոնը չեմ կարողանում գտնել, բայց ես դա էլ եմ վճարել թաղապետարանի դրամարկղում: Այս գործով պետք է Դատախազությունը զբաղվի: Ստացվում է` եթե քաղաքացին չի պահպանել 10 տարի առաջ վճարածի կտրոնը, նրանից 2-րդ անգամ կարող են գանձել այդ գումարը, սա դրամաշորթություն է»,- ասաց Մարինա Պողոսյանը: Նա այդ հարցը հնչեցրել է նաեւ դատարանում:

Արաբկիրի թաղապետարանի 4-րդ հայցադիմումը Մարինա Պողոսյանի անշարժ գույքին է վերաբերում: Այս դեպքում Արաբկիրի վարչական շրջանը պնդում է, թե քաղաքացին չի վճարել 1998-2010թթ. գույքահարկը: Մ. Պողոսյանը կարողացել էր միայն 2005թ. վճարման անդորրագիրը գտնել: «Եթե ես 320 հազար դրամ ավտոմեքենայի եկամտահարկ եմ վճարել, տան համար տարեկան 800 կամ 1200 դրամ եկամտահարկից չէի խուսափի, ակնհայտ է, որ թաղապետարանի պահանջը ենթակա չէ բավարարման»,- դատարանում հայտարարել էր Մ. Պողոսյանը: Երեկ դատական նիստը շարունակվեց: Վարչական դատարանը հրապարակեց «Արաբկիր վարչական շրջանն ընդդեմ Մարինա Պողոսյանի» հայցերից 2-ի վճիռը: Դատարանն ամբողջությամբ մերժեց ավտոմեքենայի համար գույքահարկ պահանջելու հայցապահանջը, քանի որ Արաբկիրի վարչական շրջանը փորձում էր դեռեւս 1995թ. վաճառած ավտոմեքենայի համար մինչեւ 2002թ. գույքահարկ բռնագանձել քաղաքացուց: Երկրորդ հայցապահանջը, որ վերաբերում էր Մարինա Պողոսյանին պատկանող անշարժ գույքին, դատարանը մասնակի բավարարեց` քաղաքացուն հարկադրելով վարչական շրջանին վճարել 10 հազար 800 դրամ:

Մարինա Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բողոքարկելու է դատարանի վճիռը. «Այստեղ փողի հարց չէ, սկզբունքի հարց է: Վճարման համար կտրոն են տալիս, որի վրա, սակայն, գրված չէ, որ քաղաքացին պարտավոր է այն պահպանել տարիներ շարունակ: Թաղապետարանն էլ, օգտվելով դրանից, հայցեր է ներկայացրել իմ դեմ: Բայց ես արդեն վճարել եմ, ինչո՞ւ պետք է երկրորդ անգամ վճարեմ: Սա նշանակում է, որ թաղապետարանը մի քանի անգամ կարող է քաղաքացուց գույքահարկ գրպանել»:

Մ. Պողոսյանը համոզված է, որ ՀՀ Գլխավոր դատախազությանը պետք է հետաքրքրի, թե իր վճարումները փաստող տեղեկություններն ինչո՞ւ են անհետացել Արաբկիր վարչական շրջանի տվյալների բազայից: Ո՞Ւմ գրպան են մտնում քաղաքացիների վճարումները: Երեկ Վարչական դատարանում Մ. Պողոսյանի դեմ ներկայացված մյուս հայցապահանջների քննությունը հետաձգվեց, որպեսզի կողմերը փաստաթղթեր ներկայացնեն: Արաբկիր վարչական շրջանը պետք է ներկայացնի 2010թ. դեկտեմբեր ամսվա տվյալները, քանի որ քաղաքացին պնդում է, որ ինքը հենց այդ ժամանակահատվածում է վճարում կայացրել: Մ. Պողոսյանն էլ ստիպված պետք է լինի գտնել ավտոմեքենայի գույքահարկի զրոյացված հաշվի մասին տեղեկանքը, որն, իր պնդմամբ, ստացել է թաղապետարանից` ապահովագրական ընկերություն ներկայացնելու համար:

Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ