Բուժիչ նամակներ

20/09/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Եղեսպակ (շալֆեյ)

Եղեսպակ բժշկականի հայրենիքը Ադրիատիկ ծովի ափամերձ լեռնային ժայռոտ գոտին է, ուր այն ծովի մակարդակից բարձրանում է մինչեւ 1800 մ։ Բույսի Salvia officinalis անվանումը բաղկացած է լատիներեն Salviare`բուժել եւ officinal` դեղատուն բառերից։ Եղեսպակը ճանաչված դեղաբույս է։ Այն օգտագործել են անտիկ ժամանակներից, սակայն բույսի թարմ եւ չորացրած տերեւները մեծ կիրառում են ունեցել որպես համեմունք հատկապես արաբների մոտ. «Ինչո՞ւ մարդը մահանա, եթե նրա պարտեզում եղեսպակ է աճում»,- ասել են արաբները միջնադարում։ Եղեսպակը, դափնու տերեւը եւ կոճապղպեղը օգտագործվել են համեմունքային գինու պատրաստման համար։ Եղեսպակի ջուրը ոչ պակաս հարգի է եղել, քան վարդինը։ Մեր ժամանակներում բույսի տարբեր ենթատեսակները մշակվում են բազմաթիվ եվրոպական երկրներում եւ Ամերիկայում։

Անգլիայում թռչնի միսը պարտադիր համեմում են եղեսպակով։ Նիդեռլանդները բույսն օգտագործում են տաք կաթի հետ։ Շվեյցարական Տիրոլ քաղաքում եւ լեռնային Իտալիայում եղեսպակի տերեւը կոթունի հետ միասին եփում են խմորի մեջ, որից դուրս երեւում են երկար կոթունները, այդ պատճառով թխվածքը անվանել են «մկնիկ»։ ԱՄՆ-ում եղեսպակն օգտագործում են երշիկեղենի արտադրության մեջ, մատուցում պանիրի եւ եփած ձկնեղենի հետ։ Եղեսպակը բազմացնում են սերմերով, որոնք ցանում են վաղ գարնանը կամ ուշ աշնանը։

Հայաստանի պայմաններում եղեսպակի սածիլները դաշտ են տեղափոխում այն ժամանակ, երբ անցնում է ուշ գարնանային ցրտահարությունների վտանգը։ Հայտնի են եղեսպակի բազմաթիվ դեկորատիվ ձեւեր։ Եղեսպակի ցրտադիմացկուն տեսակներից հայտնի է Salvia sclarea-եղեսպակ մուսկատային երկամյա ենթատեսակի հայրենիքը հարավային Եվրոպան է, բույսի խոշոր թարմ տերեւները կարելի է համտեսել նաեւ ձմռանը։ Պահպանվել են 15-րդ դարի ձեռագրեր այն մասին, որ բույսն օգտագործել են գարեջրի արտադրության մեջ, իսկ սերմերի թուրմով բուժել աչքերը։

Մեր ժամանակներում եղեսպակ մուսկատայինի տերեւների եւ թանթրվենու ծաղիկների խառնուրդով համեմում են գինին, քաղցրեղենը եւ թթուները։ Բույսը հիմնականում մշակվում է եթերային յուղ ստանալու համար, այն լայնորեն կիրառվում է օծանելիքի արտադրության մեջ, իր որակով չի զիջում նարդոսին։

Եղեսպակը հայտնի է եղել հին Չինաստանի բուժարարներին։ Սակայն բույսի բուժիչ հատկությունների մասին գիտելիքները դասակարգել են Հիպոկրատն եւ Դիոսկորիդիսը։ Նրանք համարել են եղեսպակը «սրբազան» բույս, որը հատկապես կիրառել են կանացի անպտղաբերությունը բուժելու համար։ Եղեսպակի տերեւից պատրաստված թուրմը հին աշխարհում հայտնի է եղել որպես հունական թեյ։ Հունաստանում եղեսպակը համարել են արեւի, առողջության, բարեկեցության խորհրդանիշ։ Միջնադարում եղեսպակը մաս է կազմել բոլոր այն թուրմերի մեջ, որոնք համարվել են կյանքի էլիքսիր, այսինքն` ունեցել են երիտասարդացնող հատկություն։ Անգլիայում մինչ այսօր պատմում են մի մարդու մասին, ով սնվել է միայն հացով, կարագով եւ եղեսպակով, նա ապրել է մոտ 150 տարի։

Ժամանակակից բժշկությունը լայնորեն ուսումնասիրել է եղեսպակի տարբեր ենթատեսակների բուժիչ հատկությունները։ Եվ ոչ միայն հաստատել հնագույն բուժարարների մոտեցումները, այլ հայտնաբերել բազմաթիվ նոր բուժիչ հատկություններ։ Կարեւոր է իմանալ, որ գոյություն ունեցող 700 ենթատեսակներից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ, միայն իրեն բնորոշ հատկություններ։

Եղեսպակ բժշկականի ծաղիկի կառուցվածքը այնպիսին է, որ մեղուն դժվարությամբ է վերցնում դրա ծաղկահյութը։ Այդ պատճառով 1 հա եղեսպակով պատված դաշտից բերքատվությունը տատանվում է 100-650 կգ։ Եղեսպակի մեղրը մուգ ոսկեգույն կամ բաց սաթի գույն է։ Ունի հաճելի բուրմունք եւ լավ համ։ Երկար ժամանակ պահպանում է հեղուկ վիճակը։ Եղեսպակ մուսկատայինից մեղուն վերցնում է եւ ծաղկահյութը, եւ ծաղկափոշին։ Բերքատվությունը 1 հա-ից կազմում է 180-240 կգ։ Բյուրեղանում է 3-4 ամսից։ Եղեսպակ բժշկականի տերեւները պարունակում են 0,5-2,5 տոկոս եթերային յուղ, որը բաղկացած է մի շարք տերպենային միացություններից, նաեւ մանրէասպան ֆիտոնցիդներ, ալկալոիդներ, դաբաղանյութ, բուսախեժ, դառնանյութ, մի շարք օրգանական թթուներ, նիկոտինաթթու։

Եղեսպակը մեծ կիրառում ունի քիթ-կոկորդային հիվանդությունների, թարախային վերքերի, այրվածքի, ցրտահարության դեպքում։ Եղեսպակի պատրաստուկների ներքին օգտագործումը չի թույլատրվում առանց բժշկի նշանակման, դրանք կիրառվում են ցածր թթվայնության ստամոքսաբորբի, խոցի, լեղապարկի, երիկամների բորբոքման, երկարատեւ բրոնխիտի, թոքախտի, բարձր քրտնարտադրության դեպքում։

Դեղատոմսեր

Շագանակագեղձի սուր բորբոքման դեպքում. Խառնեք չորացրած վաղենակի ծաղիկը, ձիաձետի խոտը, կղմուխի արմատը, եղինջ երկտունի, եղեսպակի եւ դաղձի տերեւները (6։5։3։2։2։2)։ Հումքի 2 ճ/գ-ն 3 ժամ թրմեք 500 մլ եռջրով ջերմապահում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ, սնվելուց 20 րոպե առաջ։

Քրտնարտադրության դեմ

– Եփեք 1 ճ/գ եղեսպակի տերեւները 200 մլ եռջրով թրմեք 20 րոպե, խմեք օրը 3 անգամ` սնվելուց 1 ժամ հետո։ Օգտակար է դաշտանադադարի շրջանում։

Կամ`

– Ընդունեք 2- ական ճ/գ թարմ տերեւներից քամված հյութը օրը 3 անգամ։

Լիմֆատիկ (ավշային) գեղձերի բորբոքում. Խառնեք հավասար քանակությամբ մատիտեղ օձի (Poligonium bistorta), կղմուխի արմատները, քնախոտի, եռագույն մանուշակի, եղեսպակի խոտերը։ Հումքի 1,5 ճ/գ-ն թրմեք 30 րոպե 200 մլ եռջրում։ Քամեք։ Ընդունեք 100-ական մլ սնվելուց առաջ։

Նեւրոզի դեպքում. Խառնեք մեկական ճ/գ չորացրած եղեսպակի, առյուծագու խոտերը եւ 1 թ/գ եղերդակի արմատը։ Խառնուրդի 1 ճ/գ-ն 200 մլ սառը ջրով եփեք ջրային բաղնիքի վրա` մինչեւ եռման աստիճան, եւ եփեք եւս 15 րոպե։ Թրմեք 1 ժամ։ Քամեք, խմեք 50-ական մլ տաք վիճակում (մեղրին խառնած), օրը 3 անգամ` սնվելուց հետո։ Բուժման ժամկետը` 1 ամիս։

Քրտնամուղ միջոց` հաճախակի կրկնվող հազի դեպքում. Թրմեք 2 ճ/գ եղեսպակի չոր խոտը, 2 ատամիկ ճզմած սխտորը եւ կես կիտրոնը (կեղեւով) մեկ լիտր եռջրի մեջ։ Խմեք 100-ական մլ, 1-2 ժամը մեկ։ Պահպանեք անկողնային ռեժիմ։ Միջոցն օգտագործեք 2 օր։ Երրորդ օրը պատրաստեք հետեւյալ թուրմը – Տատրակի (Tussigalo farfara) խոտի 3 ճ/գ-ն 10 րոպե եփեք 200 մլ եռջրի մեջ, հովանալուց հետո քամեք, ավելացրեք 70-ական գրամ հեղուկ մեղր եւ կիտրոնահյութ։ Խմեք 1-2 ճ/գ, օրը 4-5 անգամ։ Շարունակեք մեկ շաբաթ։

Մազերի խնամք. Խառնեք մեկական ճ/գ չորացրած, մանրացրած վաղենակ բժշկականի ծաղիկը, եղեսպակ բժշկականի եւ երիցուկ դեղատնայինի, եղինջ երկտունի խոտերը, կեչու տերեւը, 50 մլ օղի, թրմեք 7-10 օր, քամեք։ Ավելացրեք 40 մլ երիժնակի յուղ։

Ստացված քսուքը ներմերսեք գլխամաշկին եւ մազերին, 20 րոպե անց լվացեք գոլ ջրով, օգտագործեք ձեր մազերին հարմար օճառահեղուկ։

Մազաթափության դեպքում. Խառնեք եղեսպակի եւ ծիծեռնախոտի խոտերը (1։2)։ Հումքի 3 ճ/գ-ն 40 րոպե թրմեք 400 մլ եռջրի մեջ, քամեք, գլուխը լվանալուց հետո ցայեք մազերը։

Քսուք չոր, թառամող մաշկի համար. Աղացեք կամ հարեք եղեսպակի թարմ տերեւը, խառնեք հավասար քանակությամբ խաղողի հյութի եւ մեղրի հետ։ Պահեք սառնարանում։