Մանրամասներ` ոչնչացված թռչող սարքից

17/09/2011

ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարեզ» թերթը նոր մանրամասներ է հրապարակել ԼՂ տարածքում ադրբեջանական անօդաչու թռչող սարքի խփվելու հետ կապված: Ըստ պարբերականի` անօդաչու թռչող սարքը կապ ունի ամերիկյան պաշտպանական ձեռնարկության հետ, ինչը «նոր հարցեր է բարձրացնում ԱՄՆ-ի կողմից զենքի արտահանումն արգելող օրենքի հնարավոր խախտման հետ կապված»: «Դիտելով խփված անօդաչու թռչող սարքի բեկորները, կարելի է տեսնել GPS Source Inc ֆիրման, որը գտնվում է Կոլորադո նահանգում եւ հանդիսանում է GPS սփլիթերի արտադրողը, որը եղել է թռչող սարքի վրա: GPS սփլիթերը թույլ է տալիս GPS-ի մեկ ալեհավաքով ազդակներ հաղորդել մի քանի ընդունիչների: Ավելի վաղ տեսանյութի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանադական NovAtel ընկերությունը, որը գրասենյակ ունի Թեքսասում, GPS ալեհավաքների արտադրողն է, որն օգտագործվում է թռչող սարքերի վրա»,- նշում է թերթը: