Բռնվում ես դու՝ շահում է պետությունը

17/09/2011

Հայաստանի իշխանական համակարգում ընթացող «վերափոխումները» բավական հետաքրքիր տրամաբանություն ունեն: Իսկ տրամաբանությունն այն է, որ դրանք զերծ են որեւէ տրամաբանությունից: Խոսքը մասնավորապես բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունների, ձերբակալությունների ու քրեական գործերի հարուցման մասին է: Ամենաթարմ դեպքը Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի նկատմամբ քրեական գործի հարուցումն ու ձերբակալությունն է: Ընդ որում, ներկայումս ողջ իշխանական քարոզչական մեքենան լցված է Օհանյանի չարաշահումների մասին «բացահայտումներով», պետավտոտեսուչների խոստովանություններով եւ այլն: Խնդիրն այն չէ, որ Օհանյանն ընդհանրապես կարող էր կապ չունենալ այդ չարաշահումների հետ. ավելին` գուցե այն, ինչ ներկայացվում է, ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը: Թեեւ, մեղմ ասած, դժվար է հավատալ, որ Օհանյանը կարող էր, ասենք, միայն ավտոտեսչության մեքենաների լվացման համար բյուջեից դուրս գրվող գումարներով տարեկան 500 հազար դոլար սեփական գրպանը դնել (ինչպես ներկայացվում է մամուլում), առանց համապատասխան հիերարխիայով մասնաբաժիններ հատկացնելու: Հատկապես որ, Հայաստանի իշխանական բուրգը կառուցված է ճիշտ հակառակ սկզբունքով: Խնդիրը, սակայն, տվյալ դեպքում, Մ. Օհանյանը չէ: Այս ողջ ընթացքում, երբ ոստիկանական համակարգում նման ձերբակալություններ են տեղի ունենում, երբ Երեւանում իրար հետեւից ավազակային հարձակումներ են կատարվում մեծահարուստների առանձնատների վրա, այսինքն` Ոստիկանությունը, մեղմ ասած, իր ֆունկցիաները լավ չի կատարում, Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը վերածվել է իսկական շոումենի եւ օրումեջ հեռուստաէկրաններից ընդամենը «հաթաթաներ» է տալիս «ոստիկանի խաթրին կպնողներին»: Հետաքրքիր է` բարձրագույն իշխանության, մասնավորապես` Սերժ Սարգսյանի մտքով երբեւէ անցե՞լ է, որ եթե Ոստիկանության համակարգում նման խայտառակ վիճակ է, կարող է դրանում մեղավորություն ունենալ նաեւ Ոստիկանապետը (անմեղության կանխավարկածը հաշվի առնելով): Հազիվ թե: Եթե անցած լիներ, գուցե պաշտոնանկությունների մեջ հնարավոր լիներ տրամաբանություն գտնել: Նույնը վերաբերում է մնացած բոլոր ոլորտներին, որոնցում ընտրողաբար իշխանությունը ցուցադրական «արդարություն է հաստատում»: Արդեն նախկին պաշտոնյաների նկատմամբ տարվող քարոզչությունը դրա լավագույն ապացույցն է: Ի դեպ, այս ձերբակալությունները շատ նման են հանցավոր աշխարհում տարածված այն պրակտիկային, երբ «հանուն լավ ախպոր»` որեւէ մեկն իր վրա է վերցնում մեղքը` համապատասխան փոխհատուցման դիմաց: Այսինքն` գործում է «շահում ես դու` շահում է պետությունը» սկզբունքը: Ավելի ճիշտ` իշխանությունը: