Հոկտեմբերի 20-21-ին Երեւանում կայանալու է Միջազգային եվրոպական շարժման կոնգրեսը, որին մասնակցելու է նաեւ Եվրամիության արտաքին քաղաքական ու անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը: Միջազգային եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոյի խոսքով` երկրի կայացման համար կարեւոր է երկու հանգամանք` քաղաքացիական հասարակության ներկայություն ու քաղաքական իշխանության բաց լինելը հասարակության առջեւ: «ՀՀ-ում առաջին պայմանը կա, այստեղ քաղաքացիական հասարակությունն ակտիվ է, իսկ թե որքանո՞վ են բաց իշխանությունները, ցույց կտա կոնգրեսի ընթացքը»,- ասել է նա: Նաեւ հավելել է, թե իրենց կանոնադրության համաձայն` անկախ նրանից` երկիրը ճանաչված է, թե ոչ, նրա քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպությունները կարող են մասնակցել համաժողովին: Սա, Պինտոյի խոսքով, վերաբերում է նաեւ ԼՂ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպություններին: