Երեխային կվիրահատեն

16/09/2011

«168 Ժամ» թերթի նախորդ համարում «Տվեք 180.000 դրամ եւ, պաժալուստա, իսկույն կհանեն ձեր գլանները» հրապարակման մեջ մենք անդրադարձել էինք 5-ամյա Գեւորգ Աթանիսյանին: Հիշեցնենք, որ մայրը` Շուշան Արզումանյանը, դիմել էր խմբագրություն` խնդրելով միջամտել երեխային խիստ անհրաժեշտ վիրահատության հարցում: «Կանազ» հիվանդանոցից Շ. Արզումանյանին հորդորել էին կամ սպասել մինչեւ հունվար ամիս, կամ վճարելով 180.000 դրամ` իսկույնեւեթ վիրահատությունը կատարել: Նշենք, որ, ըստ համապատասխան օրենքի եւ ՀՀ Կառավարության, ՀՀ Առողջապահության նախարարի մի շարք որոշումների` մինչեւ 7 տարեկան երեխաների բուժսպասարկումն անվճար է: Երեկ տեղեկացանք, որ ՀՀ առողջապահության նախարարի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը զրուցել է Գ. Աթանիսյանի մոր հետ: «Արդեն բոլոր հարցերի շուրջ պայմանավորվածություն կա ինչպես երեխայի ծնողների, այնպես էլ բուժհաստատության հետ»,- մեզ հետ զրույցում վստահեցրեց Շ. Հունանյանը` հավելելով, որ համաձայն պայմանավորվածության` երկուշաբթի օրը նրանց սպասելու է «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Բաբլոյանը: «Երեխային կհետազոտեն, այնուհետեւ վիրահատության օր կնշանակեն: Ձեզ վստահեցնում եմ, որ ամեն բան կարվի պատշաճ կերպով: Երեխայի ծնողների հետ խոսել եմ, եւ երկուշաբթի օրը հետազոտությունից հետո կրկին կկապվեմ` տեղեկություններ իմանալու համար»,- ասաց Շ. Հունանյանը` հավաստիացնելով, որ երեխայի վիրահատության հարցում նույնպես հետեւողական է լինելու: Մենք, այնուամենայնիվ, կսպասենք նաեւ 180.000 դրամ պահանջած բժշկի մասին տեղեկատվությանը, որի գործողությունների շուրջ ուսումնասիրություն է կատարվում: