«Տո՛, ա՛յ Գ. Թամազյան, ո՞ւր է իմ հողակտորը»,- բարկացած ասում է Աշտարակի բնակիչը

16/09/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի քաղաքապետ Գագիկ Թամազյանի` անօրինական ճանապարհով հողային յուրացումների մասին հրապարակումներ մեր թերթի նախորդ համարներում տպագրել ենք: Նաեւ խոստացել էինք շարունակաբար ներկայացնել Աշտարակի բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող, սակայն քաղաքապետի կողմից զավթված հողատարածքների մասին փաստեր: Թերեւս արժե նշել, որ 1996թ. Աշտարակի շրջխորհրդի գործադիր կոմիտեի կողմից աշտարակցիներին տրված «Հողի սեփականության իրավունքի պետական ակտերը» Գ. Թամազյանի համար առոչինչ են: Այսինքն` պետական փաստաթուղթն իր կնիքով ու ստորագրությամբ հիմնավոր տեղեկանք չէ քաղաքացու իրավունքի ճանաչման հարցում, քանի որ Գ. Թամազյանն ինքն է որոշում, թե Աշտարակի որ բնակիչն ինչ հողակտորի սեփականատեր է: Ասվածի հերթական հիմնավորումներից է Աշտարակի բնակիչ Վալերի Նանագուլյանի եւ Աշտարակի քաղաքապետ Գ. Թամազյանի հողային վեճը, որը շուտով կտեղափոխվի դատական ատյաններ: 1991թ. հողային բարեփոխումների եւ սեփականաշնորհման գործընթացի ժամանակ Վ. Նանագուլյանին հատկացվել է 2600քմ հողատարածք: Հարկ է նշել, որ Վ. Նանագուլյանին պատկանող հողակտորը գտնվում է Քասախի կիրճում, այսինքն` գետի երկու ափերին, որտեղ 2600քմ ընդհանուր մակերեսն ընդգրկում է նաեւ Քասախի փոքրիկ «կղզյակներից» մեկը: Այլ կերպ ասած` հրաշալի տեսարան եւ հարմարավետ հողակտոր, որն Աշտարակի շրջխորհրդի կոմիտեն հողային բարեփոխումների եւ սեփականաշնորհման գործընթացի ժամանակ օրինական կերպով հանձնել է Վ. Նանագուլյանին: Նշենք նաեւ, որ Քասախի երկու ափերի մերձակայքում գտնվող վարելահողերը նույն կոմիտեի որոշմամբ` հանձնվել են աշտարակցիներին: Սակայն Վ. Նանագուլյանին պատկանող հողակտորն իր «կղզյակով» ու աշխարհագրական դիրքով «յուղոտ պատառ» է Գ. Թամազյանի համար, որը կարող է աստղաբաշխական թվերով վաճառել, կամ, օրինակ` մի կարգին շինություն կառուցել: «Հիմա գիտեք, թե մարզերում ինչ վիճակ է: Այնպես ստացվեց, որ Վ. Նանագուլյանը մեկնեց Ռուսաստան աշխատելու: Վերջերս ինձ զանգահարեց, խնդրեց, որ իր հողատարածքի փաստաթղթերով զբաղվեմ, մինչեւ ինքը գա»,- ասում է Վ. Նանագուլյանի ազգականներից մեկը` Սիմոն Սիմոնյանը, ում Վ. Նանագուլյանը լիազորագիր է ուղարկել կադաստրային մարմիններին դիմելու համար: Ս. Սիմոնյանը Վ. Նանագուլյանին տրված «Հողի սեփականության իրավունքի ակտը» ներկայացնելով` դիմել է ՀՀ Կառավարությանն առընթեր Կադաստրի պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժանում: Հարկ է նշել, որ պետական ակտում արձանագրված է հետեւյալը` «Հողի սեփականատերն օգտվում է սեփականատիրոջ բոլոր իրավունքներից (վաճառքի, գրավ դնելու, փոխանակության, նվիրատվության, ժառանգելու) եւ իրավունք ունի ինքնուրույնաբար տնտեսվարել հողի վրա»: Ինչեւէ, Աշտարակի կադաստրային մարմնի նշած ժամկետը լրանալուց հետո Ս. Սիմոնյանը ստացել է Վ. Նանագուլյանին պատկանող սեփականության իրավունքի վկայականը: «Վկայականը բացում եմ ու ի՞նչ տեսնեմգ Քասախի երկու ափերին եւ կղզյակում գտնվող հողատարածքը գոյություն չունի: Այսինքն` այն, ինչ պետական ակտով տրամադրվել է Նանագուլյանին` վկայականում բացակայում է: Պարզվեց` մեզ պատկանող տարածքն ինքնակամ վերցրել են եւ սեփականության իրավունքի վկայականով տրամադրել են մի հողատարածք, որն անհայտ է, ոչ տեղը գիտենք, ոչ էլ պատկերացնում ենք, թե ուր է: Ընդ որում, 2600քմ կազմող մեր հողի փոխարեն այդ անհայտ հողակտորից 2930 են հատկացրել, իբրեւ թե լավություն են արել»,- բարկացած վկայում է Ս. Սիմոնյանը` մտահոգություն հայտնելով, որ կարող է նույնիսկ այդ հողակտորը ժայռաբեկոր է եւ մշակելու համար ոչ պիտանի: Այսինքն` քաղաքապետը որոշում է կայացրել վերցնել քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող 2600քմ կազմող Քասախի ափին գտնվող վարելահողը եւ փոխարենը նրան տրամադրել 2930քմ կազմող մի հողատարածք, որն անհայտ է, եւ սեփականատերը մինչեւ օրս պատկերացում չունի, թե որտեղ է իր սեփականությունը: Ի դեպ, հետաքրքիր է, որ Աշտարակի քաղաքային իշխանությունը Վ. Նանագուլյանին մի քանի հարյուր քմ հողատարածք էլ հավելյալ է հատկացրել, այսինքն` փորձել է «յուղոտ պատառը» խլելու համար փոխհատուցել: Հետաքրքիրն այն է, որ քաղաքացու սեփականության իրավունքի հետ կապված այս փոփոխություններն արվել են գաղտնի կերպով, քանի որ Վ. Նանագուլյանին կամ նրա լիազորված անձին Աշտարակի քաղաքապետարանից չեն տեղեկացրել այս մասին: Անդրադառնանք Ս. Սիմոնյանի` քաղաքապետ Գ. Թամազյանին ուղղված դիմումներին եւ դրանց անհեթեթ պատասխաններին, որոնք զուրկ են իրավական հիմնավորումներից: Քաղաքացին Աշտարակի քաղաքապետարան է ներկայացրել Աշտարակի շրջխորհրդի գործադիր կոմիտեի թիվ 047059 «Հողի սեփականության իրավունքի պետական ակտը» (այն մեզ մոտ է գտնվում), որտեղ 2600քմ մակերեսով հողատարածքը նշյալ կոմիտեն սեփականության իրավունքով հանձնել է Վ. Նանագուլյանին: Այս փաստաթղթի օրինակն առկա է նաեւ Աշտարակի քաղաքապետարանի արխիվային պահոցում: Հատակագծով հողակտորը բաղկացած է երեք մասից` Քասախի երկու ափերի հատվածներից եւ կղզյակից: Մի խոսքով, դիմումի համաձայն` ներկայացնելով փաստաթղթերը` Ս. Սիմոնյանը քաղաքապետ Ա. Թամազյանից պահանջել է վերականգնել հողի նկատմամբ իր սեփականության իրավունքը եւ գրանցել այն կադաստրային մարմնում: Ի պատասխան դիմումի` Գ. Թամազյանը մատնանշել է ՀՀ կառավարության մի որոշում, որը Վ. Նանագուլյանի հետ որեւէ աղերս չունի. «Ինչ վերաբերում է Ձեր կողմից հիշատակված կղզյակին եւ աջ ափում գտնվող հողատարածքին` ապա քարտեզագրման արդյունքում ՀՀ Կառավարության 07.09.2006թ. թիվ 1398-Ն որոշմամբ հանձնվել է համայնքին` համապատասխանաբար կղզին` որպես ջրային ֆոնդի հող, իսկ մյուսը` որպես գյուղ. նշանակության այլ հողատեսքի համայնքային սեփականություն: Այդ իսկ պատճառով քաղաքապետարանը վերջինիս երկու հողակտորների համար չի կարող տրամադրել իրադրության հատակագիծ, որովհետեւ ի սկզբանե այդ հողատարածքները հաշվառված չեն եղել որպես ֆիզիկական անձի սեփականություն»: Այս աբսուրդ պատասխանն առնվազն անգրագիտություն է, եթե հաշվի առնենք «Հողի սեփականության իրավունքի պետական ակտը», որտեղ փաստացի այդ հողի սեփականատեր է ճանաչվել ֆիզիկական անձ Վ. Նանագուլյանը: Իսկ հիմա անդրադառնանք Գ. Թամազյանի մատնանշած կառավարության թիվ 1398-Ն որոշմանը, որով նա փորձել է յուրացումը «սվաղել» գործադիրի որոշմամբ: Նույն այդ որոշումը պարզաբանում է` «ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին»: Այնուհետեւ այդ որոշմամբ ամրագրված է համայնքի գործառույթները պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների նկատմամբ: Այլ կերպ ասած` կառավարության որոշումը վերաբերում է քաղաքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերին, այլ ոչ թե` ֆիզիկական անձանց` սեփականություններին: Ինչպե՞ս կարող է քաղաքացու սեփականությունը համարվել պետական սեփականություն, եթե գոյություն ունեն պետական ակտեր եւ որոշումներ, հետեւաբար` պետությունը ճանաչել է քաղաքացու սեփականությունը: Այդուհանդերձ, Գ. Թամազյանն իր գործողությունները փորձել է հիմնավորել ՀՀ կառավարության մի որոշմամբ, որը ոչ միայն տվյալ դեպքում իրավական փաստարկ չէ, այլեւ` վերաբերում է միայն ՀՀ Կառավարության եւ Աշտարակի քաղաքային իշխանության լիազորություններին ու իրավահարաբերություններին: Ս. Սիմոնյանն ասում է` «Սեփականության վկայականում գրված է` հատկացված է էսքան հողամաս: Տո՛, ա՛յ Գ. Թամազյան, որտե՞ղ է էդ հողամասը, ինչո՞ւ մարդը չգիտի իր սեփականության տեղը, կամ ինչո՞ւ ես որոշել ավել հող տալ, լավությո՞ւն ես անում: Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ է նշանակում` գետի երկու ափերում եւ կղզյակում ունենալ մի հարմարավետ հողակտոր: Ի՞նչ կապ ունի կառավարության որոշումը սեփականաշնորհված հողերի հետ, եթե այնտեղ գրված է` պետական սեփականություն հանդիսացող հող»: Ստացվում է` Կառավարության որոշումը որպես պատրվակ օգտագործելով` Գ. Թամազյանը փորձել է քաղաքացուն «պատշաճ» հիմնավորում ներկայացնել, որի մեկնաբանությունը, սակայն, ինքը` քաղաքապետը, հավանաբար լավ չի կարդացել: «Ասում եմ` Գ. Թամազյան, դու կառավարության որոշումը չե՞ս հասկացել, ուրեմն` դու իրավունք չունես քաղաք ղեկավարելու: Իսկ եթե մտածված ձեւով խեղաթյուրում ես կառավարության որոշումը, ուրեմն` քեզ ավելի մեծ պատիժ է սպասվում»,- բարկացած ասում է Վ. Նանագուլյանի լիազորված անձը: Նաեւ նշենք, որ Քասախի ափերին գտնվող վարելահողը մինչ օրս տիրապետում են ֆիզիկական անձինք, այսինքն` Աշտարակի բնակիչները, որոնց այդ հողատարածքները տրվել են պետական ակտերով: Հետեւաբար, եթե անգամ Վ. Նանագուլյանին պատկանող հողատարածքը համարվել է պետական սեփականություն, ապա ինչպե՞ս է, որ հարեւանությամբ գտնվող հողերի սեփականատերերը շարքային աշտարակցիներ են: Հարկ է նաեւ նշել, որ պետությունը քաղաքացու սեփականությունը ճանաչելով համայնքային սեփականություն` պարտավոր էր նախ չեղյալ հայտարարել Վ. Նանագուլյանին պատկանող «Հողի սեփականության իրավունքի պետական ակտը», որը տրամադրել է հենց ինքը` պետությունը: Դա չի արվել: Այնպես որ` պետությունն այսօր էլ ճանաչում է Վ. Նանագուլյանի սեփականությունը` քաղաքապետ Գ. Թամազյանին հանձնարարելով ղեկավարել ոչ թե սեփականատերերի, այլ` Աշտարակի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողատարածքները: Պետությունը չի հանձնարարել Գ. Թամազյանին` Աշտարակի բնակիչներից խլել պետության տված հողերը: Գ. Թամազյանը հաստատ լավ չի հասկացել ՀՀ Կառավարության որոշումները:

Հ.Գ. Վ. Նանագուլյանը տասնյակ տարիներ պարտաճանաչ կերպով վճարել է իրեն պատկանող 2600քմ հողատարածքի հարկերը: Նա պատրաստ է ներկայացնել վճարման կտրոնները: Հետեւաբար` հարց է ծագում. եթե հողատարածքը պետական սեփականություն է, եւ որպես տիրապետող լիազորված է Աշտարակի քաղաքապետարանը, ապա ինչո՞ւ է հողահարկ վճարել Վ. Նանագուլյանը, եւ ո՞ւր են գնացել այդ գումարները: Նշենք, որ պատրաստ ենք հրապարակել նաեւ Աշտարակի քաղաքապետի հակափաստարկները, եթե այդպիսիք կգտնվեն: