Բուժիչ նամակներ

16/09/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Եգիպտացորեն
Zea Mays կամ Zea Saccharta. եգիպտացորեն, սիմինդր

Բույսը մշակվել է հնագույն ժամանակներից, այն մեծ դեր է կատարել Մեքսիկայի, իսկ Ք.ա. 15-րդ. ամերիկյան մայրցամաքի այլ շրջանների քաղաքակրթության զարգացման գործընթացում։ Մեքսիկայի եւ Գվատեմալայի առասպելներում եգիպտացորենի մշակման սկիզբը վերագրվում է գերագույն աստված Կետցալկոատլին, նա երկար ժամանակ փնտրել է մշակության համար պիտանի բույս եւ գտել այն նշված երկու երկրների սահմանագլխին։

Մեքսիկայում գտնվող երկու տարբեր քարանձավներում հայտնաբերվել են եգիպտացորենի հետքեր, որոնք 6450 եւ 4750 տարվա վաղեմության են, սակայն ապացուցված է, որ Բալսաս հովտում բույսը մշակվել է դեռեւս 8700 տարի առաջ։

Ք. Կոլումբոսը 1492թ. նոյեմբերի 5-ին արել է հետեւյալ գրառումը. «Ես տեսա ցորեն, որը կոչվում է մաիս»։ Այն ժամանակվանից եգիպտացորենը տարածվել է աշխարհով մեկ։ Այսօր այն մեծ քանակություններով մշակվում է Չինաստանում, Հնդկաստանում։ Արեւմտյան Հայաստանից բույսը հասել է Կովկաս, իսկ Բալկաններից` Բեսարաբիա։ Համաշխարհային շուկա հիմնական արտահանողը Ամերիկայի Միացյալ Նահանգներն են։ Եգիպտացորենը հացազգիների ընտանիքի բույս է։ Սերմերի ալյուրով պատրաստված լոշիկները Կենտրոնական Ամերիկայի երկրներում փոխարինում են հացին։ Արեւմտյան Վրաստանում եգիպտացորենի ալյուրից թխում են «մչադի» կոչվող հացը, Չեչնիայում` «սիսկալը», հայտնի է մամալիգա կոչվող շիլան։ Շատ ժողովուրդներ ունեն բրենդային դարձած ուտեստներ, որոնք պատրաստված են եգիպտացորենից։ Հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը Մեքսիկայում պատրաստում են գարեջուր։

Եգիպտացորենի ցողունի հյութից պատրաստում են ըմպելիքներ եւ ստանում շաքար, սերմի սաղմից ստանում են յուղ։

Եգիպտացորենը միամյա խոտաբույս է, ցողունը` սնամեջ, մինչեւ 3 մ բարձրության։ Բույսը միատուն է, մեկ կողրի վրա գտնվող սերմերի քանակը կարող է հասնել 1000-ի։ Բազմազան է սերմերի գույնը` դեղին, կարմրավուն, մանուշակագույն, կապույտ եւ նույնիսկ սեւ։ Եգիպտացորենի կալորիականությունը ցածր է` 85 կկալ 100 գ սերմում։ Սերմը պարունակում է 3,2 գ սպիտակուց, 1,2 գ ճարպ, 60 տոկոս օսլա, շաքարներ, բացի այդ` 100 գ հումքը պարունակում է 37 մգ մագնիում, 270 մգ կալիում, միկրոտարրեր` երկաթ` 0,5 մգ, մոլիբդեն, սելեն, ոսկի, վիտամիններ` B1, B2, D, E, 1,7 մգ նիկոտինաթթու, 7 մգ ասկորբինաթթու, մարդու օրգանիզմում չսինթեզվող ամինաթթուններ։

Մազմզուկները պարունակում են եթերային յուղ, ճարպ, քլորոֆիլ, դառնանյութ, գլյուկոզիդներ, ալկալոիդ, վիտամիններ, հատկապես K3, երեքական տոկոս սապոնին եւ բուսախեժ։

Եգիպտացորենի մազմզուկներն օգտագործվում են բժշկության մեջ, այն հավաքում են հասունացման շրջանում, երբ սերմերի կեղեւը դեռ չի ամրացել։

Եգիպտացորենի մշակման մնացուկներից ստանում են գլուտամինի թթու, որը նշանակում են կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների, մկանային դիստրոֆիայի, պոլիոմելիտի դեպքում։ Գլուտամինն օգտագործում են նաեւ որպես կենսաբանական սննդային հավելում. այն խթանում է օրգանիզմի ադապտացիոն ունակությունը։

Եգիպտացորենի յուղը կարգավորում է խոլեստերինի բաղադրությունն արյան մեջ, այն օգտագործվում է ուղեղի, սրտի, վերջույթների անոթների աթերոսկլերոզի բուժման համար։ Եգիպտացորենի յուղով պատրաստում են բազմաթիվ միջոցներ մաշկային հիվանդությունների բուժման համար։

Հակացուցում։ Եգիպտացորենի մազմզուկներով պատրաստուկները կարող են ավելացնել թրոմբոցիտների քանակը եւ խտացնել արյունը։

Աղերի կուտակումների, հոդերի բորբոքման եւ հոդացավերի դեպքում. Խառնեք հավասար քանակությամբ ուրցի եւ կռատուկի խոտերը, եգիպտացորենի մազմզուկը։ Հումքի 1 ճ/գ-ն 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 1 ճ/գ ցերեկը եւ երեկոյան սնվելուց 20 րոպե առաջ։ Շարունակեք 2 շաբաթ, 1 շաբաթ ընդմիջելուց հետո կրկնեք։

Գիրության դեպքում. 1 ճ/գ չոր, մանրացրած եգիպտացորենի մազմզուկի վրա ավելացրեք 200 մլ սառը ջուր, հասցրեք եռման ջերմաստիճանի, եփեք կիպ փակված վիճակում 30 րոպե, հովանալուց հետ քամեք։ Խմեք 3-ական ճ/գ սնվելուց առաջ։

Ուղեղի արյան շրջանառությունը լավացնող միջոց. Խառնեք մասուրի պտուղը, կուսածաղկի (Vinca) տերեւները, ձիաձետի խոտը, եգիպտացորենի մազմզուկը, հոռոմ-սամիթի պտուղը, դաղձի տերեւը։ Հումքի 2 ճ/գ-ն 5 ժամ թրմեք 400 մլ եռջրի մեջ տաք միջավայրում։ Քամեք։ Խմեք 60-100 մլ, օրը 3 անգամ։

Հոդատապի դեպքում. Խառնեք տուղտ դեղատնայինի արմատը, գետնամորի անտառայինի տերեւը, եգիպտացորենի մազմզուկը, կծոխուր սովորականի արմատը, կեչու տերեւը (6։5։4։3։2)։ 100 մլ ծավալով մանրացրած, չոր հումքը 12 ժամ թրմեք 1 լ եռջրում ջերմապահի մեջ։ Քամեք։ Խմեք տաք վիճակում 200-ական մլ, օրը 3 անգամ, 1-2 թ/գ մեղրով։

Լեղաքարային հիվանդության սրացման դեպքում. Կերեք եգիպտացորենի եփված սերմը մեղրի հետ (1։1)։

Խոլեցիստիտի, խոլանգիտի դեպքում. Խառնեք հավասար քանակությամբ մանրացրած անմեռուկ ավազայինի ծաղիկը, սրոհունդ խոցվածի խոտը, եգիպտացորենի մազմզուկը։ Հումքի 1 ճ/գ-ին ավելացրեք 300 մլ տաք ջուր, 20 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա։ Թրմեք 1 ժամ։ Քամեք։ Վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ։

Խոլեցիստիտի համար. Խառնեք հավասար քանակությամբ մանրացրած անմեռուկի ծաղիկը, առյուծաերախի խոտը (Antirrhinum majus), եգիպտացորենի մազմզուկը (3։2։2)։ Հումքի 2 ճ/գ-ն 2 ժամ թրմեք 400 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 4 անգամ, սնվելուց 1 ժամ հետո։

Հեպատիտի դեպքում. Խառնեք մանրացրած կաթնափուշի սերմը եւ եգիպտացորենի մազմզուկը։ Հումքի 1 ճ/գ-ին ավելացրեք 500 մլ եռջուր, դրեք թույլ կրակի վրա, եփեք այնքան, մինչեւ մնա հեղուկի կեսը, քամեք։ Ընդունեք մեկական ճ/գ, օրը 8-10 անգամ (մեկ ժամանոց ընդմիջումներով)։ Բուժման ժամկետը` 1 ամիս։ Անհրաժեշտության դեպքում կրկնեք 15-20 օր հետո։

Ցիստիտի դեպքում. Խառնեք հավասար քանակությամբ մանրացրած մատուտակի արմատը, արջախաղող սովորականի, կեչու տերեւները, եգիպտացորենի մազմզուկը։ Հումքի 3 ճ/գ.-ին ավելացրեք 500 մլ եռջուր, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, թրմեք 1 ժամ, քամեք։ Խմեք 60-70 մլ, օրը 3 անգամ, սնվելուց 30-40 րոպե առաջ։

Պանկրեատիտի դեպքում. Խառնեք 2 մաս ծիծեռնախոտը եւ մեկական մաս սամիթի սերմը, եգիպտացորենի մազմզուկը, խատուտիկի արմատը, մատիտեղ թռչնի, սրոհունդի եւ մանուշակ եռագույնի խոտերը։ Հումքի 1 ճ/գ-ին ավելացրեք 1 լ եռջուր, 15 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Քամեք։ Խմեք 200-ական մլ, օրը 3 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ գոլ վիճակում։

Պիլինգ դեմքի համար. 2 ճ/գ կիսաեփ եգիպտացորենի հատիկին ավելացրեք 20 մլ եգիպտացորենի ձեթ եւ 1 տրորած բանան։ Լավ խառնեք։ Ստացված շիլայատիպ զանգվածը քսեք դեմքին, 20 րոպեից լվացեք տաք ջրով։ Դեմքը չորացրեք փափուկ սրբիչով։

Դեմքը մաքրող միջոց. Եգիպտացորենի ալյուրին հետզհետե խառնելով ավելացրեք եռջուր այնպես, որ ստացվի շիլայանման զանգված։ Նախապես 30 րոպե թրմեք 1 ճ/գ երիցուկի ծաղիկները 300 մլ եռջրի մեջ, պահեք դեմքը թուրմի գոլորշու վրա եւ 5 րոպե անց անձեռոցիկի օգնությամբ քսեք եգիպտացորենի դիմակը դեմքին։ Պահեք 15 րոպե, լվացեք տաք, այնուհետեւ սառը ջրով։

Պոկեք եգիպտացորենի մեկ սերմիկ եւ միշտ պահեք ձեզ մոտ որպես հուռութ։ Այն կբերի ձեզ դրամ եւ հարստություն։