Հայաստանի միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի խոսքով` 13 միլիոն դրամ է հարկավոր Հայաստանին, որպեսզի համապարփակ հետազոտության միջոցով պարզ դառնա արտագաղթի ընդհանուր պատկերը: Իսկ նման հետազոտություն, ըստ նրա` չի կատարվել, ուստի խոսել ահագնացող արտագաղթի մասին` ճիշտ չէ: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նա ասել է. «Արտագաղթ եղել է, կա, միշտ էլ կլինի: Ներգաղթն էլ եղել է, կա, միշտ կլինի: Տարբեր ժամանակներ դրանց ծավալները տարբեր են, անշուշտ: Այսօր ներգաղթը ավելի քիչ է, քան թե արտագաղթը: Սա ուղղակի վիզուալ դիտարկումն եմ ասում: Բայց որ ասեմ, թե ահագնացող ծավալները` քանի որ աղբյուրները չեն նշվում, փորձում եմ մեր ձեռքի տակ եղած տեղեկությունների հետ համադրեմ այդ որակումները, տեսնեմ ինչքանո՞վ է համահունչ… մեր եղած վերլուծությունները բացարձակապես այդպիսի որակումների հիմք չեն տալիս»: Գ. Եգանյանի ներկայացմամբ, արտագաղթի վերաբերյալ Հայաստանում համընդհանուր հետազոտություններ են կատարվել երկու անգամ` երկուսն էլ միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ: Դրանցից առաջինը գնահատել է 1988-2001թթ. իրավիճակը: Հետազոտությամբ պարզվել է, որ այդ ժամանակահատվածում Հայաստանից արտագաղթել է ավելի քան 1 միլիոն մարդ: Երկրորդ հետազոտությունը գնահատել է 2001-2007թթ. իրավիճակը` արձանագրելով, որ այլ երկրներ մշտական բնակության է տեղափոխվել 150.000 Հայաստանի քաղաքացի: Իսկ 2008 թվականից մինչեւ հիմա Հայաստանից հեռացածների մասին հետազոտություն չի անցկացվել, եւ այժմ, ըստ Գ. Եգանյանի` իրենք մշակել են համապատասխան ծրագիր ու այն ներկայացրել միջազգային կազմակերպություններին` համաֆինանսավորման առաջարկով: Միգրացիոն ծառայության տվյալներով, այս տարվա առաջին կեսի ընթացքում Հայաստանից գնացել ու չի վերադարձել 67.000 մարդ: Ծառայությունը դեռեւս չի ամփոփել տարվա առաջին 8 ամիսների վիճակագրությունը, սակայն Գ. Եգանյանն ասել է, թե տարեկան արտագաղթի մասին եզրակացություններ կարելի է անել միայն տարեվերջին` հաշվի առնելով այն փաստը, որ շատերը մեկնում են արտասահման սեզոնային աշխատանքի եւ վերադառնում են տարեվերջին: Ընդհանրապես, Գագիկ Եգանյանի խոսքով, արտագաղթի ծավալների կտրուկ, հեղափոխական փոփոխություններ վերջին 3-4 տարիների ընթացքում չեն եղել: «Ոչ վաղ անցյալում` 1994թ., ուղեւորահոսքերի բացասական մնացորդը` մեկնողների թվի տարբերությունը ժամանողների թվից, 1993թ. նկատմամբ աճեց միանգամից 100.000 եւ ավելի մարդով: Այն ժամանակ շատ տեղին էր որակել` զանգվածային արտագաղթ, այս շրջանում` արտագաղթի ծավալների մեջ կտրուկ փոփոխություններ չեն եղել»,- ասել է նա` հավելելով, թե չի ուզում ասել, թե ընդհանրապես արտագաղթ չկա, բայց հեղափոխական փոփոխությունների մասին խոսելը տեղին չէ: