ԱՊՀ տարածքում նախապատրաստվում է լուրջ գրոհ սոցիալական ցանցերի վրա: Համենայնդեպս, այդ մասին են վկայում տարբեր մակարդակներով արվող հայտարարությունները: Երեկ բացահայտվել էր, որ սոցիալական ցանցերի վերահսկողությամբ կզբաղվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Իսկ այսօր Մինսկում կայացել է ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների հավաք, որտեղ կողմերը եկել են այն համոզման, որ սոցիալական ցանցերը մեծ վտանգ են ներկայացնում ծայրահեղականության եւ այլ քրեական ու վտանգավոր գաղափարների տարածման համար: Այս մասին հաղորդում է NEWSRU.com կայքը: «Դուք երեւի հիշում եք, որ Լոնդոնում տեղի ունեցած հուզումները հրահրված էին նաեւ սոցիալական ցանցերում արված հայտարարություններով: Այդ պատճառով պետք է վերահսկողություն լինի: Սակայն դա պետք է արվի բանականության շրջանակներում` հաշվի առնելով քաղաքացիների շահերը եւ ազատությունները»,- ասել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան: Նրան պաշտպանել է բելառուս գործընկերը, որն ասել է, թե այս խնդիրը պետք է լուծում ստանա ՄԱԿ-ի մակարդակով: