Թռչնի գրիպը վարակիչ հիվանդություն է: Այս գրիպի հարուցիչները վայրի եւ ջրլող թռչունները կրում են իրենց աղիներում, բայց սովորաբար իրենք չեն հիվանդանում, այլ վարակում են ընտանի թռչուններին, որոնց համար հիվանդությունը դառնում է կործանարար: Թռչնի գրիպով մարդկանց վարակման ռիսկը ցածր է, այն էլ առկա է հիմնականում նրանց շրջանում, ովքեր անմիջականորեն շփվում են վարակված թռչունների հետ: 1997թ. գրանցվել է այս հիվանդությամբ մարդու վարակման առաջին դեպքը: Թռչունների եւ մարդկանց գրիպի ախտանշանները նման են՝ հազ, ջերմություն, կոկորդի լորձաթաղանթի բորբոքում, իսկ հետո՝ սուր թոքաբորբ: Ներկայումս մարդկության համար այս վիրուսից պաշտպանող պատվաստանյութեր դեռ չկան: Այսօր աշխարհում թռչնագրիպի հետ կապված վիճակը մնում է լարված հիմնականում հարավ-ասիական երկրներում, Ռուսաստանում, Թուրքիայում, Հունաստանում եւ Ռումինիայում: Համաշխարհային առողջապահության կազմակերպության (ՀԱԿ) տվյալներով, վերջին ամիսներին թռչնագրիպից սատկել կամ ոչնչացվել է ավելի քան 150 մլն թռչուն, իսկ վարակված մարդկանց թիվն այսօրվա դրությամբ 120 է, որի կեսը մահացու է եղել: Համաշխարհային բանկը պատրաստվում է 300-500 մլն դոլար տրամադրել այն երկրներին, որոնք տուժել են վարակից: Հայաստանում ինչպես թռչունների, այնպես էլ բնակչության շրջանում թռչնագրիպի դեպքեր չեն արձանագրվել: Բայց, բնականաբար, այդ վտանգը կարող է սպառնալ նաեւ մեր հասարակությանը: ՀՀ Առողջապահության եւ Գյուղատնտեսության նախարարությունների միջեւ ձեռք է բերվել փոխտեղեկատվության համաձայնություն՝ թռչունների շրջանում թռչնագրիպի դեպքերի արձանագրման ժամանակ անհապաղ տեղեկացնել Առողջապահության նախարարությանը: Հոկտեմբերի 7-ից Գյուղատնտեսության նախարարությունն արգելել է Ռուսաստանից, Ռումինիայից, Թուրքիայից, հարավ-ասիական երկրներից` թռչնամթերքի, իսկ Իրանից՝ կենդանի թռչնի ներկրումը: Բնապահպանության նախարարության կողմից տեղեկացվել է, որ Հայաստանում առկա է 3 հիմնական կետ, որտեղ կանգ են առնում չվող ջրլող եւ ջրամերձ վայրի թռչունները: Դրանք են՝ Արփի լիճ (Վրաստանի եւ Թուրքիայի սահմանամերձ գոտիներ), Սեւանա լիճ եւ Սեւ ջուր գետ (Արմաշի տարածք): Հենց այս շրջաններն էլ համարվում են թռչնագրիպի ի հայտ գալու առավել հավանական գոտիներ: Այս հիվանդությամբ մարդկանց հնարավոր վարակվելը կանխարգելելու առնչությամբ Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանն ասաց, որ թեեւ մարդկանց համար թռչնագրիպի պատվաստանյութ չկա, այնուամենայնիվ, դեկտեմբերին ձեռք է բերվելու սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութ, որը բարձրացնելով մարդու իմունիտետը՝ կնվազեցնի թռչնագրիպով վարակվելու հավանականությունը: Առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանի խոսքերով, Հայաստան թռչնի գրիպի մուտքի հավանականությունը այժմ քիչ է, քանի որ թռչունների չուի սեզոնն անցել է:
Այս ամենի կողքին Հայաստանում առկա է մեկ այլ հիմնախնդիր՝ հասարակության անտեղյակությունը վարակին: Մի կողմից, աշխարհը տագնապած է, իսկ մյուս կողմից՝ որոշ գիտնականներ ասում են՝ «Մի վախեցեք, ճակատագիր է, լինող բանը կլինի»: Ո՞ւմ եւ ինչի՞ն հավատալ: Ամենուր կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր ցավով նշում են, որ խուսափում են օգտագործել թռչնամիս: Խանութներում եւ «գրիլանոցներում» հավատացնում են, որ այդպիսի վտանգ ընդհանրապես գոյություն չունի. «Մենք ու մեր երեխաներն ուտում ենք, չենք էլ վախենում»: Ի դեպ, հավի մսից կերակուրներ պատրաստող սննդի շատ օբյեկտների աշխատողներ նույնիսկ չգիտեն, թե այդ միսը տեղակա՞ն արտադրության է, թե՞ ոչ:
Թռչնագրիպ հարուցող վիրուսը, ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցի խոսքերով, լինում է թռչնի արյան, մսի, ձվի, արտաթորանքի մեջ, սակայն դա լավ եփելու դեպքում վերանում է եւ իրենից վտանգ չի ներկայացնում: ՀԱԿ տեղեկատվությամբ՝ վտանգը կայանում է նրանում, որ հնարավոր է, որ թռչնամսի բոլոր մասերը համաչափ չեփվեն: ՀԱԿ մասնագետները խորհուրդ են տալիս հավկիթ օգտագործելուց առաջ համոզվել դեղնուցի պնդության մեջ, թռչնամիսը կտրատելուց հետո օճառով եւ տաք ջրով մի քանի անգամ լվանալ ձեռքերը:
Ի՞նչ է կարծում արտադրողը
«Այս պարագայում արտադրողի շահերից վեր կանգնած խնդիր գոյություն ունի, այն է՝ երկրի հասարակության անվտանգությունը»,- ասում է «Մաքս Կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Արմեն Վալյանը: Նրա հավաստմամբ՝ համապատասխան բոլոր գերատեսչությունները համագործակցում են թռչնագրիպի կանխարգելման ուղղությամբ, ինչը բխում է նաեւ արտադրողի շահերից: Ա. Վալյանը գտնում է, որ հասարակությանն իրազեկելու առնչությամբ ինֆորմացիան պետք է տրամադրվի համապատասխան մասնագետների կողմից, այլ ոչ թե՝ արտադրողի: Այսօր Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայում կարանտինի ռեժիմ է սահմանված, ամեն ոք չի կարող ելումուտ անել, թռչունները գտնվում են փակ թռչնագոմերում: Այս ոլորտի տարբեր մասնագետները, տարբեր շահագրգիռ անձինք հավաստիացնում են, որ տեղական արտադրություններից եւ ոչ մեկը թռչնագրիպի վիրուսով վտանգված չէ: «Բոլոր արտադրողներս պետք է շահագրգռված լինենք մեր արտադրանքի ապահովության մեջ եւ թողնենք, որպեսզի հանրապետության համապատասխան գերատեսչությունների մասնագետները նույնպես զբաղվեն այդ խնդրով»,- ասում է Ա. Վալյանը: Ինչ վերաբերում է պահանջարկի նվազմանը, ապա նա նշեց, որ թեեւ խուճապն առկա է, այնուամենայնիվ, թռչնամսի եւ հավկիթների նկատմամբ պահանջարկի էական նվազում տեղի չի ունեցել:
Ես ստորագրում եմ
Օրերս խանութներից մեկում հանդիպեցի գրավոր մի հայտարարության, որով «Արաքս թռչնաֆաբրիկա» ԲԲԸ-ն ինքնապաշտպանական յուրօրինակ «ակցիա» էր կազմակերպել: Փաստաթղթում նշվում էր, որ այդ ընկերության արտադրած թռչնամիսն անցել է անասնաբուժական զննում եւ թռչնագրիպի վիրուս չի պարունակում: Անտեղյակ սպառողի մոտ տպավորություն կարող է ստեղծվել, թե Հայաստանում գոյություն ունի այլ արտադրության թռչնամիս, որը նույնպիսի զննման չի ենթարկվել եւ վտանգ է ներկայացնում: Ավելին, բոլորիս է հայտնի, թե որքան հեշտությամբ է հնարավոր նման փաստաթուղթ կազմակերպելը: Իհարկե, լինի «Արաքսը», «Լուսակերտը» թե «Արզնին», նրանք բոլորն էլ համաշխարհային այս համաճարակի դեմ իրենց քայլերն են ձեռնարկում՝ եւ՛ հասարակության անվտանգության, եւ՛ սեփական շահերից ելնելով:
Հանրապետության գլխավոր անասնաբույժ Գրիշա Բաղիյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շարունակում են պրոֆիլակտիկ միջոցառումներ ձեռնարկել համաճարակի կանխարգելման նպատակով. «Հայաստանում թռչնագրիպի վիրուս չկա եւ, իմ կարծիքով, մոտ ապագայում չի էլ լինի: Ես պատրաստ եմ այս առնչությամբ ստորագրել ցանկացած փաստաթղթի տակ»,- հավաստիացրեց ՀՀ գլխավոր անասնաբույժը: