ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Կոտայքի մարզում գտնվող «Փոքր Մհեր» կրթահամալիր, որտեղ ծանոթացել է կրթահամալիրի նորակառույց ռազմամարզական ուսումնական կենտրոնի հնարավորություններին, ինչպես նաեւ` իր նախորդ այցից հետո ուսումնական այս հաստատության պայմանների բարելավմանն ուղղված հանձնարարականների կատարման ընթացքին: Ս. Սարգսյանը դիտել է կրթահամալիրի սաների մասնակցությամբ ռազմամարզական վարժությունները, ներկա գտնվել ուսումնական այս հաստատություն նոր ընդունված սաների երդման արարողությանը, որը եզրափակվել է հանդիսավոր քայլերթով: Երկրի ղեկավարը նաեւ զրուցել է երդման արարողությանը հրավիրված կրթահամալիրի սաների ծնողների ու հարազատների հետ: