2008թ. հուլիսի 11-ին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի` Պետդեպարտամենտ ուղարկված գաղտնի հաղորդագրությունը վերաբերում է ՀՀ արտգործնախարար Էդվարադ Նալբանդյանի հետ կայացած մի հանդիպմանը: «Wikileaks» կայքում հրապարակված այդ հաղորդագրության մեջ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը գրել է.
ԱՄՓՈՓՈՒՄ. Հուլիսի 10-ին Գործերի հավատարմատարն (ԳՀ) այցելեց ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանին` վերջինիս խնդրանքով համադրելու համար Վաշինգտոնում հուլիսի 17-ին` Պետքարտուղար Ռայսի, եւ հաջորդող օրերին` այլ բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում բարձրացվելիք հարցերը: Նալբանդյանը դասական սովետական ոճով լեզվակռվի բռնվեց ԳՀ-ի հետ Հայաստանի ժողովրդավարության հետ կապված խնդիրների վերաբերյալ եւ զարմանալիորեն զուսպ էր նույնիսկ Թուրքիայի եւ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերում, որոնց վերաբերյալ Հայաստանն այս պահին համեմատաբար կառուցողական է իրեն դրսեւորում: Այնուամենայնիվ, Նալբանդյանն իր խոսքն ամփոփեց երկարաձիգ կրկնություններով Հայ-Ամերիկյան հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու իր անկեղծ ցանկության վերաբերյալ: Անգլերեն խոսելու Նալբանդյանի վճռականությունը` չնայած սահունության բացակայությանը (անգլերենն իր հինգերորդ լեզուն է), որոշ իմաստով խոչընդոտ էր հանդիսանում, քանի որ մենք ավելի արդյունավետ հանդիպումներ ենք ունեցել իր հետ հայերենով եւ ռուսերենով: ԱՄՓՈՓՄԱՆ ԱՎԱՐՏ:
ԱՅՑԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ. ԳՀ-ն եւ Քաղաքական հարցերով պատասխանատուն հանդիպեցին Նախարար Նալբանդյանի եւ ԱԳՆ Ամերիկայի վարչության պետ Արմեն Եգանյանի հետ` համադրելու համար մեր նոթերը այն հարցերի վերաբերյալ, որ կողմերից յուրաքանչյուրը կցանկանար բարձրացնել Վաշինգտոնյան այցելության ընթացքում: Բացի Պետքարտուղար Ռայսից` նշանակված են Նալբանդյանի հանդիպումները Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջեֆրիզի, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ֆրիդի, պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրայզայի, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գործադիր տնօրեն Դանիլովիչի հետ, եւ նախատեսվում են մի քանի հանդիպումներ Կապիտոլիումում: Նա նաեւ ելույթ է ունենալու Միջազգային խաղաղության Կարնեգի հիմնադրամում: Նալբանդյանը սկսեց զրույցը` խնդրելով ԳՀ-ի աջակցությունը:
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ. ԳՀ-ն սկսեց զրույցը ժողովրդավարական բարեփոխումների օրակարգից, նշելով, որ որեւէ հարց, որ Պետքարտուղարը բարձրացնելու է, չի կարող անակնկալ լինել Նալբանդյանի համար: ԳՀ-ն նաեւ նշեց, որ հուլիսի 3-ի հանդիպումը նախագահ Սարգսյանի հետ (տես` համապատասխան հեռագիրը) շատ կառուցողական էր եւ բարձր է գնահատվել: ԳՀ-ն նկատեց, որ Պետքարտուղարը կցանկանա նորից դիտարկել նույն խնդիրները, որ քննարկվել են Պետքարտուղարի օգնական Քրեյմերի` վերջերս կայացած այցելության ընթացքում: Նա հատուկ շեշտեց քաղաքական բանտարկյալների խնդիրը` որպես ամենահրատապը ժողովրդավարության օրակարգի նշանակալից մտահոգությունների շարքում: Նա ասաց, որ, օրինակ, Հայաստանի նախկին Արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի գործը լուրջ անհանգստություն է պատճառում: (Ծանոթագրություն. Արզումանյանը 2008 թ. նախկին Նախագահ եւ ընդդիմադիր առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետն էր: Այժմ նա պահվում է բանտում «պետական իշխանությունը յուրացնելու» (10-15 տարվա ազատազրկման հնարավոր պատժաժամկետով) եւ «զանգվածային անկարգություններ հրահրելու» (6-12 տարվա հնարավոր պատժաժամկետով) ծայրաստիճան կասկածելի մեղադրանքներով): Ծանոթագրության վերջ): Նալբանդյանը կառչեց ԳՀ-ի կողմից ի միջի այլոց արված դիտողությունից, որ Արզումանյանի կինը ԱՄՆ քաղաքացի է, որպեսզի երկար-բարակ տրտնջա, որ ոչ ոքի կնոջ քաղաքացիությունը չի կարող նրան օրենքից բարձր դասել, եւ պնդի, որ Արզումանյանը ստախոս մանիպուլյատոր է, որը թաքնվում է մարդու իրավունքների մասին կեղծ պնդումների թիկունքում: ԳՀ-ն նկատեց, որ Արզումանյանն ընդամենը մեկն է մի շարք հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչներից, որոնք կալանավորված են ծայրաստիճան կասկածելի մեղադրանքներով, որոնց վերաբերյալ որեւէ հստակ ապացույց չի ներկայացվել: Նալբանդյանը շարունակեց սրտխառնուքի աստիճան (ad nauseum) տարածվել իր անհամոզիչ թեմայի շուրջ, թե իբր Արզումանյանը «մարդու իրավունքների» քողի ներքո «քաղաքական մանիպուլյացիաներ» է իրականացնում: Մի պահ Նալբանդյանն ասաց, որ ինքը մասնակցություն է ունեցել 2007թ. Արզումանյանին բանտից ազատելու հարցում այն ժամանակվա նախագահ Քոչարյանին համոզելու գործում (երբ Արզումանյանը կալանավորված էր փողերի լվացման համար կասկածելի մեղադրանքով), նկատելով, որ այդ գործը Հայաստանը վատ լույսի ներքո էր ներկայացնում: Այնուամենայնիվ, Նալբանդյանն ակնարկեց, որ Արզումանյանը մեղավոր է չորոշակիացված բազմաթիվ հանցագործությունների մեջ: ԳՀ-ն մատնանշեց, որ Արզումանյանի եւ մյուս առաջատար ընդդիմադիր քաղաքական գործիչների նախնական կալանքի ժամկետը բազմիցս երկարաձգելը առանց անցկացվող հետաքննություններում առաջընթացի որեւէ նշույլի, քաղաքական հակառակորդներին պարզապես փականքի տակ դնելու տպավորություն է ստեղծում:
ԴՐԱԿԱՆ ԵՎ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ. ԳՀ-ն նշեց, որ մենք Վաշինգտոն զեկուցել ենք նաեւ որոշ դրական զարգացումների մասին, ինչպես, օրինակ, նոր վարչակազմի արձանագրած նախնական հաջողությունները հարկային եւ մաքսային համակարգերի բարեփոխումների, որոշ խնդրահարույց բարձրաստիճան պաշտոնյաների` հարգանք վայելող դեմքերով փոխարինելու, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում: Նա նշեց, որ նման քայլերը բարձրացնում են կառավարության վարկն ու վստահության աստիճանը իր իսկ հասարակության մոտ: Նալբանդյանը համաձայնեց: ԳՀ-ն ողջունեց այն հանգամանքը, որ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները վերջին մի քանի ամիսների ընթացքում ավելի լավ էին իրենց դրսեւորում ընդդիմադիր քաղաքական գործիչներին եւ տեսակետներին եթեր տրամադրելու գործում, թեեւ դեռեւս չեն իրականացվել` կառավարության վերահսկողությունը լրատվամիջոցների նկատմամբ վերացնելու ուղղությամբ անհրաժեշտ կառուցվածքային փոփոխությունները: ԳՀ-ն կոչ արեց վերականգնել ընդդիմությանը համակրող «Ա1+» հեռուստաընկերության լիցենզիան, մասնավորապես, նկատի ունենալով Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի վերջերս կայացրած վճիռը, ըստ որի` 2002թ. Հայաստանի իշխանությունների կողմից այդ լիցենզիան անպատշաճ կերպով էր չեղյալ հայտարարվել:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍԻՆ. ԳՀ-ն գովաբանեց Նախագահ Սարգսյանի նախաձեռնությունը Թուրքիայի Նախագահ Գյուլին ֆուտբոլի աշխարհի գավաթի նախընտրական խաղին հրավիրելու եւ Թուրքիայի նկատմամբ հաշտության այլ քայլերի համար: Նա նաեւ դրական շեշտադրումներով խոսեց Լեռնային Ղարաբաղի բանակցություններում նախագահի կառուցողական մոտեցման մասին: Նալբանդյանը նկատեց, որ Հայաստանը պատրաստ է «էջը շրջելու» եւ Թուրքիայի հետ իր հարաբերությունները նորմալացնելու, բայց քրթմնջաց, որ Անկարան նույնպես պետք է այդպիսի տրամադրվածություն ունենա: Նա ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է արագորեն առաջ ընթանալ, եւ դժգոհություն հայտնեց, որ Բաբաջանը պատրաստակամ չէ հանդիպել մինչեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մեկնարկը: Նալբանդյանը նկատեց, որ որպես հարեւանների` երկու Արտգործնախարարների հանդիպումները ցանկացած պահի կազմակերպելը պետք է դյուրին լինի: Նա կարծիք հայտնեց, որ ԱՄՆ-ը պետք է ավելի ուժեղ ճնշում գործադրի Թուրքական կողմի վրա: ԳՀ-ն ասաց, որ Անկարայի դեսպանատունը հայտնել է մեզ, որ Նախագահ Սարգսյանի նախաձեռնությունը դրական է ընդունվել Թուրքական պաշտոնյաների կողմից, բայց, որ Անկարայում քաղաքական հոսանքների ներկայիս հորձանուտի պատճառով Թուրքիայի կառավարությունը կարող է ի վիճակի չլինել պատասխանելու հրավերին` ընդհուպ մինչեւ սեպտեմբերյան իրադարձությունը: ԳՀ-ն ասաց, որ «նպատակը «այո» պատասխանին հասնելն է», բայց դա կարող է մի քիչ ժամանակ պահանջել: Նալբանդյանը դժգոհ փնչացրեց, որ դժվարությամբ է պատկերացնում, թե ինչպես է Թուրքական կողմը ոչ ասելու այդ հրավերին: ԳՀ-ն գովաբանեց «the Wall Street Journal Europe» թերթում նախագահ Սարգսյանի հրապարակած հոդվածը, որը կոչ էր անում նոր հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, եւ ողջունեց հոդվածը` որպես կառուցողական ժեստ Սարգսյանի կողմից: Նալբանդյանը քրթմնջաց, թե, անշուշտ, չի կարելի ակնկալել, որ նախագահը ամեն օր նման հայտարարություններ կանի-մի անտրամաբանական հետեւություն (non sequitur (լատիներեն` «այստեղից չի հետեւում»)), քանի որ որեւէ նման առաջարկ չէր արվել: ԳՀ-ն պատասխանեց, որ Նախագահ Սարգսյանի վերջերս արված ժեստերն արդեն իրենց դերը կատարել են անկեղծ երկխոսության դուռը բացելու համար, եւ հաջորդ քայլը պետք է լինի Թուրքիայի պատասխանը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. Նալբանդյանը հաստատեց, որ ԼՂ հարցը «շատ կարեւոր» է Հայաստանի համար: Նա ասաց, որ երկու նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում «որոշ դրական նշաններ» ի հայտ բերեց, բայց հանդիպումից հետո ադրբեջանցիներն ի ցույց են դնում, որ չեն շտապում: Նա ասաց, որ Մինսկի խմբի համանախագահներն ուզում էին արագորեն Արտգործնախարարների հանդիպում կազմակերպել, եւ որ, ինքը պատրաստ էր անմիջապես հանդիպել, բայց Մամեդյարովն անմատչելի էր բոլոր առաջարկված ժամկետների համար մոտակա երեք ամիսների ընթացքում: Վերջիվերջո, Մամեդյարովը, առաջարկեց հանդիպել ՄԱԿ-ի ԳԱ-ի շրջանակներում, պնդեց Նալբանդյանը, ինչն իր կարծիքով` ցուցադրում է լրջության բացակայություն Ադրբեջանի կողմից: Նա մատնանշեց, որ հոկտեմբերին Ադրբեջանում ընտրություններ են լինելու, եւ որեւէ հանդիպում մինչեւ ուշ սեպտեմբեր ՄԱԿ-ի շրջանակներում հետաձգելը գործնականում նշանակում է որեւէ իրական առաջընթացի հետաձգում մինչեւ ընտրությունների ավարտը: Նալբանդյանը նաեւ վերահաստատեց նախագահ Սարգսյանի դժգոհությունները (տես համապատասխան հեռագիրը) բանակցային գործընթացի եւ Մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ Բաքվի պաշտոնյաների հունվարյան հայտարարությունների կապակցությամբ, որոնք նա դեստրուկտիվ որակեց: Նա շեշտեց, որ պատրաստ է հանդիպել ցանկացած վայրում, ցանկացած պահի` բանակցություններն առաջ տանելու համար:
ԱՄՆ ՆՈՐ ԴԵՍՊԱՆ. Նալբանդյանը նշեց, որ սպասում է նոր դեսպանի թեկնածության հաստատմանը, եւ հիշեցրեց, որ ինքը հայտարարություններ է արել` պաշտպանելով դեսպանի թեկնածության հաստատման անհրաժեշտությունը: Նա ասաց, որ նման հայտարարություններ կանի նաեւ Վաշինգտոնյան իր հանդիպումների ընթացքում, ներառյալ` հանդիպումները Կապիտոլիումում: ԳՀ-ն ասաց, որ լավ կլինի, որ սենատորները լսեն Հայաստանի կառավարության տեսակետը դեսպանի նշանակման ցանկալիության վերաբերյալ:
ԱՅԼ ՀԱՐՑԵՐ. ԳՀ-ն նշեց մեր դժգոհությունը «թՏսՏր ԸՐՎպվՌՌ» թերթում վերջերս տպագրված խմբագրականի վերաբերյալ, որը կրկին մեղադրել է Միացյալ Նահանգներին` Հայաստանում հեղափոխություն հրահրելու մեջ, այս անգամ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հակակոռուպցիոն ծրագրի միջոցով: Սա հատկապես հիասթափեցնող էր, քանի որ համարվում է, որ այդ թերթը մոտ է կանգնած ոչ միայն կառավարությանը, այլեւ հատկապես նախագահ Սարգսյանին, եւ մեզ համար շատ մտահոգիչ կլիներ, եթե դա լիներ ուղղորդող տենդենց: Չհասկանալով վերջին նկատառումը, Նալբանդյանը պոռթկումով անցավ ընդհանրական իր տրտունջին` Հայաստանյան թերթերի ցածր որակի վերաբերյալ, բայց ասաց, որ կխոսի «թՏսՏր ԸՐՎպվՌՌ»-ի խմբագրի հետ: ԳՀ-ն նաեւ անդրադարձավ Գլխավոր դատախազի վերջերս արված էքսցենտրիկ դատողությունը (թարմացնելով այն պատգամը, որ արել էր ամիսներ առաջ), որ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ իր թիմակիցները «հիպնոսացրել» էին ամբոխին` իրենց աջակցելու համար, կիրառելով «նեւրալինգվիստական տեխնիկա»: ԳՀ-ն նկատեց, որ այս տեսությունն Արեւմուտքում ընկալվում է պարզապես որպես ցնդաբանություն եւ հարցեր է առաջացնում այն իրավական հիմնավորումների վերաբերյալ, որ Հայաստանի բարձրաստիճան իրավապահները ներկայացնում են Տեր-Պետրոսյանի աջակիցների դեմ ընթացող դատավարություններում: Նալբանդյանն այդ ամենը վերագրեց Գլխավոր դատախազի «պոետիկ խառնվածքին»: Ընդհանուր առմամբ, Նալբանդյանն ավարտեց հանդիպումը հատուկ շեշտելով իր ցանկությունը նոր թափ տալ Հայ-Ամերիկյան հարաբերություններին եւ, հատկապես, բարելավել Ամերիկայի Միացյալ Նահանգների ընկալումը հանրության կողմից: ԳՀ-ն եւ ԱԳ Նախարարը պայմանավորվեցին շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ ապագայում եւս:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ – ՉԱՓԻՑ ՇԱՏ ԲՈՂՈՔՆԵՐ. Ամենաապշեցուցիչն այս հանդիպման ընթացքում այն զարմանալիորեն թթու տոնն էր, որով Նալբանդյանը խոսում էր նույնիսկ այն թեմաների շուրջ, որոնց վերաբերյալ Հայաստանն իր համար շահեկան բաներ ունի ասելու: Հատկապես` Թուրքիայի վերաբերյալ, Նալբանդյանը պետք է հաջողությամբ միավորներ վաստակեր Սարգսյանի նոր նախաձեռնությունների համար եւ հաջողություն կանխատեսեր: Փոխարենը, թվում էր, թե նա դժկամ եւ հոռետես էր իր իսկ կառավարության ռազմավարության նկատմամբ: Նույնը վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին: Երկու դեպքում էլ նա անհամբերաբար մեղադրում էր հակառակ կողմին, նույնիսկ նախքան պարզ լինելը` արդյոք մեղավորություն կա՞ր քննադատելու համար: Ժողովրդավարության ոլորտում Հայաստանի գործողությունների նրա արդարացումները նույնքան պաշտպանողական եւ լույս չսփռող էին: Պատճառներից մեկը, թերեւս, այն էր, որ Նալբանդյանը հաճախ պետք է անգլերեն նախադասություններ կառուցելու վրա չափից շատ ուշադրություն կենտրոնացներ` բովանդակության հաշվին: Հայերենով կամ ռուսերենով դա կարող էր փոքր-ինչ ավելի լավ զրույց լինել: Ինչեւիցե, Նալբանդյանի պատասխանները ԱՄՆ-ի համար կարեւորագույն հարցերի վերաբերյալ փոխնիփոխ պաշտպանողական կամ բացահայտորեն հոռետեսական էին: Այսուհանդերձ, մենք դեռեւս չունենք այն տպավորությունը, որ Նալբանդյանը իրական դերակատար է հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցերում: Տպավորություն է ստեղծվում, որ Արտգործնախարարի տեղակալ Կիրակոսյանն այս հարցերով զեկուցում է ուղղակի նախագահին, այնպես որ, Նալբանդյանի մռայլ տեսքը կարող է վճռական գործոն չլինել Հայաստանի քաղաքական որոշումներում:
ՓԵՆԻՆԳԹՈՆ